ԹԵՂՈՒՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՏԱՀՈԳԵԼ ՀԱՅԵՐԻՆ

Անահիտ Փիլոսյան, «Հայք»

«Արեւորդի» բնապահպանական փառատոնը ընդլայնում է իր գործունեության շրջանակը: Եթե նախորդ անգամ փառատոնը հայտեր էր ստացել միայն հարեւան երկրներից եւ համարվում էր տարածաշրջանային, ապա այս տարի «Արեւորդին» վերածվել է միջազգային փառատոնի: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 25- 29-ը Հայաստանում երկրորդ անգամ տեղի կունենա «Արեւորդի» փառատոնը:

Առաջին անգամ «Արեւորդի» բնապահպանական փառատոնը կազմակերպվեց 2007թ.: Այդ ժամանակ էլ որոշվեց «Արեւորդին»  անց կացնել երկու տարին մեկ: Կազմակերպիչների կարծիքով, նմանատիպ փառատոնով հնարավոր է հասարակության ուշադրությունը բեւեռել վայրի բնության եւ բնապահպանության վրա, բարձրացնել հասարակության` հատկապես երեխաների եւ երիտասարդության գիտակցության մակարդակը այդ խնդիրների շուրջ: Պատահական չէ, որ փառատոնին ֆիլմեր ներկայացնում են նաեւ երեխաներն ու պատանիները: Սա միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ hարավկովկասյան շրջանում: «Անցյալ անգամ տարածաշրջանային էր փառատոնը, չնայած տարածաշրջանը թեժ բնապահպանական խնդիրներ ունի, սակայն ստացված հայտերը քիչ էին, այդ պատճառով միջազգային փորձով որոշեցինք աշխատել եւ ընդայնել սահմանները»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց փառատոնի մամուլի քարտուղար Անի Եղիազարյանը:

Այս տարի փառատոնը ստացել է 112 ֆիլմ 35 երկրից, փառատոնին իրենց մասնակցությունն են բերել նաեւ միջազգային այլ հայտնի փառատոններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Կանադայից: Փառատոնին ներկայացված ֆիլմերն ընդգրկում են տարբեր թեմաներ, ոճեր ու ժանրեր: Փառատոնի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, ֆիլմերը միայն տվյալ երկրի բնապահպանական խնդիրների մասին չեն, բազմաթիվ ֆիլմեր կան ընդհանուր բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես օրինակ` կլիմայի գլոբալ տաքացում, որսագողություն, ջրի որակ եւ այլն: Հայաստանից այս տարի ընդամենը մեկ ֆիլմ է ներկայացվել մրցութային հատվածում, դա Տիգրան Պասկեւիչյանի «Զավակների հարցը» ֆիլմն է Թեղուտի խնդրի մասին: Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ եւս մեկ ֆիլմ կա արտամրցութային կարգում: Հայաստանից «Արեւորդի» ակումբի երեխաների կողմից ներկայացվել է եւս ութ ֆիլմ, դրանք վերաբերում են Հայաստանի սողանքներին, աղբին, Գյումրիի կենդանաբանական այգուն եւ այլն: Հարեւան երկրներից այս տարի հայտ ներկայացվել է Թուրքիայի կողմից: Ադրբեջանը որեւէ ֆիլմ չի ներկայացրել, իսկ նախորդ անգամ ստացել էր առաջին մրցանակը:

Նշենք, որ ֆիլմերի ծրագիրն այս տարի բաղկացած կլինի մրցութային եւ տեղեկատվական բաժիններից: Փառատոնի ընտրող հանձնաժողովը կորոշի մրցութային ֆիլմերը` ըստ մի քանի անվանակարգի: Փառատոնի հիմնական բաժնում միջազգային մրցութային ֆիլմերի ծրագիրը կդասակարգվի ըստ երկու անվանակարգի` վայրի բնության մասին լավագույն ֆիլմ եւ բնապահպանական խնդրի լավագույն հետազոտություն: Երեխաների մրցութային ծրագիրը նույնպես կունենա երկու անվանակարգ` մինչեւ 16 տարեկան երեխաների հեղինակած լավագույն ֆիլմ եւ կրթադաստիարակչական-բնապահպանական լավագույն ֆիլմ: Փառատոնի մամուլի քարտուղար Անի Եղիազարյանը նշեց, որ ժյուրիի կազմում հիմնականում ընդգրկված են այնպիսի ռեժիսորներ, որոնք բնապահպանական խնդիրներ լուսաբանող ֆիլմեր նկարելու մեծ փորձ ունեն: Մանկական ֆիլմերի ժյուրիի նախագահը «Էկոլուր» տեղեկատվական, հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանն է: Ավելացնենք, որ ֆիլմերի ծրագիրն այս տարի կբացվի Լյուկ Բեսոնի «Տուն» աշխատանքով: Բացի ֆիլմերի ցուցադրություններից, որոնք լինելու են ազատ, կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ, ցուցահանդեսներ, բնապահպանական ակցիաներ:

Հոկտեմբեր 15, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր