Մարդու առողջության վրա շրջակա միջավայրի բացասական ազդեցության կանխարգելմանն ուղղված քայլերը ամրագրվել են նոր օրինագծում

Մարդու առողջության վրա շրջակա միջավայրի բացասական ազդեցության կանխարգելմանն ուղղված քայլերը ամրագրվել են նոր օրինագծում

Շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազեցությունը հանրային առողջության վրա կանխարգելելու, բացառելու, հանրային առողջությունն ապահովելու համար գործադիրը մայիսի 18-ին հավանություն տվեց «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծին և կից օրինագծերի փաթեթի:

«Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Այս օրինագծից  բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքերում:

Ըստ ՀՀ կառավարության որոշման հիմնավորման՝ նոր օրենքի կարգավորման նպատակն է հանրության (մարդու) առողջության ապահովումը, առողջության պաշտպանությունը և խթանումը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների կանխարգելումը, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի  սոցիալ-տնտեսական, վարքագծային և հնարավոր այլ վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելումը, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, շրջակա միջավայրի գործոնները վատթարացնելու կամ վնասելու միջոցով, հանրության (մարդու) առողջությանը վնաս հասցնելու բացառումը, հանրության (մարդու) առողջության ապահովման մատչելի ու հավաստի տեղեկատվության ապահովումը:

Սահմանվել են օրենսդրական պահանջներ հանրային առողջության ապահովման, հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ: Նախատեսվել է հանրային առողջապահական փորձաքննության իրականացում ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր, ֆիզիկական գործոնների աղբյուրներ ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման, նախատեսվող գործունեության, հիմնադրութային փաստաթղթերի ու կառույցների նախագծերի փորձաքննության՝ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրությամբ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված դեպքերում:

Փորձաքննության եզրակացությունը պետական մարմինները, հանրային առողջության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս, քննարկելու և հաշվի են առնելու, իսկ բացասական եզրակացության դեպքում  ներկայացված նախագիծը լրամշակվելու է և կրկին ներկայացվելու փորձաքննության:

Հանրային առողջապահական փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանելու է ՀՀ կառավարությունը:

ՀՀ Ազգային ժողովի կողմից «Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ուժը կրոցրած կճանաչվի 1992 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը:

Մայիս 22, 2023 at 16:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր