

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Այն ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Ըստ նախագծի՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, բացօթյա և շրջիկ առևտրի կետերում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։
Բացառություն կսահմանվի կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով տարաների համար։
Արգելքի խախտման համար սահմանվում է պատասխանատվություն․ առաջին խախտման դեպքում՝ նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերում՝ տուգանք 100-150 հազար դրամի չափով։
Արա Մկրտչյանը նշեց, որ մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական կարևոր քայլ է։ «COP-17-ի նախաշեմին Հայաստանը պետք է ներկայանա որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն»,- ասաց նա։
Փետրվար 16, 2026 at 16:29
