ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը նոր կազմ կունենա. նախընտրական հանդիպում ԷկոԼուրի մամուլի ակումբում

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը նոր կազմ կունենա. նախընտրական հանդիպում ԷկոԼուրի մամուլի ակումբում

2023թ. հունվարի 17-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության (ՔՀԽ) հիմնական և այլընտրանքային անդամների ընտրությունների նախընտրական հանդիպումը ընտրողների հետ: Հունվարի 20-ին առցանց եղանակով տեղի կունենա էլեկտրոնային քվեարկությունը, որին կհաջորդի ընտրությունների արդյունքների ամփոփումն ու արձանագրության կազմումը: Այնուհետ մեկ շաբաթվա ընթացքում ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ընտրված ներկայացուցիչների անունները կհրապարակվեն և կներկայացվեն ԱՃԹՆ-Հայաստան քարտուղարություն: 

Ընտրական հանձնաժողովը ստացել էր թեկնածությունների առաջադրման 7 հայտ, որից մարզային ներկայացուցիչ «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-տնտեսական, բնապահպանական ՀԿ-ից Լալա Մկրտչյանը հունվարի 14-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Ներկայում 6 թեկնածուներից 4-ը` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, «Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ից Լիլիա Շուշանյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը և «Մարդու իրավունքների հետազոտության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Սիմոնյանը առաջադրվել են որպես ՔՀԿ հիմնական և այլընտրանքային անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը առաջադրվել է մարզային հայտով: Միայն այլընտրանքային անդամի հայտով առաջադրվել է «Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր-տնօրեն Սոնա Այվազյանը։

Հանդիպումը վարեց ընտրական հանձնաժողովի նախագահ, «Բայազետ» ՀԿ-ի գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանը: Թեկնածուները հանդես եկան ելույթներով: 

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կանգնած է եղել քաղհասարակության խմբակցության ձևավորման հիմքում, ԱՃԹՆ ամբողջ գործընթացում, մասնակցել քննարկումներին և որոշումների կայացմանը. «Այդ տարիները եղել են շատ բուռն, շատ աշխատանք է տարվել: Մենք այցելություններ ենք կատարել մետաղական հանքարդյունաբերությանն ազդակիր բոլոր համայնքներ, ներկայացրել ԱՃԹՆ գործընթացը, ներկայացրել ընկերությունների տվյալները, հավաքագրել առաջարկություններ: Հաջողվել է հասնել մի շարք օրենսդրական փոփոխությունների: Վերջին տարում մեծ աշխատանք տարվեց հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության նախագծի մշակման ժամանակ, քաղհասարակության խմբակցությունը չորս տարբերակ է ընթերցել այդ ահռելի փաստաթղթի, և ամեն մեկի համար կռիվ է տվել, որպեսզի հանրության համար խնդրահարույց կետերը դուրս բերենք այդ փաստաթղթից»,- նշեց նա: 

Օլեգ Դուլգարյանն անդրադարձավ ԱՃԹՆ-ի ճանաչելիության հարցին՝ նշելով, որ դա միայն քաղհասարակության խմբակցության ուսերին չի դրված, այլ առաջին հերթին ՀՀ համապատասխան գերատեսչությունների. «ԱՃԹՆ քաղհասարակության խմբակցության կարևորագույն խնդիրը ոչ թե կառույցը ճանաչելի դարձնելն է, այլ կառույցի ներսում քննարկվող խնդիրներին ներգրավել համայնքի բնակիչներին կամ շահագրգիռ կողմերին: Որպես մարզային կազմակերպություն այս տարիների ընթացքում հանդիպումներ ենք ունեցել Լոռու մարզի հանքարդյունաբերությանն ազդակիր գրեթե բոլոր համայնքների բնակիչների հետ: ԱՃԹՆ-ի մասով լայն իրազեկում է իրականացվել: Կազմակերպվել են մեդիա արշավներ: Այս տարիների ընթացքում մեր կազմակերպության ամենամեծ խնդիրն այն է եղել, որ համայնքի բնակիչներն ուղղակի և անուղղակի ԱՃԹՆ գործընթացի մասնակիցը լինեն»,- նշեց նա: 

Լիլիա Շուշանյանի խոսքով՝ Հայաստանում ԱՃԹՆ գործընթացը կայացած կարելի է համարել: « ԱՃԹՆ-ի առաջին փուլն իրականացվել է բոլորիս ուժերով, սակայն այսօր ավելի կարևոր է դրա ազդեցությունն ապահովել պրակտիկ դաշտում: Այսօր ֆինանսական հաշվետվողականության խնդիր, կարելի է ասել, այլևս չունենք. հարկային դաշտի գաղտնիքի բացահայտումը, ԱՃԹՆ զեկույցները բացահայտվում են իրենց հունով, և ունենք խորքային այլ հարցեր, որի համար կարելի է հարթակն օգտագործել: Իմ հետաքրքրվածությունը սոցիալ-տնտեսական, բնապահպանական համայնքային զարգացման ուղղվածության մասով նաև այս հարթակում շարունակելու մեջ է կայանում և դրանց համար իրագործելի լուծումներ գտնելու: Իմ ներդրումը օրենսդրական բացերի բարձրաձայնման մեջ եմ տեսնում»,- նշեց նա:

