Էկոլուրի նոր տեսանյութը՝ մարտկոցների և էլեկտրոնային թափոնների խնդրի մասին

Էկոլուրի նոր տեսանյութը՝ մարտկոցների և էլեկտրոնային թափոնների խնդրի մասին

Էկոլուրը հրապարակել է նոր տեսանյութ, որում բարձրացվում են Հայաստանում մարտկոցների և էլեկտրոնային սարքավորումների թափոնների կառավարման խնդիրները։

Օր օրի աճում է մարտկոցներով աշխատող սարքերի օգտագործումը՝ կենցաղային տեխնիկայից մինչև խաղալիքներ, արդեն նաև գրքեր։ Սակայն դրանց շահագործման ժամկետի ավարտից հետո մեծ մասը հայտնվում է աղբավայրերում։ Մարտկոցները համարվում են վտանգավոր թափոններ․ դրանք պարունակում են ծանր մետաղներ, որոնք աղտոտում են հողը և ստորերկրյա ջրերը, անցնելով նաև սննդային շղթա, ազդում մարդու առողջության վրա։

Տեսանյութում անդրադարձ է կատարվում Հայաստանում այս խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մասնավորապես, մշակվել է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) մասին օրենսդրական փաթեթ, որի ընդունման դեպքում ներմուծողները և արտադրողները պատասխանատվություն կկրեն իրենց արտադրանքից գոյացած թափոնների կառավարման համար։

Էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող «ՎԵԳԱ» ընկերությունը Հայաստանում այն եզակի կազմակերպություններից է, որը սեփական նախաձեռնությամբ իրականացնում է օգտագործված մարտկոցների ու էլեկտրոնային թափոնների հավաքում և վերամշակման կազմակերպում։ Ընկերությունը ստացել է վտանգավոր թափոնների կառավարման լիցենզիա և իր խանութներում տեղադրել  հատուկ ընդունման սարքեր, որոնց միջոցով քաղաքացիները կարող են հանձնել օգտագործված մարտկոցները և ստանալ հետվճար՝ ընկերության քարտի վրա։

Տեսանյութում «ՎԵԳԱ» ընկերության զարգացման գծով տնօրեն Արթուր Չոբանյանը ներկայացնում է իրենց փորձը, անդրադառնում օրենքի գործարկման դեպքում սպասվող փոփոխություններին։ 

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։



Մայիս 25, 2026 at 17:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր