ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը՝ ի աջակցություն Վրաստանի քաղաքացիական հասարակության և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների

ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը՝ ի աջակցություն Վրաստանի քաղաքացիական հասարակության և տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների

Սույն թվականի մարտի 7-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել մասշտաբային բողոքի խաղաղ ակցիա, որն անցկացվում էր, այսպես կոչված, «Ռուսական օրենքի» ընդունման դեմ։ Չնայած մի շարք միջազգային կազմակերպությունների և հարևան երկրի քաղաքացիական հասարակության այդ օրենքի վերաբերյալ բացասական գնահատականի՝ Վրաստանի խորհրդարանն, այդուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքը։

Երեկ տեղի ունեցած բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ Թբիլիսիում ոստիկանությունը կիրառել է անհամաչափ բիրտ ուժ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ՝ խորհրդարանի դիմաց տեղի ունեցող խաղաղ ցույցի մասնակիցներին ցրելու նպատակով։ Ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ բիրտ ուժի հետևանքով վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիներ, ուսանողներ, երիտասարդներ։

Ըստ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հեղինակների՝ ենթադրվում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, բոլոր այն ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձանց, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են դրսից։ Երեկ առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» այս խնդրահարույց օրենքը, ըստ էության, նեգատիվ իմաստով պիտակավորում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, մեդիայի և այլ բնագավառներում անկախ գործունեություն իրականացնող կազմակերպություններին, խմբերին և անհատներին։ Սահմանափակում է նրանց Սահմանադրական իրավունքները, գործունեությունը, և հասարակական ընկալումներում ստեղծում է կեղծ նարրատիվներ ժողովրդավարական-քաղաքացիական հասարակության գործունեության նկատմամբ՝ մեղադրելով նրանց այլ պետություններին ծառայելու մեջ։

Անթույլատրելի և դատապարտելի ենք համարում հարևան եղբայրական երկրում մարդկանց ազատ կամարտահայության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի և ժողովրդավարական գործընթացների նմանօրինակ ճնշումը։

Միևնույն ժամանակ մեր համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում Վրաստանի մեր գործընկերներին, կազմակերպություններին և անհատներին, ովքեր պայքարում են իրենց երկրում ազատության, ժողովրդավարության և Սահմանադրությամբ ամրագրված եվրոպական ուղու համար։

Ինչպես նաև, ընդգծում ենք, որ հարևան Վրաստանում նման վիճահարույց օրենքի ընդունումը մեծ վնաս է հասցնելու ինչպես այդ երկրի քաղաքացիական հասարակության զարգացմանը, մարդու իրավունքներին և ազատություններին, այնպես էլ, ընդհանրարպես, տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացներին, որի առաջամարտիկներից է Վրաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր քաղհասարակության։

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր գործընկեր կազմակերպություններին և անհատներին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների ու ժողովրդի ընտրած ուղու համար հարևան եղբայրական Վրաստանում։

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդ
Գյումրու Երիտասարդական միություն
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Իրավունքի ուժ» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Գայանե Շագոյան՝ հանրային գործիչ, ազգագրագետ
Վասիլի Մասլով՝ ռուս ընդդիմադիր արվեստագետ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Սույն հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար։

Photo by: Formula.ge

Մարտ 09, 2023 at 12:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր