

Երևանի Նուբարաշենի աղբավայրի հերթական բռնկումից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը տարածեց տեղեկատվություն՝ ինչ անել օդի աղտոտվածության դեպքում։
Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցելի խմբերի առողջության վրա՝ երեխաներ, տարեցներ, հղի կանայք, շնչառական և սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք։
Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունը
Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․
♦ Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
♦ Սրտանոթային խնդիրների սրացում
♦ Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
♦ Գլխացավեր, հոգնածություն
♦ Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ
Ինչպես պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքին
♦ Մնացե՛ք փակ տարածքում
Փակեք դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է։
♦ Հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ կրեք պաշտպանիչ դիմակ (N95 կամ համապատասխան ֆիլտրով)։
♦ Զերծ մնացե՛ք ֆիզիկական ակտիվությունից դրսում
Խուսափեք մարզվելուց, երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա՝ աղտոտվածության բարձր ժամերին։
♦ Հետևե՛ք օդի որակի մասին տեղեկատվությանը
Օգտվե՛ք հատուկ հավելվածներից կամ պաշտոնական աղբյուրներից՝ օրվա ընթացքում օդի որակի մասին տեղեկանալու համար։
♦ Հոգ տարե՛ք խոցելի խմբերի մասին
Տարեցները, երեխաները, հղիները և քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է լինեն առավել զգուշավոր։
Հոկտեմբեր 13, 2025 at 13:55
