ՀՀ կառավարությունը սույն թվականի հունվարի 4-ին հաստատեց ՀՀ տարածքում գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման և փակման նվազագույն նորմերը։
Որոշման համաձայն՝ աղբավայրերում կարող են տեղադրվել կոշտ կենցաղային թափոններ բնակելի ու հասարակական շենքերից, առևտրային և հանրային սննդի ձեռնարկություններից, բնակավայրերի սանիտարական մաքրումից առաջացող աղբը, շինարարական թափոնները և այլ տեսակի կոշտ իներտ թափոնները, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարի 25․12․2006թ․ թիվ 430-Ն հրամանով հաստատված ըստ վտանգավորության դասակարգման ցանկի 3-4-րդ դասի վտանգավորության թափոններ:
Որոշմամբ աղբավայրում արգելվում է տեղադրել պայթուցիկ և դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից ու սպանդանոցներից առաջացած և այլ կենսաբանական թափոնների, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների, սնդիկ պարունակող լամպերի և այլ արտադրանքի, էլեկտրական կուտակիչների և մարտկոցների, փոխադրամիջոցների և դրանց անվադողերի, ինչպես նաև առանց հատուկ տարաների մեջ պահեստավորված հեղուկ թափոնները։ Արգելվում է աղբավայրի տարածքում աղբի բաց եղանակով այրումը։
Հստակ չէ, թե որ մարմինը պետք է զբաղվի աղբավայրերում արգելված թափոնների հարցով, որտեղ պետք է դրանք հավաքվեն և օգտահանվեն։
Որոշման հիմնավորման համաձայն՝ հանրապետության բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծված կամ տարերայնորեն ձևավորված բազմաթիվ աղբանոցները զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ: Հանրապետությունում առկա աղբանոցները չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին, և բացառապես աղբի կուտակման վայր են: Դրանք հիմնականում շահագործվում են չհամակարգված: Մասնավորապես, ցանկապատված չեն, բացակայում է տեղադրվող աղբի հաշվառման համակարգը, բացակայում են աղբատար մեքենաների լվացման և ախտահանման սարքավորումները, տեղադրված թափոնները չեն ծածկվում հողով, ինչի հետևանքով տեղի է ունենում ինքնաբռնկում, ինչը հանգեցնում է օդի, ջրի և հողի աղտոտման, մասնավորապես, դիօքսիններով, որոնց բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա ակնհայտ է: Բացակայում է ստորգետնյա ջրերի և արտանետվող գազերի վերահսկողությունը:
Ջերմոցային գազերի կադաստրում հնարավոր չէ ներառել առանց հաշվառման, տարերայնորեն, անկազմակերպ ձևավորված աղբակույտերից կամ աղբավայրերից արտանետված ջերմոցային գազերի քանակական և որակական տվյալները։
Որպես նվազագույն նորմ ու պահանջ՝ սահմանվում են աղբավայրի տարածքի սահմանազատումը ցանկապատով, մուտքերի կահավորումը, շահագործման ընթացքում աղբի պարբերաբար խտացման/տոփանման, խոնավացման և հողի շերտով մեկուսացման գործընթացները։ Աղբավայրի տարածքում ջրի և ախտանիչ նյութերի առկայության պարտադիր պահանջը, աղբավայր տեղադրվող աղբի հաշվառման համակարգի ներդնումը, աղբավայրի շահագործման պլանի մշակումը, աղբի ընդունման գրանցամատյանի վարումը, ինչպես նաև փակման ենթակա աղբավայրերի փակման նվազագույն նորմերը, պահանջները, այդ թվում՝ հողածածկման և հանքային ու դրենաժային շերտերի կիրառմամբ։
Որոշման մեջ նշվում է, որ աղբավայրի շահագործումն իրականացնում է կազմակերպություն։ Հստակ չէ, թե դա ինչ կազմակերպություն է։ ԷկոԼուրի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքներում մեծամասամբ աղբավայրերը շահագործվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Մինչդեռ «Թափոնների մասին» ՀՀ օրենքով ՏԻՄ-երն իրենց լիազորությունների շրջանակներում պատասխանատու են աղբահանության համար, սակայն պատասխանատու չեն իրենց վարչական տարածքում գտնվող աղբավայրերի շահագործման համար: Նախատեսվող պահանջները նաև առաջացնելու են լրացուցիչ ծախսեր։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե որ մարմինն է պատասխանատու աղբավայրերի շահագործման համար և ինչ ֆինանսական միջոցներով։
«Աղբահանության համակարգի ռազմավարության» համաձայն՝ 2020 թ․ հունիսի դրությամբ գույքագրված և քարտեզագրված աղբանոցների թիվը կազմել է 297։
Աղբահանություն իրականացվում է Հայաստանի 501 համայնքներից 443-ում։ Աղբահանության համակարգում չընդգրկված 58 գյուղական բնակավայրերի բնակչության թիվը կազմում է 46000, այսինքն, հանրապետության բնակչության 1,6 տոկոսին չեն մատուցվում աղբահանության ծառայություններ։
Հանրապետության բնակավայրերում օրական առաջանում է 1,887 տոննա աղբ կամ 688 937 տոննա աղբ տարեկան։
Հունվար 05, 2024 at 17:11