

Հայաստանը պատրաստվում է երկրում ներդնել Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգ։
ԱԸՊ համակարգը հատուկ ապրանքներ արտադրողներին կամ ներմուծողներին պատասխանատու է դարձնում այդ ԱԸՊ ապրանքների սպառումից առաջացող հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության համար։
Ընկերությունները ստեղծելու են Արտադրողի պատասխանատվության կազմակերպություններ (ԱՊԿ), որոնց միջոցով իրականացնելու են հատուկ թափոնների տեսակավորված հավաքում, վերամշակում կամ վնասազերծում։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տեխնիկական աջակցությամբ մշակել և արդեն իսկ «Իրավական ակտերի նախագծերի առցանց՝ www.e-draft.am հարթակում շրջանառել է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրենքի նախագիծը և հարակից օրինագծերը։

Բուլղարիայում արդեն 20 տարի գործում է ԱԸՊ համակարգը։ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը CEE Bankwatch Network միջազգային ցանցի աջակցությամբ նոյեմբերին Բուլղարիա կատարած աշխատանքային այցի ժամանակ ծանոթացան Բուլղարիայում ԱԸՊ գործունեությանը։


Այն Էկոլուրի հետ զրույցում ներկայացրեց CEE Bankwatch Network-ի «Քաղաքներ մարդկանց համար» նախաձեռնության ղեկավար Եվգենիա Տաշևան, ով 15 տարի եղել է Բուլղարիայի առաջատար «Զա Զեմիատա» բնապահպանական ասոցիացիայի «Զրո թափոն» թիմի անդամ։

2024թ․ «Զա Զեմիատա»-ն հրապարակեց «Զուգահեռ իրականություններ․ պլաստիկ փաթեթավորման թափոնների կառավարումը Բուլղարիայում՝ պաշտոնական վիճակագրությունից դուրս» զեկույցը։


Էկոլուրի հետ զրույցում Տաշևան նշեց, որ ԱԸՊ համակարգի շրջանակներում Բուլղարիայում փաթեթավորման թափոնների գործածության համար գործում է 4 ԱՊԿ։ «Մի ԱՊԿ օգտագործում է միայն երկու տարա, մեկը՝ ապակու, իսկ մյուսը՝ թղթի, պլաստմասի և մետաղի համար, մինչդեռ մեկ այլ կազմակերպություն երեք տարա է օգտագործում՝ թուղթն առանձնացնելով։ Այս տարբերությունները նույնիսկ նույն քաղաքի՝ Սոֆիայի ներսում շփոթեցնում են մարդկանց և դժվարացնում ճիշտ տեսակավորումը»,- ասաց նա։

Բուլղարիայում ԱՊԿ-ներն ունեն իրենց սեփական տեսակավորման կայանները, որտեղ էլ տեսակավորում են հավաքված փաթեթավորման թափոնները։ Սովորաբար ԱՊԿ-ներն իրենց թափոնամաններից հայտնաբերված չվերամշակվող թափոններն ուղարկում են համայնքային աղբավայր։ Դրա պատճառով Սոֆիայի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել պարտավորեցնել ԱՊԿ-ներին վճարել աղբավայր ուղարկված թափոնների համար և ավելացնել տեսակավորման տարաների քանակը։ ԱՊԿ-ները դատարանում վիճարկում են այս որոշումը՝ պնդելով, որ պատշաճ կերպով տեղեկացված չեն եղել նախագծի մասին և չեն մասնակցել քննարկումներին։

«Եթե Սոֆիայի տեղական իշխանություններին հաջողվի ԱՊԿ-ների հետ պայմանավորվել ավելի լավ ծածկույթի, մատչելիության և արդար բաշխվածության վերաբերյալ, դա դրական ազդակ կլինի Բուլղարիայի առանձին քաղաքներում թափոնների տեսակավորման ու կառավարման համակարգերի որակի և արդյունքների բարձրացման համար»,- ասում է Եվգենիա Տաշևան։

