Էներգետիկայի ոլորտում ՀԸԳՀ-ի իրականացումը․ օրենքների մոտարկում, համակարգային բացեր

Էներգետիկայի ոլորտում ՀԸԳՀ-ի իրականացումը․ օրենքների մոտարկում, համակարգային բացեր

2026թ. փետրվարի 18-ին Երևանում տեղի ունեցավ «ՀԳԸՀ (CEPA) իրականացումը քաղաքացիական հասարակության տեսանկյունից․ մարտահրավերներից դեպի հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը։ Ներկայացվեցին 2024-2025 թթ. ընթացքում անկախ փորձագետների կողմից իրականացված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարողականի մշտադիտարկման արդյունքները։

Ծավալվեց քննարկում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և անկախ փորձագետների միջև։




Մշտադիտարկումն իրականացվել է ԵՄ աջակցությամբ՝ GOPA Partners in Action for Change and Engagement կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀԸԳՀ-ի մոնիթորինգին, իրականացմանը և հաղորդակցությանը» ENI/2023/442-873 ծրագրի շրջանակում:

ՀԸԳՀ-ն ստորագրվել է 2017թ․ Հայաստանի Հանրապետության, Եվրոպական միության, Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և դրանց անդամ պետությունների միջև։ Հայաստանը պարտավորվել է իր օրենսդրությունը մոտարկել եվրոպական օրենսդրությանը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։

«ՀԸԳՀ-ի ներքո էներգաարդյունավետության դրույթների իրականացմանն ուղղված գործողությունների մշտադիտարկում» թեմայով զեկուցումը ներկայացրեց Ծրագրի փորձագետ Աստղինե Պասոյանը։

«Մենք եվրոպական դիրեկտիվները համեմատել ենք մեր օրենսդրության հետ, որովհետև ՀԸԳՀ-ն մոտարկման ուղղություններ է տալիս Հայաստանին։ Էներգետիկայի ոլորտում կա շուրջ 74-75 իրավական փաստաթուղթ, որոնք Հայաստանը պետք է մոտարկեր մինչև 2026թ․»,- ասաց Աստղինե Պասոյանը։ Ըստ նրա՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ ուղղություններ փաստացի դուրս են մնացել գործընթացից։ Խոսքը, մասնավորապես, էներգասպառող սարքավորումների՝ սառնարանների, հեռուստացույցների և այլ տեխնիկայի կարգավորումների մասին է։ «Այդ տեխնիկական կարգավորումները կարող են մտնել կոնֆլիկտի մեջ Եվրասիական տնտեսական միության կարգավորումների հետ։ ԵԱՏՄ կարգավորումները պարտադիր են, իսկ ՀԸԳՀ-ն ավելի գործընկերային դաշտում է, այդ ամբողջ բլոկը բաց է թողնվել», - նշեց նա։

Արդյունքում, ըստ Աստղինե Պասոյանի, փաստացի աշխատանքը կենտրոնացել է չորս հիմնական դիրեկտիվների վրա՝ էներգաարդյունավետություն, շենքերի էներգետիկ ցուցանիշներ, վերականգնվող էներգետիկա և էլեկտրաէներգետիկ ներքին շուկաներ։

Այս ուղղություններով հիմնարար խնդիր է առաջացել ճանապարհային քարտեզի հետ կապված։ «Քաղծառայողներն իրենց պարտականությունները կարդում են ճանապարհային քարտեզից։ Բայց ճանապարհային քարտեզում վկայակոչված են հին դիրեկտիվներ, և նշված չէ, որ մոտարկումը պետք է լինի դինամիկ։ Մինչդեռ ՀԸԳՀ-ն պահանջում է դինամիկ մոտարկում․ այսինքն՝ յուրաքանչյուր նոր դիրեկտիվի ընդունումից հետո պետք է իրականացվի նոր համապատասխանեցում։ Դա է անում ամբողջ Եվրամիությունը։ Ցանկացած դիրեկտիվի մոտարկում արվում է համընթաց և անընդհատ։ Դու մոտարկում ես գործող տարբերակին, հետո դուրս է գալիս նորը, հինը դնում ես կողքի, շարունակում ես լավացնել օրենսդրությունը։ Դա չի նշանակում, որ մեր նախկին ջանքերը ապարդյուն էին, դիրեկտիվն անցնում է իր էվոլյուցիոն նոր շրջանը, որտեղ զարգանում է»,- ասաց Աստղինե Պասոյանը։

Այսօր արդեն 2023-2025թթ․ ընդունված նոր դիրեկտիվները զգալի փոփոխություններ են մտցրել էներգաարդյունավետության, շենքերի համապարփակ ջերմաարդիականացման և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։ Սակայն, ըստ ուսումնասիրության արդյունքների, նախարարություններում որևէ պաշտոնյա չի իմացել, որ ունի պարտավորություն՝ հետևելու նոր տարբերակներին։

«Նոր դիրեկտիվները հայերեն չեն թարգմանվել։ Մարդիկ նյութ չեն ունեցել, որի հետ աշխատեն։ Իսկ ճանապարհային քարտեզում դինամիկայի մասին ոչինչ գրված չէ։ Աշխատել են հին փաստաթղթերով, որոնք վաղուց ուժը կորցրել են»,- նշեց նա։

Արագ զարգացող արևային էներգետիկա՝ առանց համակարգի համաչափ զարգացման

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանը վերջին տարիներին գրանցել է արագ աճ, հատկապես արևային էներգետիկայի մասով։ Սակայն, ըստ Աստղինե Պասոյանի, այս զարգացումը չի ուղեկցվել էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացմանը համընթաց։ «Արևային համակարգերը զարգանում են և արտադրում են էլեկտրաէներգիա ավելի արագ, քան մեր էներգահամակարգը կարող է կլանել ու տեղաբաշխել։ Արևային գեներացիան ժամանակով կարգավորվող չէ։ Չես կարող ասել՝ հիմա մի արտադրի, երեկոյան արտադրի, երբ ինձ պետք է։ Արդյունքում այն սկսում է մրցել ջերմաէլեկտրակայանների, նույնիսկ ատոմակայանի արտադրության հետ», - ասաց փորձագետը։

Միաժամանակ կան ենթակառուցվածքային խնդիրներ ՀԷՑ-ում։ «Արտադրված էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի, հասնի սպառողին։ Բայց ցանցերում կան տեխնիկական կորուստներ, լարման խնդիրներ։ ՀԷՑ-ը չի կարողանում ամբողջ ծավալը հաջող իրականացնել», - նշեց նա։

Այս երկու գործոնները միասին, ըստ Աստղինե Պասոյանի, ստեղծել են համակարգային բալանսավորման խնդիր։

Նրա գնահատմամբ, վերականգնվող էներգետիկայի թիրախները պետք է վերանայվեն։ «Արևային էներգետիկան զարգացավ ավելի արագ, քան տնտեսությունը։ Բայց էներգաարտադրությունը պետք է համընթաց լինի սպառման աճին։ Հայաստանի էներգասպառումը չի աճում այն տեմպերով, որ անհրաժեշտ լինեն այդքան նոր հզորություններ։ Միաժամանակ 2023թ․ կառուցվել է նոր՝ 250 մեգավատ հզորությամբ շոգեգազային տուրբինային կայան։ Այդ կայանը պետք է արտադրի և վաճառի։ Բայց ի՞նչ անել, եթե նույն ժամին վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիա է արտադրվում, որը օպերատորը պարտավոր է վերցնել», - ասաց նա։

Աստղինե Պասոյանը շեշտեց կուտակման անհրաժեշտությունը։ «Եթե ուզում ենք, որ արևային էներգիան լինի կառավարելի և հուսալ

ի, պետք է այն կուտակել։ Եթե չես կուտակում, այն պիկեր է տալիս այն ժամանակ, երբ սպառումը նվազագույնն է»։

Մեկ այլ խնդիրը տեխնիկական ստանդարտների բացակայությունն է։ «Այստեղ կան պլանավորման, համակարգի հուսալիության, էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների որակական ստանդարտների, հուսալիության, լարման և այլ խնդիրներ։  Պետությունը երկար ժամանակ չի սահմանել արևային կայանների նախագծման և կառուցման տեխնիկական ստանդարտներ։ Շատ կայաններ կառուցվել են առանց միասնական պահանջների», - նշեց նա։

Սա հանգեցնում է նաև հողերի օգտագործման ռիսկերի։ «Եթե վերցնում ես բերրի հողը և դարձնում էներգետիկ հող, նվազեցնում ես պարենային անվտանգությունը։ Եթե վահանակները տեղադրում են հողի բերրի շերտին մոտ, վնասում են այն։ Իսկ երբ 35 տարի հետո կայանի կյանքը ավարտվի, ի՞նչ է լինելու այդ հողի հետ»,- ասաց Աստղինե Պասոյանը։

Նրա խոսքով՝ չկա հստակ ռազմավարություն՝ ինչպես պետք է վերականգնվի հողը կամ ինչպես են կառավարվելու ապագայում այդ թափոնները։

2021թ․ ներկայացվել էր օրենսդրական նախաձեռնություն՝ արգելելու գյուղատնտեսական բերրի հողերի կատեգորիայի փոփոխությունն էներգետիկ նպատակներով։ Սակայն, ինչպես նշում է Աստղինե Պասոյանը, այդ պահին արդեն ռազմավարությամբ նախատեսված հողերի մեծ մասի կատեգորիան փոխված էր, հատկացումներն՝ արված։

Փետրվար 23, 2026 at 14:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր