

Հայաստանում մի շարք բիզնեսներ արդեն պատրաստվում են «կանաչ անցման»՝ վերանայելով իրենց գործունեությունը թափոնների կառավարման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեսանկյունից։ Որոշ բիզնեսներ էլ արդեն գործուն քայլեր են անում այս ուղղությամբ։ Այս գործընթացի հիմնական խթաններից է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի նախատեսվող ներդրումը, որը նախատեսում է, որ որոշակի ապրանքներ արտադրողներն ու ներմուծողները պատասխանատվություն կկրեն այդ ապրանքների օգտագործումից հետո առաջացած թափոնների հավաքման, տեսակավորման, վերամշակման և անվտանգ չեզոքացման համար։
ԱԸՊ համակարգն արդեն երկար տարիներ գործում է եվրոպական երկրներում, իսկ Հայաստանը ևս քայլեր է ձեռնարկում դրա ներդրման ուղղությամբ։ Բիզնես ոլորտին այս գործընթացում խորհրդատվական աջակցություն է տրամադրվում ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակներում։
Տեսանյութում «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի՝ մասնավոր ոլորտի ներգրավման բիզնես խորհրդատու Սիլվա Մեսրոպյանը ներկայացնում է Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրման, բիզնեսների արձագանքի և շրջանաձև տնտեսության զարգացման հնարավորությունները։
Տեսանյութում Սիլվա Մեսրոպյանը նշում է, որ ԱԸՊ համակարգը կարող է ազդեցություն ունենալ ամբողջ արտադրական շղթայի վրա՝ սկսած արտադրանքի նախագծումից և փաթեթավորումից։ Նրա խոսքով՝ եթե ընկերությունը գիտի, որ ապագայում ստիպված է լինելու վճարել իր արտադրանքի արդյունքում գոյացող թափոնների համար, սկսում է վերանայել օգտագործվող նյութերը, դիզայնը և փաթեթավորման մոտեցումները։
Տեսանյութում մասնագետը նշում է, որ հայկական որոշ բիզնեսներ արդեն կիրառում են շրջանաձև տնտեսության սկզբունքներ՝ հաճախ նույնիսկ չգիտակցելով դա։
Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Մայիս 18, 2026 at 13:47
