

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը Բուլղարիայում նոյեմբերի 10-14-ը մասնակցեցին կոշտ թափոնների կառավարման վերաբերյալ ուսումնասիրման այցին։ Այցը կազմակերպվել էր «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի աջակցությամբ՝ փորձի փոխանակման, գործընկերային կապերի հաստատման և նոր համագործակցությունների ձևավորման նպատակով։



Այցին մասնակցում էին քաղհասարակության ներկայացուցիչներ Չեխիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Մոնտենեգրոյից, Ուկրաինայից, Տաջիկիստանից և Ուզբեկստանից։

Այցի առաջին օրը մայրաքաղաք Սոֆիայում մասնակիցները հյուրընկալվեցին բուլղարական «Զա Զեմիատա» հասարակական կազմակերպության գրասենյակում, Բուլղարիայի առաջատար բնապահպանական հասարակական կազմակերպություններից է՝ գործում է 1995թ-ից՝ ի նպաստ շրջակա միջավայրի և տնտեսական արդարության։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց երկրների փորձը թափոնների կառավարման ոլորտում՝ խոսելով առկա խնդիրների, իրականացված ծրագրերի և կիրառվող լուծումների մասին։

Քննարկվեցին նաև այն ընդհանուր մարտահրավերները, որոնց բախվում են երկրները՝ թափոնների առաջացման կանխման և նվազեցման, տեսակավորման, վերամշակման, ենթակառուցվածքների զարգացման և քաղաքականությունների ներդրման համատեքստում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կենսաբանական թափոններին, որոնք կենցաղային թափոններում ամենամեծ մասնաբաժին ունեն։

Այցի երկրորդ օրը մասնակիցներն այցելեցին Սոֆիայի թափոնների մշակման ձեռնարկություն, ծանոթացան աշխատանքներին։

Այստեղ վերամշակելի թափոնները տեսակավորվում են, արտադրվում է աղբից չոր վառելիք, սննդային թափոններից անաերոբ եղանակով արտադրվում է բիոգազ, էլեկտրաէներգիա և ջերմություն, իսկ կոմպոստը պատրաստվում է այգու թափոններից, որոնք են հանրային կանաչ տարածքների խնամքի ժամանակ առաջացող տերևներն ու ճյուղերը։







Օրվա երկրորդ կեսին Բուլղարիայի մայրաքաղաքի թափոնների կառավարման խնդիրների ու փորձի մասին մասնակիցներին պատմեցին Սոֆիայի ավագանու «Սպասի Սոֆիա» խմբակցության անդամները։

Մասնակիցները հանդիպեցին նաև Սոֆիայի քաղաքային խորհրդի «Փրկեք Սոֆիան» տեղական քաղաքական կուսակցության ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացրին Բուլղարիայի մայրաքաղաքի թափոնների կառավարման մարտահրավերներն ու փորձը։ Կուսակցությունը սկիզբ է առել տեղական ակտիվ քաղաքացիական շարժումից։



Այցի շրջանակներում մասնակիցները եղան նաև Բլագոևգրադ քաղաքում, որտեղ ծանոթացան տեղի կոշտ թափոնների կառավարման համակարգի աշխատանքներին։


Գործարանի ենթակառուցվածքներն ընդգրկում են սանիտարական աղբավայր, խառը թափոնների տեսակավորման հոսքագիծ, կենսագազի, էլեկտրաէներգիայի, ջերմության արտադրության ժամակակից կայաններ, կանաչ թափոններից կոմպստացման արտադրամաս։







Տեղական իշխանության ներկայացուցիչները Բլագոևգրադի քաղաքապետարանում մասնագետները ներկայացրին իրենց փորձը՝ առանձին թափոնների հավաքման, տեղական շահագրգիռ ՀԿ-ների, դպրոցների հետ համագործակցության, քաղաքացիների հետ հաղորդակցության վերաբերյալ։

«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի «Քաղաքները մարդկանց համար ռազմավարական ուղղության առաջնորդ Ֆիդանկա Մըքգրեյթը, Էկոլուրի հետ փոխանակման այցի կարևորության մասին խոսելով, ասաց․ «Մեզ համար կարևոր էր լսել միմյանց և հասկանալ, թե յուրաքանչյուր երկրում ինչ խնդիրներ և ինչ լուծումներ կան։ Մարտահրավերները բազմաթիվ են՝ սկսած համայնքների իրազեկումից մինչև փորձագիտական աջակցություն՝ համակարգերի ու լուծումների նախագծման ժամանակ։ Կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը մասնակցի նաև այն նախագծերի վերաբերյալ ներդրումային որոշումների ընդունման գործընթացին, որոնք ֆինանսավորվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ միջոցների և Ասիական զարգացման բանկի կողմից։ Մեր հաջորդ քայլը այս փորձի ու լուծումների շարունակական փոխանակումն է»։

Ֆիդանկա Մըքգրեյթը նշեց, որ քննարկվում է հեռավար ռեսուրս կենտրոն ստեղծելու գաղափարը, որտեղ կհավաքվեն քաղաքացիական հասարակության գիտելիքներն ու փորձը՝ գործիքներ, ուղեցույցներ, հաջողված դեպքերի ուսումնասիրություններ։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ այս նյութերը հասանելի լինեն բոլոր երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի։ «Այս հրապարակումներից մի մասը կարող են թարգմանվել հայերեն, որպեսզի դրանք կիրառվեն Հայաստանի քննարկումներում՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է առաջ ընթանալ համակարգի բարելավման ուղղությամբ։ Քանի որ այս օրինակն արդեն փորձարկված է, մեզ անհրաժեշտ չէ ամեն ինչ զրոյից ստեղծել․ պետք է պարզապես հարմարեցնել այն Հայաստանի պայմաններին»,– ասաց նա՝ ընդգծելով, որ դրա համար պետք է ակտիվ երկխոսություն վարել տեղական փորձագետների, քաղաքների և ֆինանսավորող բանկերի հետ։

Մըքգրեյթը հավելեց, որ CEE Bankwatch Network-ը շարունակելու է աջակցել ներգրավված մասնագետներին՝ ինչպես իրենց փոխադարձ համագործակցության, այնպես էլ տեղական մակարդակում իրականացվող աշխատանքների ընթացքում, նպաստել կապերի հաստատմանը այն կառույցների հետ, որոնք ֆինանսավորում են թափոնների կառավարման ոլորտի նախագծերը։

Դեկտեմբեր 11, 2025 at 12:23
