

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով՝ նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ, որոնք թափոնների կառավարման համակարգը կդարձնեն առավել ճկուն եւ արդյունավետ: Օրենքը կլրացվի վտանգավոր թափոնների համար «պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով։
Կամրագրվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները, վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները եւ գործընթացի հիմնական կարգավորումները, կհստակեցվեն Կառավարության եւ լիազոր մարմնի իրավասությունները:
Նաև կամրագրվեն ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքերը, թափոնների հաշվառման կարգի եւ գործածության կանոնների ու պահանջների սահմանումները, կհստակեցվեն վտանգավոր թափոնների անձնագրավորման, հաշվառման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը, իսկ աղբավայրերը տնօրինողներն առավել հետեւողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման հարցում:
Սեպտեմբեր 25, 2025 at 12:00
