Ինչպես լուծել Նուբարաշենի աղբավայրի խնդիրը

Ինչպես լուծել Նուբարաշենի աղբավայրի խնդիրը

Շուրջ 75 տարի մայրաքաղաք Երևանում շահագործվում է Հայաստանի ամենամեծ աղբավայրը։ Նուբարաշենի աղբավայրի տարածքը 52 հեկտար է, և այստեղ տարեկան տեղափոխվում է 365-440 հազար տոննա կենցաղային աղբ։ Նուբարաշենի աղբավայրը չի համապատասխանում որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշների, այն պարզապես աղբի կուտակման վայր է։ Հատկապես շոգ եղանակին աղբավայրում պարբերաբար բռնկվում են հրդեհներ՝ տարածելով քաղաքի վրա թունավոր ծուխ և գարշահոտություն։

Տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը խոստանում էր լուծել խնդիրը «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» միջոցով։ Այս ծրագրով նախատեսված էր գործող Նուբարաշենի աղբավայրի ռեկուլտիվացում և հարևանությամբ նոր սանիտարական աղբավայրի կառուցում, ինչի համար նախատեսվեց 26 միլիոն եվրո ֆինանսավորում՝ 8-ական միլիոն եվրոյի վարկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Եվրոպական ներդրումային բանկից, 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ Եվրոպական միությունից, 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ Շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P): Սակայն ծրագիրը չեղարկվեց։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի քան 1 տարի առաջ հայտարարեց, որ քննարկվում է նոր ծրագրի իրականացում Համաշխարհային բանկի հետ։ Իսկ այդ ընթացքում Նուբարաշենի աղբավայրը շարունակում է վնասել մարդկանց և շրջակա միջավայրին։

Երևանի Նուբարաշենի աղբավայրի խնդիրը քննարկվեց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում։

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Նուբարաշենի աղբավայրի խնդրի առնչությամբ հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ նշելով․ «Տևական ժամանակ է, Նուբարաշենի աղբավայրի հարցը չի լուծվում։ Եթե չեմ սխալվում, որոշում կա աղբի վերամշակման գործարանի երկփուլանի ծրագիր իրականացնել, որը եթե իրականանա, կլուծի աղբի ծավալների հարցը, բայց չի լուծելու, ըստ փորձագետների կարծիքիէ նաև հրդեհների վտանգի հարցը։ Ամեն դեպքում հրդեհներ և հրդեհի հետևանքով նաև մարդկանց առողջությանը վնաս հասցնելը շարունակվելու է։ Եթե չեմ սխալվում, ժամանակին նույն Նուբարաշենի աղբավայրում՝ 7 հա տարածքի վրա, ճապոնացիները գազի կորզման կայաններ էին տեղադրել, այդ առումով կցանկանամ Ձեր պատասխանը նաև լսել, թե ինչն է պատճառը, որ այդ ծրագիրը չշարունակվեց, հիմա չկա դա, և էլի նույն փորձագետների կարծիքն եմ ուզում փոխանցել Ձեզ, որ դա լուծելու էր հրդեհների խնդիրը։ Էլի մի քանի միլիոն եվրո արժողությամբ սարքեր են, բայց դա չափազանց կարևոր է, որ այդ խնդիրները կառավարվեն և լուծելի դառնան»։

