

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի (ԹԻՀԿ) ընդհանուր ժողովը: Ժողովի ժամանակ ԹԻՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրեց 2022թ. տարեկան հաշվետվությունը, ԹԻՀԿ-ի Խորհրդի նախագահ Արմեն Օհանյանը՝ Խորհրդի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որոնք հաստատվեցին ժողովի մասնակիցների կողմից: Քննարկվեցին Ամալյա Կոստանյանի մրցանակի վերաիմաստավորման հարցերը: Հիշեցնենք, որ Ամալյա Կոստանյանը կանգնած է եղել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ստեղծման ակունքներում և ղեկավարել է այն մինչև 2010թ. սեպտեմբեր:
Ամալյա Կոստանյանի քսանամյա գործունեության ընթացքում ԹԻՀԿ-ն դարձել է արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հսկողություն իրականացնող առաջատար հասարակական կազմակերպություն Հայաստանում: Կյանքից վաղաժամ հեռանալուց հետո սահմանվել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ, որը շնորհվում է սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար:
Անցկացվեցին ԹԻՀԿ-ի Խորհրդի նոր անդամի ընտրությունները, որի արդյունքում ընտրվեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
«Շնորհակալ եմ ցուցաբերած վստահության համար: Կոռուպցիան մի սարդոստայն է, որը ներթափանցում է մեր կյանքի բոլոր ոլորտներ: Եթե մեզ հաջողվում է պատռել այդ սարդոստայնի անգամ մեկ կամ մի քանի թելեր, նշանակում է, որ մենք կարող ենք պատռել այն ամբողջովին»,- նշեց Ինգա Զարաֆյանը:
Փետրվար 24, 2023 at 16:52