ԱՊՀ համակարգը բացի փաթեթավորում ունեցող ապրանքներից նաև ներառում է էլեկտրոնային ապրանքներ, մարտկոցներ, շահագործումից դուրս եկող տրանսպորտային միջոցներ, շարժիչային յուղեր, անվադողեր և այլ։ «Կարծում եմ, որ մարդկանց համար դժվար է հասկանալ, թե ինչպես պետք է վարվեն այս ապրանքներից առաջացած թափոնների հետ, քանի որ փողոցներում փաթեթավորման համար նախատեսված գունավոր թափոնամաններից բացի, այս թափոնների համար պարտադիր չէ թափոնամանի առկայությունը, որ շատ հեշտ լինի գտնել։ Միայն փոքր մարտկոցների դեպքում մարտկոց վաճառող խանութներում տեղադրված են հատուկ թափոնամաններ, որտեղ մարդիկ թողնում են իրենց հին մարտկոցները»,- ասաց Եվգենիա Տաշևան։
Եվգենիա Տաշևան ասաց, որ ԱԸՊ համակարգի թույլ կողմերից է թափոնների վիճակագրական տեղեկատվության որակը։ Օրինակ, առկա են լուրջ տարբերություններ ԱՊԿ-ների կողմից շուկա հանված փաթեթավորման ապրանքների տվյալների և ազգային մակարդակով հավաքվող նույն տվյալների միջև, մի թերություն, որը վաղուց արդեն արձանագրված է ինստիտուցիոնալ վերլուծություններում, սակայն մինչ օրս չի լուծվել։

Օրինակ, ԵՄ վիճակագրական գրասենյակ՝ Eurostat, ներկայացած Բուլղարիայի պաշտոնական հաշվետվությունները պնդում են, որ երկիրը պլաստիկ փաթեթավորման թափոնների վերամշակման ԵՄ միջին մակարդակից բարձր ցուցանիշ է ապահովում, մինչդեռ վերջին հրապարակային 2019թ․ տվյալները ցույց են տալիս, որ համայնքային թափոնների վերօգտագործման և վերամշակման մակարդակը երկրի համայնքների կեսում 10%-ից ցածր է։ Նույնիսկ որոշ մարզային քաղաքներում և հայտնի զբոսաշրջային բնակավայրերում անգամ չկա տեսակավորման թափոնամանների արդյունավետ համակարգ։ Ստացվում է, որ պլաստիկ փաթեթավորման թափոնների զգալի մասը չի հավաքվում առանձին, այլ դրվում է խառը կենցաղային թափոնների հետ։ Այդպիսով՝ դրանց վերջնական մշակման (այրման կամ աղբավայրում տեղակայման) պատասխանատվությունը փոխանցվում է համայնքներին, որոնք ոչ միայն ֆինանսական սահմանափակումներ ունեն, այլև չեն կիրառում օպտիմալ և ծախսարդյունավետ թափոնների կառավարման մեթոդներ։

«Երբ համեմատում ենք Ազգային վիճակագրական ինստիտուտի ներկայացրած փաթեթավորման թափոնների ծավալները տեսակավորման թափոնամանների քանակի, տարողության հետ, ապա ակնհայտ է, որ ԱՊԿ-ների նկատմամբ պահանջները մեծ քաղաքներում չափազանց ցածր են։ Իրականում առաջացող փաթեթավորման թափոնները լիովին հավաքելու համար անհրաժեշտ կլիներ, որ տեսակավորման թափոնամանները տեղակայված լինեին յուրաքանչյուր բնակավայրում, և դրանք կամ պետք է օրական դատարկվեին մի քանի անգամ, կամ դրանց քանակը պետք է ավելացվեր 2.5-3 անգամ»,- ասում է Եվգենիա Տաշևան։

