Նուբարաշենի գործող աղբավայրի փակման և հարակից տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցման «Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը» չեղարկվել է։ Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով Էկոլուրի հարցին քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մոտ մեկ տասնամյակից ավելի բոլորը փորձել են իրականացնել այդ ծրագիրը։ Ես անձամբ այդ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա և ասել եմ՝ ժողովուրդ ջան, այս ծրագիրը մենք չենք կարող իրականացնել, որովհետև ծրագրի հիմքում ներդրված տրամաբանությունը թույլ չի տվել՝ այս ծրագիրն իրականացվի։ Ես էլ չեմ հավատում հրաշքներին։ Եթե ինչ-որ մի ծրագիր 10 տարի չի իրականացվում, դա ուրեմն իրականացվող ծրագիր չի այլևս», - ասաց Տիգրան Ավինյանը։
Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացումը գնահատված էր 26 միլիոն եվրո, որից 8-ական միլիոն եվրո վարկի տեսքով պետք է տրամադրեին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկը, 8 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով՝ Եվրոպական միությունը և 2 միլիոն եվրոյի դրամաշնորհի տեսքով Շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (E5P)։ «Այդ ֆինանսական միջոցներն առկա չեն», - նշեց Տիգրան Ավինյանը։
Ըստ քաղաքապետի՝ քննարկվում է նոր ծրագրի իրականացում Համաշխարհային բանկի հետ։ «Ես առաջարկել եմ ավելի պրագմատիկ մոտեցմամբ գնանք։ Արդյո՞ք էրեբունու աղբավայրի ծրագիրը կիրականացվի։ Այո, կիրականացվի վստահաբար։ Համաշխարհային բանկն իրականացրել է համապատասխան հետազոտություն։ Ավելի լավ է մի քիչ ավելի շատ ժամանակ նախագծման վրա ծախսենք, ինչը Համաշխարհային բանկն իրականացրել է արդեն, այդ ժամանակը ծախսել է, բոլոր ելակետները ստացել է, և, ամենայն հավանականությամբ, հենց Համաշխարհային բանկի գործընկերների հետ մենք իրականացնելու ենք այդ ծրագիրը գալիք 3-4 տարիների ընթացքում», - ասաց Տիգրան Ավինյանը՝ չմանրամասնելով նոր ծրագիրը։
Նուբարաշենի աղբավայրը գործարկվել է դեռ 1950-ականներին։ 52 հեկտար մակերեսով այս աղբավայր տարեկան տեղափոխվում է 290-320 հազար տոննա կենցաղային աղբ։ Աղբավայրն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով, չի համապատասխանում միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշների և բացառապես հանդիսանում է որպես աղբի կուտակման վայր։ Այն շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր է։ Աղբավայրի փակումն օրակարգային է մայրաքաղաքի համար։
Տեսանյութը դիտեք 2։21։10 րոպեից։
Հուլիս 26, 2024 at 14:52