ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատանքային խումբը հանդիպել է ԷկոԼուրի թիմի հետ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատանքային խումբը հանդիպել է ԷկոԼուրի թիմի հետ

2023 թվականի փետրվարի 23-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ ԷկոԼուրի թիմի հանդիպումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատանքային խմբի հետ, որը զբաղվում է վարձկանների օգտագործման հետ կապված հարցերով։

Աշխատանքային խմբի մասնակիցները հայտնեցին, որ Հայաստան այցի նպատակն է հավաքել տեղեկատվություն, ուսումնասիրել և բացահայտել խոշոր մասնավոր ընկերություններում աշխատող վարձկանների և պահնորդական գործակալությունների վերաբերյալ աղբյուրները, պատճառներն ու միտումները, պարզել դրանց հնարավոր ազդեցությունը մարդու իրավունքների վրա: Աշխատանքային խմբի մասնակիցները նշեցին, որ մտադիր են համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի իրականացնեն մասնավոր ռազմական և անվտանգային ընկերությունների գործունեության և մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության մոնիթորինգ։

Հայաստանում հիմնական հետաքրքրությունը կապված է հանքարդյունաբերական ընկերությունների կողմից վարձած անվտանգության աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձան 2020 թվականի սեպտեմբերի 7-ին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակիցների և Ջերմուկի բնակիչների միջև տեղի ունեցած բախմանը: Բնակիչները փակել էին դեպի Ամուլսարի հանքավայր տանող մուտքերը՝ այդպիսով իրենց անհամաձայնությունը հայտնելով Ամուլսար լեռան վրա, Ջերմուկ միջազգային առողջարանի և հանքային աղբյուրների հարևանությամբ ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործմանը։ 

Նաև բարձր գնահատվեց 2018 թվականին Խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատության իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեի Հայաստան կատարած այցը: Նա այցելել էր Վայոց ձոր, հանդիպել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող քաղաքացիների հետ և խորհուրդ տվել կառավարությանն անցկացնել համայնքների հետ իրական խորհրդակցություններ, որպեսզի բիզնես ծրագրերը համապատասխանեն մարդու իրավունքների սկզբունքներին։

Նշվեցին նաև անվտանգության աշխատակիցների և ոստիկանների միջև փաստացի համագործակցության դեպքերը, ինչպես, օրինակ, Արարատում ցիանային պոչամբարի մոնիթորինգը, և հակառակը, երբ ոստիկանությունը կանխել էր բախումները Թեղուտում։

Փետրվար 24, 2023 at 16:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր