ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ

ԷկոԼուր
 
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը Զանգակատուն, Ուրցալանջ, Պարույր Սեւակ եւ Վարդաշատ համայնքների ղեկավարներին խոստացել է, որ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց Արարատի մարզում չեն կառուցի: Այդ մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Զանգակատան համայնքապետ (Արարատի մարզ) Էմին Սահակյանը` նշելով, որ մարզպետի խոսքերով պայմանավորվածություն է ձեռք բերվել շահագրգիռ երեք նախարարությունների`Էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարությունների հետ: 

Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի նախագծի քննարկումը տեղի ունեցավ 2010թ. դեկտեմբերին` Արարատի մարզպետարանում: Խնդիրը վեր հանվեց 2010թ. մայիսին` առաջին հանդիպման ընթացքում, տեղի բնակիչների եւ վերոնշյալ գյուղերի մոտակայքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող աշխատողների միջեւ տեղի ունեցած բախումից հետո: Հենց աշխատողներից բնակիչներն իմացան, որ նրանք գերեզմանոցի համար տարածք են ընտրում, որտեղ պետք է թաղվեն կառուցվող երկրորդ ատոմակայանի թափոնները: «Մեր մարդիկ գիշեր-ցերեկ հերթապահել են, որպեսզի աշխատողները չմտնեն այդ տարածք»,- ասաց Զանգակատան գյուղապետը: Բնակիչներն աշխատողներին վռնդեցին, եւ հետազոտությունները հարկադրաբար դադարեցվեցին: «Մեզ ապացուցում էին, որ գյուղի կողքին ընտրված տարածքն ամենից շատ է բավարարում պայմաններին, որոնց պետք է համապատասխանի գերեզմանոցը: Բայց մենք մեր փաստարկները բերեցինք: Գլխավոր փաստարկը մեր անվտանգության հարցն է»,- ընդգծեց Սահակյանը:

Սակայն մեր կարծիքով` չնայած մարզպետի հավաստիացումներին, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման հարցն Արարատի մարզում փակված չէ` հատկապես հաշվի առնելով այն հակասական տեղեկությունները, որոնք պաշտոնական աղբյուրներից են ստացվում: Այսպես, 2010թ. հունիսին էկոլոգիական հասարակայնության հետ Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկրաբանահետախուզական  աշխատանքների ղեկավար, Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հայտարարեց, որ գերեզմանոցը նախատեսված է ռադիոակտիվ, բժշկական թափոնների համար: Հայտարարությունն անվստահության հանդիպեց: Բժշկական թափոնները թաղվում են Մեծամորի ատոմակայանի գերեզմանոցում, որի չափը միանգամայն բավարարում է բժշկական թափոնների ծավալների համար: Նոր գերեզմանոցի չափսերը գերազանցում են Հայաստանում արդեն գոյություն ունեցող նմանատիպ գերեզմանոցների չափսերին` 4 քառակուսի կիլոմետր տարածք, 1,5-2կմ երկարությամբ թունել եւ 150մ խորություն:
 
Երկրաբանահետախուզական աշխատանքների համար հիմք է ծառայում կառավարության 2007թ. ապրիլի թիվ 228 որոշումը` «Ռադիոակտիվ հումքի ուսումնասիրման, հետազոտման, արդյունահանման եւ վտանգավոր ռադիոակտիվ քիմիական թափոնների թաղման նպատակով աշխատանքների իրականացման հատուկ թույլտվությունների տրամադրման կարգի հաստատման մասին»: Այստեղ բժշկական թափոնների մասին ոչինչ չի ասվում: Սակայն այդ որոշման հիման վրա Հայաստանում զբաղվում են ուրանի որոնմամբ: Անհասկանալի է նաեւ, թե ինչպես Արարատի մարզում գերեզմանոցի կառուցման հարցը կարող է փակված լինել, երբ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության www.minenergy.am պաշտոնական կայքում տեղեկատվություն է զետեղված, որ ավարտված են ռադիոակտիվ եւ վտանգավոր քիմիական թափոնների գերեզմանոցի տեղակայման վայրի քարտեզագրման աշխատանքները:

Վերը ասվածի հիման վրա «ԷկոԼուր»-ը հարցում է ուղղում էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարություններին:

1. Խնդրում ենք`հայտարարեք ռադիոակտիվ եւ վտանգավոր քիմիական թափոնների գերազմանոցի տեղակայման համար անցկացված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքները, որոնց ավարտի մասին նշված է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կայքում:

2. Խնդրում ենք` նշեք ռադիոակտիվ եւ վտանգավոր քիմիական թափոնների գերազմանոցի կառուցման նախագծի իրականացման համար ընտրված վայրը:

3. Տրամադրեք այն գերատեսչության կամ ՀՀ բնապահպանության նախարարութան բաժանմունքի պաշտոնական եզրակացությունը, որն իր վերաբերմունքն է արտահայտել ռադիոակտիվ եւ վտանգավոր քիմիական թափոնների գերազմանոցի նախագծի վերաբերյալ եւ որին հղում է արել մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Հունվար 10, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր