67 կողմ, 0 դեմ, 31 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային ժողովը սույն թվականի մարտի 22-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրինագծերի փաթեթը։
Հիշեցնենք, որ մի շարք հասարակական կազմակերպություններ ներկայացրել են առաջարկություններ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, այնուհետև ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով: Առաջարկների զգալի մասը հաշվի չի առնվել օրինագծերի փաթեթն ընդունելիս, ինչը Օրհուսի կոնվենցիայի պահանջի խախտում է:
ՀՀ ԱԺ Փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինը իրականացնելով օրինագծերի փաթեթի իրավական փորձաքննություն, եկել է հետևյալ եզրահանգման. «Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 6-րդ եւ 75-րդ հոդվածների տեսանկյունից:
Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին»:
Մարտ 23, 2023 at 15:41