Արարատի մարզի Հովտաշատ գյուղում կրկին աղտոտված արագիլներ կան: ԷկոԼուրը գյուղի բնակիչներից ահազանգ է ստացել, որ մի քանի արագիլներ ընկել են իրենց բներից և թռչել չկարողանալու պատճառով անօգնական վիճակում են: «Արագիլները յուղոտվել են, չեն կարողանում այլևս թռչել»,- նշեցին բնակիչները:
Վերջինները նշում են, որ արագիլների աղտոտվածության հիմնական պատճառը գյուղերում և դրանց հարևանությամբ գործող ձկնաբուծարաններն են, այդ թվում՝ սպանդանոցները: «Դրանցից դուրս եկող հետադարձ ջրերը դրենաժներով հետ են լցվում գետերի մեջ, որտեղ էլ արագիլները փնտրում են իրենց սնունդը, սնվում կենդանիների մնացորդներով», - պատմեցին նրանք:
Նշենք, որ սպիտակ արագիլների աղտոտվածության խնդիրն առկա է արդեն մի քանի տարի: Սպիտակ արագիլների աղտոտվածության մակարդակն Արարատյան դաշտում 2022թ. կազմել էր շուրջ 39.6%, որից 46.6%-ը՝ Արարատի մարզում և 35.3%-ը՝ Արմավիրի մարզում: Այս մասին հայտնել էր Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը: Այս տարվա հետազոտության արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ 2021թ-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնեց՝ արագիլների աղտոտման աղբյուրը նախնական տվյալներով ձկնաբուծարաններն են:
Հուլիս 04, 2023 at 14:33