Ի պատախան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց․ «Մենք շահագործման ենք հանձնել Կոտայքի և Գեղարքունիքի աղբավայրը։ 4 աղբավայրերի և 16 փոխաբեռնման կայանների ուսումնասիրության համար 2026թ. հատկացվում է 338,4 միլիոն դրամ։ Կունենանք ուսումնասիրության արդյունքները, կհասկանանք՝ մեզ իսկապես 4 է պետք, թե 3, թե 5, որ հատվածում է պետք, և սրա մեջ քննարկվում են նաև տարբերակներ, որ հնարավորություն է նաև Երևանի որոշ հատվածներ կամ Երևանում իրականացվի դրանցից մեկը։ Կարծում եմ այս քննարկման արդյունքում հնարավորություն կունենաք քաղաքապետարանի գործընկերներին կոնկրետ հարց տալ ծրագրի հետ կապված։ Ես Ձեր ասած ծրագրին՝ գազի կորզման նպատակով, չեմ տիրապետում, որովհետև այդ աշխատանքները մենք չենք համակարգում։ Փոխարենը պատրաստակամություն եմ հայտնում շարունակել քննարկել բոլոր գործընկերների հետ աղբի վերամշակման գործարանի կառուցման հարցը, որովհետև մենք այդպիսի քննարկում ունեցել ենք, և այս պահին տարբեր ծրագրեր ունենք ընթացքի մեջ՝ այդ թվում նաև էլեկտրաէներգիայի ստացման մասով, որը, կարծում եմ, Ձեր ասած նույն տրամաբանության մեջ է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարարությունը պատրաստ է շարունակել քննարկումը, պատրաստ է սկսել նոր քննարկումներ, եթե այս ոլորտով հետաքրքրվողներ կան, մենք սիրով իրենց կընդունենք մեր նախարարությունում, որովհետև հարցն իսկապես կարևոր է մեզ համար։ Աղբի վերամշակման գործարանը կլուծի նաև հրդեհների հարցը, որովհետև, որպես այդպիսին, մնացող աղբն այլևս հրավտանգ չէ։ Այն, ինչը հրավտանգ է, դրանք հիմնականում պոլիէթիլենն է, հիմնականում թուղթն է, հիմնականում ապակին է, որը, արևի այս կամ այն անկյան տակ հայտնվելով, դառնում է հրդեհի սկսման պատճառ։ Սրանք՝ բոլորը, դուրս են գալիս վերամշակման աղբից, և չվերամշակված է մնում միայն շինարարական աղբը, որը չպետք է հայտնվեր այդ աղբավայրում։ Որպես այդպիսին, աղբի վերամշակման գործարանն այդ հարցերի պատասխանը կտա։ Ցանկացած գործընկերոջ հետ պատրաստ ենք քննարկել աղբի վերամշակման գործարան կառուցելու հնարավորությունը»։

Նույն նիստի ընթացքում Գառնիկ Դանիելյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց աղբի վերամշակման գործարանի կառուցման ժամկետների մասին, ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց․ «Աղբավայրի խնդիրը 75 տարվա խնդիր է։ Մենք ֆիքսում ենք, որ դա մեր կարևորագույն խնդիրներից մեկն է։ 75 տարվա խնդիրը մի տարում չի լուծվելու։ Մենք ունենք 2 զուգահեռ պրոցես։ Պրոցես համար 1, մենք իրականացնում ենք մեր մասնավոր գործընկերներից ստացված հայտերով մրցույթ, որը տեղի է ունենալու 2 փուլով։ Շուտով առաջին փուլի մասին հայտարարելու ենք։ Այս պահին 4 խոշոր ընկերություն հետաքրքրված են նվազագույնը։ Առաջին փուլով ընկերությունները տալու են կոնցեպտուալ, թե ինչ են առաջարկում որպես լուծում, օրինակի համար նոր վերամշակման կայանն իրենք ինչպես են պատկերացնում։ Երևանի քաղաքապետարանը զտելու է այդ առաջարկվող լուծումներից իր համար ամենաընդունելի տարբերակը, և դնելու է արդեն 2-րդ փուլ։ Սա պրոցեսներից մեկն է։ Այստեղ պոտենցիալ կարող ենք ունենալ հաղթող, բայց որպեսզի մի հնարավորությամբ չսահմանափակվենք, մենք պարոն Խուդաթյանի հետ և պարոն Խուդաթյանի առաջնորդությամբ գնում ենք նաև մեր միջազգային ֆինանսական գործընկերների հետ խնդրի լուծման ճանապարհով, ովքեր ունեն լուծման՝ Հայաստանի Հանրապետության համար ընդհանուր պատկերով առաջարկություն, ուղղակի այդտեղ մեր միակ մտավախությունը ժամանակայինն է։ Այսինքն, թե ինչքան արդյունավետ ժամանակի մեջ կկարողանանք այդ 2-րդ ճանապարհով գնալ։ Հիմա այս երկու ճանապարհներից, մի օր, որ նստենք իրար հետ քննարկելու, արդեն կորոշենք, որ ճանապարհով է ավելի արդյունավետվ գնալը, և գնալու ենք այն ճանապարհով, որ մեզ տալու է լավագույն լուծումներն ամենասեղմ ժամկետում, որովհետև այս հրդեհների և մնացածի վտանգներն իրականում ավելացել են»։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի դասախոս, թափոնների կառավարման փորձագետ և ծրագրերի ղեկավար Հարություն Ալպետյանի կարծիքով՝ Նուբարաշենի աղբավայրում բռնկումների խնդիրը հնարավոր է լուծել, եթե աղբավայրի ամբողջ տարածքում իրականացվի աղբից գոյացող կենսագազի կորզման համակարգ։ Եվ, իհարկե, ողջ աղբավայրի տարածքում պետք է սահմանվի խիստ վերահսկողություն՝ կանխելու ռիսկերը։  Ներկայում կենսագազի հավաքման և այրման համակարգը գործում է աղբավայրի 7 հեկտար տարածքի վրա։ Դեռ 2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի հետ Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի ներքո կնքեց համաձայնագիր՝ Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի վերաբերյալ, որը կնպաստի աղբավայրում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը: Համաձայնագրի ժամկետի ավարտից հետո 2022 թվականին կայանն անհատույց օգտագործման իրավունքով անցավ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերությանը: «Շիմիձու» կորպորացիան առաջարկել էր ամբողջ աղբավայրի տարածքն օգտագործել կենսագազի հավաքման նպատակով և ստանալ էլեկտրաէներգիա, սակայն մերժում էր ստացել, ինչն արժանացել էր մասնագետների քննադատությանը։ Նրանք կարծում են, որ այս մեթոդը կլուծեր մայրաքաղաքի աղբավայրի կառավարման՝ ներառյալ հրդեհների խնդիրը։

