Հայաստանում նախատեսվում է վերամշակել էլեկտրական մեքենաների, արևային կայանների և կենցաղային սարքերի մարտկոցները

Հայաստանում նախատեսվում է վերամշակել էլեկտրական մեքենաների, արևային կայանների և կենցաղային սարքերի մարտկոցները

2026թ․ հուլիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանում տեղի կունենա «Մել Մետալ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արտաշատ բնակավայրի արդյունաբերական գոտում էլեկտրական ավտոմեքենաների և էլեկտրատեխնիկական կենցաղային սարքերի մարտկոցների վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։

«ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել բանեցված կապարաթթվային մարտկոցների արտադրության վերազինման, գործող արտադրության ընդլայնման, ինչպես նաև բանեցված լիթիումային մարտկոցների վերամշակման հոսքագծի տեղադրման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։ 

Նախաձեռնությունը ներառում է նոր սարքավորումների ձեռքբերում, որոնք թույլ կտան վերամշակել կապարաթթվային, ինչպես նաև էլեկտրական ավտոմեքենաների, տարբեր էլեկտրական և էլեկտրատեխնիկական կենցաղային սարքերի մարտկոցները։ Այդ նպատակով գործող արտադրական տարածքում առկա մասնաշենքում նախատեսվում է տեղադրել տարբեր տեսակի մարտկոցների վերամշակման երկու փակ հոսքագիծ։ Նոր արտադրամասերում կապարաթթվային, լիթիում-իոնային և այլ կարգի մարտկոցների վերամշակումը և մետաղների առանձնացումը նախատեսվում է իրականացնել մեխանիկական և մագնիսական եղանակով՝ առանց մետաղների վերամշակման և ձուլման գործընթացների։

Հոսքագծերի առավելագույն արտադրողականությունը էլեկտրական մեքենաների և արևային էլեկտրակայանների չոր մարտկոցների ու կուտակիչների համար տարեկան կկազմի մինչև 20 հազար տոննա, իսկ կենցաղային էլեկտրատեխնիկական սարքերի չոր մարտկոցների համար` 8-10 հազար տոննա տարեկան։ Ընդհանուր արտադրողականությունը կկազմի 28-30 հազար տոննա տարեկան։ Սկզբնական փուլում նախատեսվում է վերամշակել 4-6 տոննա էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցներ՝ հետագայում ծավալների ավելացմամբ։

Կապարաթթվային մարտկոցների վերամշակման արտադրողականությունը, ըստ օգտահանված կապարի, նախատեսվում է մինչև 6 հազար տոննա տարեկան։ Ընկերությունը նախատեսում է հավաքել միայն ավտոտրանսպորտային միջոցների կապարաթթվային մարտկոցներ։

Հաշվետվության համաձայն՝ բոլոր տեսակի բանեցված մարտկոցների վերամշակումը նախատեսվում է իրականացնել փակ հոսքագծերում, որոնք տեղադրվելու են փակ շինության մեջ։ Նշվում է նաև, որ լիթիում-իոնային չոր մարտկոցների վերամշակման ընթացքում ջուր չի օգտագործվելու, և արտադրական արտահոսք չի առաջանալու։

Ծրագրի իրականացման տարածքը գտնվում է Արտաշատ քաղաքի արդյունաբերական գոտում, որտեղ գործում են նաև այլ արտադրական կազմակերպություններ, սպասարկման օբյեկտներ և պահեստային տարածքներ։ Մոտակա բնակելի տները գտնվում են ավելի քան 304 մետր հեռավորության վրա։

Գործունեությունը նախատեսվում է իրականացնել «ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ին պատկանող արտադրական տարածքում։ Տարածքի մակերեսը կազմում է 1.2346 հեկտար։ Այստեղ առկա են արտադրական, պահեստային և վարչական շինություններ, իրականացվում են գունավոր և սև մետաղների ընդունում, պահեստավորում և վաճառք։ 

Գործող արտադրամասի առավելագույն տարեկան արտադրողականությունը, ըստ վերամշակվող բանեցված մարտկոցների, կազմում է 2000 տոննա։ Այս գործունեության համար ընկերությունը 2022թ․ դեկտեմբերին ստացել է ԲՓ №0192-22 դրական փորձաքննական եզրակացությունը։

Նախաձեռնության շրջանակում ընկերությունը նախատեսում է նորակառույց մասնաշենքի երկու առանձնացված հատվածներում տեղադրել՝

  • էլեկտրական ավտոմեքենաների, տարբեր տեսակի արևային էլեկտրակայանների կուտակիչների և կենցաղային էլեկտրատեխնիկական սարքերի չոր տեսակի մարտկոցների վերամշակման փակ հոսքագիծ
  • կապարաթթվային մարտկոցների վերամշակման արդիական տեխնոլոգիական լուծումներով նախագծված փակ հոսքագիծ։

Ըստ փաստաթղթի հեղինակների՝ նախաձեռնության կարևորությունը պայմանավորված է հանրապետությունում տրանսպորտային միջոցների քանակի նկատելի աճով, հատկապես էլեկտրական ավտոմեքենաների թվաքանակի կտրուկ ավելացմամբ, որի արդյունքում մեծ ծավալներով առաջանում են կապարաթթվային, լիթիում-իոնային և այլ տեսակի չոր մարտկոցներ: 

Հուլիս 10, 2026 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր