Եղվարդում քսայուղերի և բիտումի արտադրություն չի գործի․ ՇՄՆ-ն բացասական եզրակացություն տվեց «Արմօյլ» ՓԲԸ-ին

Եղվարդում քսայուղերի և բիտումի արտադրություն չի գործի․ ՇՄՆ-ն բացասական եզրակացություն տվեց «Արմօյլ» ՓԲԸ-ին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ս․թ․ հուլիսի 29-ին բացասական եզրակացություն տվեց Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրում նախատեսվող քսայուղերի և բիտումի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Արտադրամասը շահագործելու մտադրություն ուներ «Արմօյլ» ՓԲԸ-ն։ Ընկերությունը գործընթացը նախատեսում էր իրականացնել արդեն իսկ կառուցապատված՝ 2.8 հեկտար արտադրական տարածքում։ 

Նախարարությունը մերժել է «Արմօյլ» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվությունը հետևյալ փորձաքննական պատճառաբանությամբ․

«Խնդրահարույց է մնում այն հանգամանքը,որ գործունեության համար պահպանված չեն սանիտարապաշտպանական գոտու սահմանված նորմերը՝ մոտակա բնակելի տարածքի, որը գտնվում է 140 մ հեռավորության վրա և 73.86 մ հարևանությամբ գտնվող ճանապարհի: Մինչդեռ քաղաքաշինական նորմերի համաձայն՝ քիմիական օբյեկտների և արտադրությունների բնագավառում՝ բիտումի արտադրության համար նախատեսված է 1000 մ սանիտարապաշտպան գոտի։

Փորձաքննական գործընթացում դիտարկվել է նաև Ընկերության կողմից ներկայացված ԿԴ1/2678/02/19 քաղաքացիական գործով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2025թ. կայացված վճիռը, որով սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին Ընկերության հայցը բավարարվել է, ելնելով տվյալ հանգամանքից սանիտարապաշտպանիչ գոտու սահմաններում գտնվող այգեգործական տարածքները գործունեության վնասակար ազդեցության գնահատման չեն դիտարկվել:

Նախագծում և ՇՄԱԳ-ում տրված չէ օքսիդացման պրոցեսների ժամանակ առաջացող «գոլորշիների» գազային կազմը, ինչպես են դրանք հավաքվելու, ոչնչացվելու, ինչ է արվելու առաջացած ջրային կոնդենսատի հետ: Ինչ քանակի, ծավալի ու բաղադրության ջրային կոնդենսատ է առաջանալու, որտեղ է այն պահվելու ու հետագայում որտեղ է թափվելու կամ չեզոքացվելու: Բիտումի արտադրությունը կապված է ջերմոցային գազերի զգալի արտանետումների հետ: էներգատար արդյունահանման և վերամշակման մեթոդները հանգեցնում են ածխաթթու գազի (CO2), մեթանի (CH4), այլ ջերմոցային գազերի, ցնդող օրգանական միացությունների արտանետում՝ դեպի մթնոլորտ: Իսկ հաշվետվությունում նկարագրված չէ, թե ինչպես է նվազեցվելու արտանետումների ազդեցությունը մթնոլորտային օդի որակի վրա:

Հաշվետվությամբ չի անդրադարձվում նաև բիտումի արտադրության ընթացքում ծծմբաջրածնին (H2S), որը սուր հոտով, թունավոր գազ է, և նշված չէ դրա հետագա չեզոքացման ոչ մի միջոցառում։ Չի նշվում նաև օքսիդացման աշտարակից դուրս եկող գազերում ազոտի օքսիդների մասին։

Հարկ է նշել, որ կան բազմաթիվ գրական տվյալներ, որտեղ նշվում են բիտումի արտադրության ժամանակ արտանետվող ջերմոցային գազերի՝ CO2, CH4 և միացությունների մասին։ Արտանետումներում հարկավոր էր նաև դիտարկել մեթանը, ածխածնի մոնօքսիդը և ցնդող արոմատիկ ածխաջրածինները, որոնք նավթամթերքներին ուղեկցող և պարտադիր չափվող միացություններից են համարվում։

Համաձայն հաշվետվության՝ հեղեղաջրերը կուտակվում են և մեխանիկական մաքրումից հետո օգտագործվելու են ոռոգման կամ այլ նպատակներով, սակայն մեխանիկական մաքրումը չի նախատեսում վտանգավոր քիմիական նյութերի, այս պարագայում նավթամթերքների մնացորդների հեռացում հեղեղաջրերից: Նման հոսքաջրերի՝ ոռոգման կամ հակահրդեհային նպատակով կիրառումը կբերի տարածքի լայնածավալ երկրորդային աղտոտման: 

Հաշվետվության մեջ նշվում է, որ բիտումի որակը՝ կախված է նրանում պարունակվող ծծմբի քանակից, սակայն չի պարզաբանվել՝ արդյոք տեխնոլոգիական գործընթացում նախատեսվում է ծծմբի հավելում՝ անհրաժեշտության դեպքում, թե ոչ:

Հաշվետվությամբ՝ բոյլերներում յուղի տաքացման կաթսան աշխատելու է օրական 3 Ժամ, սակայն հետագայում՝ ֆիզիկամեխանիկական հատկությունները՝ կորցրած յուղի փոխարինումը նորով, վտանգավոր թափոնի վերացված յուղի պահման և տեղափոխման գործընթացները ներկայացված չեն։

Այսպիսով, նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում՝ սպասվող արտանետումներն իրենց անդառնալի բացասական ազդեցությունն են ունենալու շրջակա միջավայրի վրա՝ մթնոլորտային օդի և հարակից բնակավայրի։ 

Հաշվետվությամբ ներկայացված գործունեության համար պահպանված չեն սահմանված սանիտարապաշտպանիչ գուտու չափերը»։

Օգոստոս 22, 2025 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր