2023թ․ մայիսի 24-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության (ՆԳՆ ՓԾ) հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրում աշխատում են Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 6 ջրատար ու 8 տրակտոր։ Մայիսի 18-ին բռկնված հրդեհը գրեթե 7 օր հնարավոր չի լինում մարել։ Աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքներին առանձնապես խոչընդոտում են աղբավայրի տարածքում առաջացած տորֆանման զանգվածները, որոնց խորությունը տվյալ հատվածներում հասնում է մինչև 10 մետր և ավելի: «Հրդեհաշիջման աշխատանքները տեղ-տեղ իրականացվում են նաև հողածածկման միջոցով: Ներկա պահին առկա են ծխացող օջախներ։ ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզների կողմից իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ։ Պարզվել է, որ թթվածնի պարունակությունը մթնոլորտում նորմայի սահմաններում է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2023թ․ մայիսի 24-ին հրապարակած տվյալների՝ Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) Կենտրոն վարչական շրջանում մայիսի 18-23-ն ընկած օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ մայիսի 19-ին, 20-ին, Արաբկիրում՝ մայիսի 18-ին, 19-ին, 22-ին, Շենգավիթում՝ մայիսի 19-ին և 23-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում մայիսի 18-20-ը, 22-ին, 23-ին, Շենգավիթում՝ մայիսի 20-22-ը, Արաբկիրում՝ մայիսի 20-ին, 22-ին, 23-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Շենգավիթում մայիսի 20-ին։
Նշենք, որ մայիսի 24-ին քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ պետական լիազոր մարմիններին Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով Երևանի և հարակից բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու պահանջով։
Մայիս 24, 2023 at 17:40