Նազելի Վարդանյանը նշեց, որ հանքարդյունաբերական ոլորտում իր կազմակերպությունն ու ինքն անձամբ իրավական առումով բավական աշխատանք են տարել: «Եզրակացություններ գրել, իրավախախտումներ վերհանել՝ Թեղուտի, Ամուլսարի, Գլաձորի մասով, մասնակցել ենք օրենսդրական ակտերի մշակմանը, այդ թվում՝ ՇՄԱԳ օրենքի ու հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին: Այս հարթակը շատ կարևոր գործիք է քաղհասարակության ձեռքում: Ինչ-որ չափով ազդում ենք որոշումների կայացմանը, ինչ-որ կերպ զսպում չարաշահումներն ու բացթողումները, կամ ավելի վատ օրենքներ ընդունելը: Նախորդ տարիներին հսկայական գործ է արվել, քանի որ քաղհասարակության ներկայացուցիչները և միասին, և առանձին-առանձին աշխատել են թիմային, նույն մտածելակերպն ունեն, նույն ուղղությամբ են գնում»,- ասաց նա:

Անահիտ Սիմոնյանը ներկայացրեց կազմակերպության՝ հանքարդյունաբերական և սոցիալ-բնապահապանական պաշտպանության ոլորտին առնչվող հարցերի շուրջ իրականացված աշխատանքները. «Կարևոր ենք համարում սոցիալական օրակարգի իրավունքահենք մոտեցման առաջախաղացումը: Այդ առումով մի շարք հետազոտությունների ընթացքում տարբեր նախաձեռնություններ են իրականացվել տարբեր կառույցների հետ: Հանքարդյունաբերական ոլորտում անվտանգ և  առողջ աշխատանքային պայմաններին վերաբերող խնդիրների վերաբերյալ ուսումնասիրություն ենք իրականացրել, որը վերաբերում էր հանքարդյունաբերության ոլորտում աշխատող մարդկանց առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքի ապահովմանը: Սոցիալական պաշտապանությունը մեծ կապ ունի հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների և մարտահրավերների հետ: Մեր համագործակցությունը հարթակին դիտարկում ենք այն տեսանկյունից, որ կարող ենք համադրել հարթակի անդամների հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ գիտելիքը մեր՝ մարդու իրավունքների, միջազգային պարտավորությունների, համակարգային քաղաքականության բացերի վերաբերյալ ունեցած գիտելիքի հետ»: 

Սոնա Այվազյանը նշեց, որ ԱՃԹՆ առաջխաղացման ուղությամբ դեռևս 2009թ. են սկսել քայլեր նախաձեռնել: Անդրադառնալով ԱՃԹՆ գործընթացում առկա խնդիրներին Սոնա Այվազյանը նշեց. «Ակնհայտորեն մենք չենք կարող հասնել հանքարդյունաբերողների դրական վերաբերմունքին մեր բարձրաձայնած տարբեր հարցերի վերաբերյալ: Արտահերթ նիստեր ենք փորձել հրավիրել Թեղուտի, Ամուլսարի կամ Ուռուտի հետ կապված: Մյուսը, կարծում եմ, այն է, որ քաղաքական առաջնորդությունը ԱՃԹՆ գործընթացում չի եղել: ԱՃԹՆ քարտուղարությունն աշխատում է շատ լավ, բայց ԱՃԹՆ ԲՇԽ կազմը շատ վատ է աշխատում, գործընթացները տանում են նրան, որ ԲՇԽ-ի գոյությունով պայմանավորված չլինի ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացը, ԲՇԽ-ի դերակատարությունը նվազեցվի, բայց գործընթացներն իրականացվեն»,- նշեց նա: 

Հանդիպմանը մասնակցեցին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ-ի նախագահ Աննա Բաղդասարյանը, «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագյոզյանը, «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գոհար Հովհաննիսյանը, «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աշոտ Միրզոյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակացներ Նատալյա Օսյանն ու Սոնա Խլոպուզյանը, առցանց եղանակով՝ «Նոր հորիզոններ» ՀԿ-ի նախագահ Արթուր Վարդազարյանը: 

Հունվար 19, 2023 at 13:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր