«Կանաչ քաղաքներ» միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում հաղթող են ճանաչվել Արարատի մարզի Ջրահովիտ և Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրերի «Կանաչ տանիքներ» և «Մաքուր համայնք» նախագծերը:
Ջրահովիտի նախագիծը ներկայացրել էր գյուղի դպրոցի տնօրեն Սիլվա Գրիգորյանը: Նախագծով նախատեսվում է Ջրահովիտում կտրոններից ծառեր աճեցնել: Ցամաքասարի բնակիչ Գայանե Գրիգորյանի նախագծով էլ նախատեսվում է բնակավայրում աղբամաններ տեղադրել՝ միաժամանակ լուծելով դեպի աղբավայր աղբի տեղափոխման հարցը:
Ծրագրի շրջանակում փոխադարձ այցեր են կատարվել Ռուսաստանի Դաշնություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ տեղի բնապահպանական նախագծերին և կատարված աշխատանքներին ծանոթացնելու նպատակով: Հայաստանում մասնակիցները հանդիպել են «Էկոաղբ», «ԷկոԼուր» և «ՀայքԱրմենիա» ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, այցելել Երևանի բուսաբանական այգի ու «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»:
Ծրագիրը մշակվել է գերմանական «Մարդկային տիեզերական երկիր» (Mensch Raum Land eV) ասոցիացիայի կողմից՝ հայաստանյան «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ի համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:
Դեկտեմբեր 01, 2022 at 17:07