ԱՊԿ-ները չեն մտնում 5000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքներ։ Այստեղ առաջանում է մեկ այլ խնդիր։ Ակնհայտ է, որ արտադրողների կողմից վճարված ապրանքային վճարները ներառվել են համակարգում ընդգրկված ապրանքների սպառողական գների մեջ, որպեսզի ապահովվի թափոնների պատշաճ կառավարում ԱՊԿ-ների կողմից։ Արդյունքում փոքր բնակավայրերի բնակիչները վերջում վճարում են այդ ապրանքների համար վճարներ, սակայն նրանց հնարավորություն չի տրվում իրենց համայնքներում առաջացած թափոններն առանձին հավաքել և վերամշակել, քանի որ ԱՊԿ-ն չի աշխատում այդ բնակավայրերում։
«Սա պետք է փոխվի։ Հույս ունենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը կբարձրացնի պահանջները, և նրանք խոստացել են դա անել։ Մենք սպասում ենք ավելի բարձր պահանջների, որ յուրաքանչյուր բնակավայր պետք է սպասարկվի։ Սա կապված է նաև Բուլղարիայի օրենսդրության մեկ այլ փոփոխության հետ, որը շատ կարևոր է բոլորի համար։ Ներդրվելու է «Վճարիր, որքան թափում ես» սկզբունքը, որով էլ կհաշվարկվի աղբահանության վճարը տնային տնտեսությունների համար»,- ասաց Եվգենիա Տաշևան։

Մյուս խնդիրն այն է, որ ԱՊԿ-ները Բուլղարիայում, ըստ փորձագետի, սահմանված թիրախներին հասնում են բիզնեսների՝ հյուրանոցների, մանրածախի, առևտի կենտրոնների հետ աշխատելով, միաժամանակ տնային տնտեսություններից շատ ավելի քիչ փաթեթավորման թափոններ հավաքելով փողոցային տեսակավորման թափոնամանների միջոցով։

«Այս խնդիրը վաղուց լուծվել է այլ երկրներում, ինչպես օրինակ Ավստրիայում, որտեղ պարզապես պահանջում են, որ կազմակերպություններն առանձին զեկուցեն բիզնեսից հավաքված թափոնների և տնային տնտեսություններից հավաքված թափոնների մասին։ Նաև ԱՊԿ-ները պետք է ունենան առանձին բարձր նպատակներ, որոնց պետք է հասնեն, ինչն իր հերթին կմոտիվացնի նրանց ավելի շատ տեղեկատվական արշավներ կազմակերպել և ավելի շատ տեսակավորման թափոնամաններ տեղադրել»,- ասաց Եվգենիա Տաշևան։
Հարցին, թե ինչ խորհուրդ կտա այն երկրներին, որոնք պատրաստվում են ներդնել ԱԸՊ համակարգ, Տաշևան ասաց․ «Ինձ համար ամենակարևորը թափանցիկությունն է։ Տվյալները պետք է լինեն ճշգրիտ և հուսալի, ստուգվեն երրորդ կողմի կողմից։ Տվյալներ ասելով՝ նկատի ունեմ շուկայում փաթեթավորման ապրանքների քանակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, քանի որ սա է հիմքը վերջնական արդյունքում վերամշակվող թափոնի քանակի հաշվարկման համար։

Բացի այդ, իրավական պահանջները պետք է հաշվի առնեն, թե արդյոք շուկայում առկա փաթեթավորման կոնկրետ տեսակը վերամշակվող է, թե ոչ, կամ դժվար է վերամշակել, ապա դրա համար սահմանեն տարբեր վճար, որը վճարվում է արտադրողների կողմից, ովքեր ֆինանսավորում են այս համակարգը։ Յուրաքանչյուր արտադրող պետք է վճարի ԱՊԿ-ին՝ համաձայն շուկա հանված փաթեթավորման ապրանքի քանակի և տեսակի։ Եվ որքան ավելի չվերամշակվող է փաթեթավորումը, այնքան ավելի բարձր վճար պետք է վճարեն։
Մենք պետք է պնդենք ավելի շատ վերամշակվող փաթեթավորում ունենալ, բայց նաև կարծում եմ, որ պետք է լինեն պահանջներ վերաօգտագործելի փաթեթավորման քանակը մեծացնելու համար, որովհետև շատ ավելի լավ է կրկին օգտագործել, քան նյութերը վերամշակել»։
Դեկտեմբեր 23, 2025 at 14:36
