

Գեղանուշի պոչամբարի տարածքում իրականացվում են պատվարի ամրացման աշխատանքներ: Այս մասին ԷկոԼուրին ասաց Կապանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը:
Գեղանուշի պոչամբարում իրականացվող աշխատանքների վերաբերյալ օրերս տեսանյութ էր հրապարկել «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն:
ԷկոԼուրին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնեցին, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ին պատկանող Գեղանուշի պոչամբարում ամրացման աշխատանքներ իրականացնելու գործունեության համար առկա չէ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության դրական եզրակցություն: «Ընկերությունը 2018թ. դեկտեմբերին նախնական գնահատման հայտ է ներկայացրել, առաջին փուլն անցել է: Փորձաքննության փուլում ստացել է տեխնիկական առաջադրանք: Դրանից հետո պետք է լիներ հաշվատվությունը, հետո պետք է գար հիմնական փուլ, բայց դա մուտք չի եղել: Փորձաքննության գործընթացը կիսատ է մնացել»,- ասաց ՊՈԱԿ-ի աշխատակիցը: «ԷկոԼուրի» այն դիտարկմանը, թե առանց դրական եզրակացության հնարավո՞ր է պոչամբարի տարածքում աշխատանքներ տանել, արձագանքեց. «Տրամաբանորեն՝ ոչ, բայց հստակ չեմ կարող ասել: Արձանագրենք, որ 2018թ. և դրանից հետո եզրակացություն չի ստացել»:
Գեղանուշի պոչամբարը գտնվում է Սյունիքի մարզում, այնտեղ են լցվում Կապանի լեռնահարստացման կոմբինատի պոչերը: Դեռևս 2018թ. բնապահպանական փորձաքննության էր ներկայացվել Կապանի կոմբինատի նախկին սեփականատեր «Պոլիմետալ» ընկերության պատվերով պատրաստված «Գեղանուշի պոչամբարի հուսալիության և անվտանգության բարձրացման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը», որի համաձայն՝ պոչամբարի հյուսիսային պատվարի կայունությունն ապահովված չէ հաշվարկային առավելագույն երկրաշարժի դեպքում:
Նշենք, որ Գեղանուշի պոչամբարի տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգումներ չեն իրականացվել:
Մարտ 14, 2023 at 18:08