

Պլաստիկը դարձել է մեր կյանքի ուղեկիցը։ Պլաստիկը խանութներում է, մեր սառնարաններում, մեր պայուսակներում, միկրոպլաստիկը՝ նաև օդում, ջրում և մեր սննդում։ Մինչդեռ մասնագետներն ահազանգում են՝ պլաստիկը վնասում է առողջությանը։
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե նախկինում պլաստիկի հիմքում հիմնականում պոլիէթիլենն էր, տարիների ընթացքում տարբեր հավելանյութեր են ավելացվում նրա մեջ, որը դարձնում է պլաստիկը ջերմամեկուսիչ, հրակայուն, արևի ճառագայթների նկատմամբ ավելի կայուն, ամուր։ Կան նյութեր էլ, որոնք, հակառակը, պլաստմասսե իրերը դարձնում են ավելի փափուկ, ավելի ճկուն։
Այս նյութերն ազդում են մարդու առողջության վրա։ Առաջացնում են վերարտադրողական ֆունկցիայի խանգարում, հորմոնալ խանգարում, ալերգիկ երևույթներ», - Էկոլուրի հետ զրույցում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը։
«Միանվագ օգտագործման ջրի շշերն ամիսներով խանութում դրված են։ Գազավորված ըմպելիքը բացելիս, երբ գազը տատանվում է, ֆտալատի մասնիկներն անցնում են ըմպելիքի մեջ։ Սևանի ճանապարհին մենք տեսնում ենք չիչխանի հյութերի վաճառքը։ Դրանք, եթե մնում են արևի տակ, բարձր ջերմաստիճանի դեպքում ֆտալատն ավելի շուտ է արտազատվում»,- ասում է Քնարիկ Գրիգորյանը։ Նա կոչ է անում սննդի և հեղուկների համար օգտագործել ապակյա, ճենապակյա, ինչպես նաև էմալապատ մետաղյա իրեր։
«Այժմ մշակվում է պլաստմասսե աղտոտվածության մասին նոր կոնվենցիա, որն ուղղված է լինելու պլաստմասսե աղտոտվածությանն ու մարդու առողջությանը, շրջակա միջավայրի մաքրությանը»,- ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հաղորդակցության գծով մասնագետ Գոհար Խոջայանը։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն «Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում պլաստմասսե թափոնների կանխարգելման, նվազագույնի հասցնելու և վերամշակելու տարբերակների մասին տեղեկատվական-լուսավորչական աշխատանք և իրազեկության բարձրացում՝ պլաստմասսայով աղտոտվածությունը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա նվազագույնի հասցնելու համար» ծրագրի շրջանակում ուսումնասիրել և պարզել է, որ Հայաստանն ավելի մեծ քանակով ներմուծում է պլաստմասսե հումք և արտադրանք, քան արտահանում:
Բացի հումքից Հայաստան է ներկրվում նաև պլաստմասսե թափոն։ 2019-2022թթ․ ընթացքում ներմուծված պլաստմասսե թափոնների ամենաբարձր ծավալը եղել է 2021 թ.-ին՝ 452.5 տոննա։ 2022 թ.-ին ներմուծումը նվազել է մոտ 58%՝ հասնելով 191.5 տոննայի։
ՀԿ-ն Երևանում, Կոտայքում և Լոռիում հարցում է անցկացրել 327 հոգու հետ։ Ըստ արդյունքների՝ հարցվողների 70.3%-ը հաճախ է օգտագործում մեկանգամյա օգտագործման պլաստմասսե արտադրանք։ 71.9%-ն օգտագործված պլաստմասսե առարկաները դեն է նետում աղբամանի մեջ։
«Պլաստիկը աղբավայրում այրվում է այլ օրգանական նյութերի ազդեցության հետևանքով՝ արտանետելով բավականին մեծ քանակով դիոքսիններ։ Դիոքսիններն առաջացնում են քաղցկեղ»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը։
Հայաստանում պլաստիկ իրերի արտադրությամբ զբաղվում է 17 խոշոր և 122 փոքր ձեռնարկություն։ Այդ իրերի մի մասն օգտագործվում է փաթեթավորման համար։
Փաթեթավորման թափոնների խնդիրը պետք է կարգավորվի «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրենքի շրջանակում, որի նախագիծն այժմ շրջանառության մեջ է։
Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Հոկտեմբեր 20, 2025 at 18:30