«70 տարի հասակով աղբավայրը, կարծում եմ, լավագույն դեպքում մի 4-5 տարի էլ դեռ կծառայի։ Մենք ունենք շանս 5 տարի անց դադարեցնելու մեր աղբն ուղարկելու այդ աղբավայր, եթե ունենանք ինչ-որ համապատասխան նոր կարողություն։ Մեր պարագայում ես տեսնում եմ իդեալականին մոտ մի սխեմա․ Երևանը պետք է ագրեսիվորեն ընդլայնի իր տեսակավորման ծրագիրը, ամբողջ քաղաքը պետք է ծածկված լինի տեսակավորման թափոնամաններով։ Արդեն 5 տարի է՝ ունենք մասնակի ներդրված վերամշակելի թափոնների տեսակավորված հավաքում։ Երևանը սկսել է 130 կետից։ Քաղաքը պետք է ունենա  10 անգամ ավելի հատկացված տեղեր տեսակավորման թափոնամանների համար։ Բայց դա կապված է մեծ ներդրումների հետ», - ասաց Հարություն Ալպետյանը։

Ըստ նրա՝ աղբահանությունը մայրաքաղաքում պատշաճ կերպով չի իրականացվում։ Խնդիր է, որ աղբը ուշ է տարվում, թափոնամանները բաց են, որտեղ հասանելիություն ունեն կենդանիները, թռչունները։ «Շատ կարևոր է նաև հասկանալ՝ ինչ է արվում այդ աղբի հետ, երբ այն տարվում է քաղաքային միջավայրից», - նշեց Հարություն Ալպետյանը։

«Տեսակավորման շնորհիվ կլուծենք չոր վերամշակելի թափոնի գործածությունը, որը կազմում է 20-25% ողջ կոշտ կենցաղային թափոնների ծավալում։ Ունենք 50% օրգանական թափոն, որը կարող ենք դարձնել կենսագազ և կոմպոստ։ Մնում է 20-25%  մնացորդային աղբ, որը կարող է տեղադրվել սանիտարական աղբավայրում։ Բոլոր տարբերակներն էլ քննարկելի են, ամբողջ հարցն այն է, թե ինչ ծախսերի մասին է խոսքը։ Միշտ պետք է հիշել, որ 1 տոննա ցանկացած աղբ մշակելը, վերամշակելը, ցանկացած գործածության ենթարկելը գին ունի, և պետք է արվի ծախսերի և օգուտների վերլուծություն։ Միայն այդպես կարելի է հասկանալ, արդյոք աղբավայրում առկա աղբից ավելի նպատակահարմար է      էներգիա արտադրել, թե պարզապես այդ գազն այրել հատուկ վառարանում։ Ցանկացած աղբ կարելի է ենթարկել ինչ-որ գործածության։ Ամբողջ հարցն այդ գործածության գինն է։ Պետք է մշակել թափոնների կանխարգելման, նվազեցման և վերօգտագործման ռազմավարություններ կամ պլաններ», - ասաց մասնագետը։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։



Նոյեմբեր 07, 2025 at 16:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր