

ԷկոԼուր
Հայաստանում ընդամենը 7 մաքրման կայան կա՝ Երեւանում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, Ջերմուկում, Դիլիջանում, Փարաքարում: Բացի վերջինից, մնացած 6-ը ապահովում են միայն մեխանիկական մաքրում, այսինքն թույլ չեն տալիս խոշոր աղբի անցումը ճաղերի միջով:
Կոյուղաջրերի վատ կառավարման վտանգների վերաբերյալ իր անհանգստությունը հայտնեց խորհրդատվական «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը Ջրի համաշխարհային օրվան նվիրված «Ջուրը կայուն զարգացման հիմքում» գիտաժողովի ժամանակ:
Նա մասնավորապես նշեց, որ քաղաքների կոմունալ համակարգերը չեն մտնում զարգացման գլխավոր հատակագծերի մեջ: Հատկապես դա վերաբերում է քաղաքների կենտրոնական հատվածներին, որտեղ ջրահեռացման համակարգերի ծանրաբեռնվածությունը մեծ վտանգներ է առաջացնում:
«Ծանրաբեռնվածության մեծացման պատճառով կոյուղաջրերը կարող են խառնվել խմելու ջրերին, ինչը չափազանց վտանգավոր է»,- նշեց Մովսիսյանը:
Կոյուղաջրերի կառավարման մեխանիզմների բացակայությամբ պայմանավորված հակասանիտարական իրավիճակը բարդանում է զբոսաշրջային վայրերում, եւ գլխավոր ավտոմայրուղիներին կից տեղաբաշխված տարբեր օբյեկտներում: Որպես կանոն հոսքերը բաց են թողնվում մոտակա գետեր:
«Եթե նկատել եք, առողջարանային քաղաքներում հանգստի վճարովի գոտիները տեղակայված են ավելի ներքեւ քան շքեղ հյուրանոցները, որոնք մաքրման սարքավորումներ չունեն: Կարելի է նկատել, որ հոսքերը լցվում են ինչ-որ փոսի մեջ, իսկ այնտեղից՝ մոտակա գետ: Եւ ընտանիքները, որոնք ժամանում են մի քանի ժամով եւ վճարում են «հանգստի» համար, գնում են լողալու կոյուղաջրերում»,- ասաց նա:
Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերի կառուցումը պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ: Կարևորվում են օրենսդրական-նորմատիվային փաստաթղթերի բարեփոխումները, ֆինանսների հայթհայթման և տնտեսական խրախուսիչ մեխանիզմների ընդունումը, կարծում է մասնագետը: Նախնական գնահատմամբ Հայաստանի բոլոր բնակավայրերը կոյուղու համակարգով ապահովելու համար կպահանջվի շուրջ 2.6 միլիարդ եվրոյի ներդրում:
Լուսանկարը`www.gegharkunik.gov.am կայքի:
Մարտ 24, 2016 at 11:57