ԱՂՍՏԵՎՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

ԱՂՍՏԵՎՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Գագիկ Աղբալյան, Իջեւան, Lragir.am

Աղստեւը Հայաստանի խոշոր գետերից մեկն է, երկրի հյուսիս-արեւելյան տարածաշրջանի ջրային զարկերակը: 133 կիլոմետր երկարություն ունեցող գետը սկիզբ է առնում Փամբակի լեռներից եւ թափվում Կուր գետը:
 
Այն տնտեսական, զբոսաշրջային եւ մի շարք այլ նշանակություն ունի: Ցավոք, գետի կարեւորագույն «առաքելությունն» ասես իր հոսանքներում աղբը պահելը լինի: Իջեւան քաղաքի բնակելի շենքերում հավաքվող կենցաղային աղբի զգալի մասն ամեն օր Աղստեւ է թափվում` լցվում են օրգանական բնույթի թափոններ, սննդի մնացորդներ, մորթած անասունների ներքին օրգաններ, արտաթորանք, շինարարական աղբ եւ այլն: Միայն գարնան եւ աշնան  վարարումներից հետո այն փոքր-ինչ թեթեւանում է աղբից:
 
«Գետերի աղտոտումը ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է, եւ Աղստեւն այստեղ բացառություն չէ,- ասում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման եւ մշակութաբանության ամբիոնի վարիչ, աշխարհագրագետ Պավել Ասիլբեկյանը:- Բայց հետաքրքիրն այն է, որ բոլոր տեղերում գետերի աղտոտվածության հիմնական պատճառն արդյունաբերությունն է: Աղստեւի հովտում գրեթե ոչ մի գործարան չի աշխատում, բայց գետն աղտոտվում է»:
 
Աղստեւի աղտոտման գործում պակաս մեղավոր չեն գետափնյա օբյեկտների` սննդի սպասարկման կետերի եւ խանութների տերերը: Նշված օբյեկտների ուղղությամբ ներքեւում` գետի մեջ, անպակաս են արկղերը, պլաստմասսե իրերը, տարբեր թափոնները:
 
Աղստեւը ձկնային պաշարներով նույնպես հարուստ է: Տավուշի մարզի որսորդմիության նախագահ Ժիրայր Մելիքսեթյանը պարզաբանում է, որ ձուկն ափում է ձվադրում կատարում, իսկ օրինակ շինարարական աղբը վնասում է ինչպես ձկնկիթներին, այնպես էլ ձվադրմանը: «Հատկապես վնասակար է փայտանյութից մնացած թեփը, որը թուլացնում է ձկներին ու հոսանքի հետ քշում-տանում»,- ասում է բազմափորձ որսորդը:
 
Աղստեւի կենդանական միջավայրի գոյությանը սպառնում է նաեւ նավթային նյութերի հոսքը ջրային ավազան: Տարեցտարի ավելանում էն ավտոմեքենաները, հետեւաբար` մեծանում ավտոլվացման կետերի պահանջարկը: Ավտոլվացման կետերի բացթողած աղտոտված ջուրը նույնպես սպառնալիք է գետի համար:
 
ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոս Վլադիմիր Խառատյանի խոսքով, նավթամթերքները ջրային մակերեսի վրա առաջացնում են բարակ շերտ, որը թույլ չի տալիս արեւի ճառագայթների ներթափանցումը ջրի ավելի խոր շերտեր, ինչն իր հերթին տանում է բուսական եւ կենդանական աշխարհների ոչնչացմանը: «Միայն Իջեւանի տարածաշրջանում տասից ավելի ավտոլվացման կայաններ կան, որոնք աշխատում են առանց մաքրման կայանների,- ասում է փորձագետը:- Կամ էլ պետք է լինի նաեւ ընդհանուր կոլեկտոր, որի մեջ պետք է թափվեն այդ կեղտաջրերը»:
 
Աղստեւի ավազանի բնակավայրերից միայն Իջեւան քաղաքն ունի մոտ 54 կիլոմետր երկարությամբ կոյուղագիծ, բայց մաքրման կայան չկա: Արդյունքում ամբողջ կոյուղու կեղտաջրերը գետն են թափվում: 1980-ականներին մեկնարկել էր Իջեւանի կոյուղաջրերի հեռացման եւ մաքրման ծրագիրը` կոլեկտորի կառուցումը: Նախատեսված էր քաղաքի կոյուղաջրերը հեռացնել մոտ 15 կմ, ապա Մայիսյան կամրջի մոտ կառուցվելիք կայանում ենթարկել մաքրման: Ծրագիրն անավարտ մնաց ԽՍՀՄ փլուզումից հետո: Այսօր արդեն դրա իրագործումն իրատեսական չէ, քանի որ մեծ ծախսեր է պահանջում:
 
Մինչ կոլեկտորը կկառուցվի, աղբի թափոնների` Աղստեւ լցվելու արդյունքում մեծ թվով մաշկային հիվանդություններ են գրանցվում: Շոգ օրերին, երբ տապից փախչելու ամենահաճելի միջոցը գետում լողալն է, գետն իր մեջ թաքնված վտանգներ է պարունակում: Այս առումով առավել խոցելի են երեխաները:
 
«Եղել են դեպքեր, երբ գետում լողալուց հետո երեխաներ են բերել ինձ մոտ, որոնք ունեին պիոդերմիաներ` թարախամաշկություն, մաշկի վրա կային թարախային օջախներ,- ասում է բժշկական գիտությունների թեկնածու, մաշկավեներաբան Վաչագան Սարգսյանը:- Ծնողը նշում էր, որ գետում լողալուց հետո երեխայի մոտ այդպիսի հիվանդություններ են առաջացել»:
 
Մաշկավեներաբանի խոսքով, կարող են լինել նաեւ սնկային հիվանդություններ, ալերգիզացիա`մոլաքոր, ատոպիկ դերմատիտներ, ունենալ խրոնիկական ընթացք եւ մարդուն ուղեկցել ամբողջ կյանքում: Վ. Սարգսյանն ուշադրություն է հրավիրում նաեւ անասունների մորթի արդյունքում գետը թափվող նյութերում առկա վտանգի վրա:
 
«Անասունների մոտ հաճախ է լինում ճիճվակրություն,- ասում է նա,- երեխան գետում լողալիս հանկարծ ջուր է կուլ տալիս եւ վարակվում: Մարդն արդյունքում շատ հեշտ կարող է վարակվել նաեւ մկնատամով, սիբիրյան խոցով, տուլարեմիայով եւ այլն»:
 
Աղստեւի աղտոտվածությունը խոչընդոտում է նաեւ տարածքում տուրիզմի զարգացմանը: «Եթե մենք այս ջրային օբյեկտները մաքուր չպահենք, ապա տուրիզմի զարգացման մասին խոսք լինել չի կարող,-ասում է աշխարհագրագետ Պավել Ասիլբեկյանը:- Գետն աղտոտված տեսավ` զբոսաշրջիկը տարածքին չի մոտենա: Եթե վերաբերմունքը գետի նկատմամբ փոխվի, մենք հույս կունենանք, որ զբոսաշրջությունը նույնպես կզարգանա: Որեւէ կոմունալ կենցաղային տնտեսություն կամ կազմակերպություն չի կարող մաքուր պահպանել գետը, եթե ժողովուրդն այդ կուլտուրան չունենա»:
 
Աղստեւը ստեղծված իրավիճակում հայցում է բոլորի ուշադրությունն ու խնամքը:

Ապրիլ 18, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր