

Վարդենիսի 8-րդ դասարանի աշակերտները համայնքի բնակիչներին սովորեցնում են հոգ տանել շրջակա միջավայրի մասին:
Այսօր Վարդենիսում չտեսակավորված աղբն ուղղվում է համայնքային աղբավայր, որի փակման անհրաժեշտության մասին տեղի իշխանությունները բարձրաձայնել են դեռևս մի քանի տարի առաջ: Բաց աղբավայրից աղբը քամու և կենդանիների միջոցով տարածվում է հարակից տարածքներ, սուր հոտը դարձել է անտանելի: Ավելին, կան որոշ բնակիչներ, ովքեր հավաքում և այրում են այդ աղբը, ինչի հետևանքով մթնոլորտ են արտանետվում տարատեսակ վնասակար նյութեր՝ ածխածնի մոնօքսիդ, ազոտային օքսիդ, դիօքսիններ ու այլ քաղցկեղածին նյութեր: Աղբի մի մասն էլ հայտնվում է Սևանա լիճ թափվող Վարդենիս և Մաքենիս գետերում: Առաջանում են էկոլոգիական ու առողջապահական լուրջ վտանգներ:
2023 թվականի գարնանը Վարդենիսի թիվ 3 հանրակրթական դպրոցի ութերորդ դասարանի աշակերտները և ուսուցիչները սկսեցին ակտիվորեն աշխատել՝ տեղական համայնքում խթանելու բնապահպանական պատասխանատվությունը և աջակցելու կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը: Ուսուցիչներն ու դպրոցականները մշակել էին միջոցառումների շարք, որն սկսեցին իրականացնել համագործակցելով համայնքային իշխանությունների հետ համատեղ։ Երեխաները համայնքում հարցումներ են իրականացրել՝ պարզելու, թե մարդիկ որքանով են պատրաստ փոփոխություններին: Պատրաստել են աղբի վնասակարության մասին պատմող տեսահոլովակ, սահիկաշար և իրազեկման թերթիկներ, հանդիպումներ են կազմակերպել դպրոցում։ Համայնքապետարանն իր հերթին սկսել է շրջանառել երեխաների կողմից պատրաստված տեղեկատվական նյութերը։

ԱՅԲ կրթական հիմնադրամի գործընկերությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների շրջանակում ուսուցիչները ձեռք են բերել աշակերտների հետ նախագծային աշխատանք իրականացնելու հմտություն: 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում միայն Հայաստանի 33 խոշորացված համայնքներից 430 ուսուցիչ է վերապատրաստվել՝ զինվելով միջին դպրոցի աշակերտներին նախագծային ուսուցման մեջ առաջնորդելու համար անհրաժեշտ հմտություններով:

Գեղարքունիքի մարզում առաջիկայում նախատեսվում է թափոնների վերամշակման գորածարան կառուցել։ Բայց մինչ այդ՝ համայնքապետարանի կողմից դպրոցին տրամադրված թափոնների համար հատկացված ամաններում տեսակավորում են թուղթը, պլաստիկն ու ապակին։ Երեխաներն ուզում են, որ իրենց օրինակը վարակիչ լինի մեծահասակների համար:
Աշխատանքային խմբում ներգրավված դպրոցական Միլենան վստահ է, որ համաքաղաքացիներին շահագրգռելու մի ճանապարհ էլ կա՝ թափոնների տեսակավորման և վերամշակման արդյունքում ակնկալվող եկամուտը:
Միլենան պատմում է, որ չտեսակավորված աղբը շատ հաճախ հայտնվում է Սևանա լճում, ողողում ափերը.
«Աղբը մեծ վնաս է հասցնում լճի ձկնաշխարհին, հայտնվելով ջրային ռեսուրսներում՝ ազդում է նաև խմելու ջրի բաղադրության վրա: Մինչդեռ եթե մենք սկսենք տեսակավորել, ապա աղբը չի հայտնվի լճում, կունենանք առողջ լիճ ու առողջ շրջակա միջավայր»:
«Երբ մարդիկ տեսնեն, թե մեկ մարդու դրական օրինակը համայնքին ինչ ձեռքբերում է տալիս, կհետևեն այդ օրինակին։ Մեկ անհատից էլ կարող է մի մեծ հաջողության պատմություն սկսվել»,- վստահեցնում է Միլենան:
Միլենայի դասընկեր Արամը նշում է, որ համայնքում իրականացված շրջայցերի ընթացքում ականատես են եղել փողոցներում կուտակված հսկայական քանակի պոլիէթիլենային տոպրակների: «Դրանք մեծ վնաս են հասցնում թե՛ բուսական, և թե՛ կենդանական աշխարհին: Բույսերն անմիջական կապ ունեն մթնոլորտի հետ: Սա նշանակում է, որ աղբի չտեսակավորումն ուղղակիորեն ազդում է նաև մթնոլորտի վրա: Մեկ պլաստիկե շիշը քայքայվում է հարյուրամյակների ընթացքում և տասնյակ կենդանիների կարող է վնասել: Եթե մենք թույլ չտանք, որ այդ մեկ պլաստիկե շիշը հայտնվի բնության մեջ, ուրեմն արդեն իսկ դրական ազդեցություն ենք թողնում շրջակա միջավայրի վրա»,- ասում է Արամը:
Նա կարծում է, որ եթե բնակիչներն իմանան, որ իրենց կողմից օգտագործվող խմելու ջրում միկրոպլաստիկ կա, չեն հրաժարվի տեսակավորումից:
Արամը աղբի չտեսակավորումը բնորոշում է մեկ խոսքով՝ դա քաղցկեղ է Երկիր մոլորակի համար:
«Մոլորակը քայքայելով գալիս է հասնում մի վիճակի, որ այլևս հնարավոր չէ վերադառնալ նախկին վիճակին: Եթե հիմա չսկսենք այդ խնդիրը լուծել, հետո լուծելն ավելի դժվար կլինի՝ անդառնալի վնասներ հասցնելով մեր երկրի բնությանը»,- բացատրում է Արամը:
2022թ-ին Արամը դասընկերների օգնությամբ ռոբոտի նախատիպ-մոդել է ստեղծել, որն ընդունում է խառը, չտեսակավորված թափոնները, աղում դրանք և այնուհետ տարանջատում ըստ տեսակների։ «Քիմիայի դասերի ընթացքում հասկացել ենք, որ մագնիսական ալիքները տարբեր նյութերի նկատմամբ տարբեր կերպ են արձագանքում։ Ռոբոտի մեջ տեղադրված սենսորների արձակած ալիքները կպարզեն՝ ինչ նյութ է, հատուկ կոդավորումների շնորհիվ պլաստիկը կուղղվի պլաստիկի տարայի մեջ, ապակին՝ ապակու, և այդպես շարունակ», - ոգևորված պատմում է Արամը։ Եթե գյուտը կյանքի կոչելու համար ֆինանսավորում գտնեն, ապա ռոբոտին թափոնները «կուլ տալուց» բացի՝ տեղում նոր իրեր արտադրելու հնարավորությամբ նույնպես կօժտեն։

Ընկեր Խաչատրյանի կարծիքով՝ նախագծային աշխատանքը շրջակա միջավայրին առնչվող գիտելիքներից զատ, երեխաներին ինքնաարտահայտման ու ինքնաբացահայտման հնարավորություն է ընձեռել, ավելացրել ինքնավստահությունն ու նոր հմտություններ ձևավորել։
«Այսօր մեր կողմից երեխաներին տրված ցանկացած գիտելիք ու հմտություն կարտացոլվի վաղը նրանց կողմից իրականացված փոփոխություններում։ Երեխաների դերը համայնքի զարգացմանն ուղղված ցանկացած գործում շատ կարևոր է։ Նրանք ևս պետք է այդ պատասխանատվությունն իրենց ուսերին զգան և տեսնեն, որ իրենց վստահում են, որ իրենց կարծիքը հաշվի են առնում», - հավելեց ուսուցչուհին:

Դեկտեմբեր 20, 2023 at 10:43