

ԷկոԼուր
Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման վարկային ծրագրի վերաբերյալ «ԷկոԼուր»-ը զրուցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 26 միլիոն եվրո է: 16 միլիոն եվրո վարկի տեսքով տրամադրում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Եվրոպական ներդրումային բանկը (յուրաքանչյուրը 8 միլիոն եվրո), ևս 8 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով՝ Եվրամիության NIF հիմնադրամը: Իսկ վերջերս էլ ծրագրի ֆինանսավորմանը միացել է Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամը՝ 2 միլիոն եվրո դրամաշնորհով:
- Պարոն Նիկոյան, ներկայումս ի՞նչ փուլում է գտնվում Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման վարկային ծրագիրը:
- Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընդհանուր բարեփոխումները մենք սկսեցինք 2012 թվականին: Առաջին բաղադրիչը աղբահանությունն էր, որն այդ պահին մեզ հուզող ամենակարևոր հարցն էր: Մենք ներգրավեցինք միջազգային օպերատոր դրսից՝ հայտնի «Սանիթեք» կազմակերպությանը: Երկրորդ կոմպոնենտը Երևանում նոր քաղաքային աղբավայրի կառուցման՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան և առկա աղբավայրի մեկուսացման ծրագիրն է: Իրավական առումով մենք ունենք մի փոքր խնդիրներ, որոնք այս պահին կարգավորման գործընթացում է ֆինանսների նախարարության հետ, որովհետև այն՝ որպես ենթավարկ, պետք է տեղայնացվի Երևան քաղաքին, և բանակցում ենք ենթավարկի շուրջ ֆինանսների նախարարության հետ: Դրանից հետո, ըստ էության, վարկային ծրագիրը կմտնի ուժի մեջ: Վարկային համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո մենք կհայտարարենք միջազգային մրցույթ՝ նոր աղբավայրի կառուցման և հնի մեկուսացման համար:
-Աղբի կառավարման ի՞նչ տեխնոլոգիաներ են նախատեսված այդ նոր ծրագրով:
- Նոր ծրագիրը կոշտ թափոնների կառավարման երկրորդ կոմպոնենտն է: Մենք ունենք նաև երրորդ կոմպոնենտ, որը վերաբերելու է զուտ աղբի տեսակավորմանը և վերամշակմանը: Երկրորդ կոմպոնենտը, որը մենք իրականացնում ենք, վերաբերում է այսօրվա գործող Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի սահմանված կարգով մեկուսացմանը: Ըստ էության, այսօր մեր քաղաքային աղբավայրը չի համապատասխանում որևէ չափորոշիչի: Հին աղբավայրի մեկուսացման շրջանակներում մենք նախատեսում ենք նաև դուրս բերել աղբից առաջացող գազերը, կտեղադրենք գազերի այրման համապատասխան սարքավորումներ, գեներատոր, որպեսզի այդ այրումից կարողանանք հոսանք ստանալ: Այս կոմպոնենտում` այս վարկային ծրագրի շրջանակներում, նախատեսվում է այդքանը: Այսինքն, հին և նոր առաջացող աղբից մենք կստանանք հոսանք: Նոր աղբավայրը մեկուսացված կլինի հողային շերտերից, և աղբից առաջացող այդ թունավոր ջրերը չեն ներթափանցի հողային շերտեր և չեն վնասի հարակից տարածքների բուսականությանը:
-Այսինքն այս փուլում տեսակավորում և վերամշակում նախատեսված չէ: Ինչո՞ւ է բաց մնացել այդ հարցը:
- Տեսակավորումը և վերամշակումը բիզնես կոմպոնենտ ունեն, և կարող են իրականացվել մասնավոր համագործակցության շրջանակներում՝ մասնավոր ներդրումների հաշվին: Մենք բավականին երկար քննարկումներ ունեցանք նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից հրավիրված խորհրդատուի հետ: Այստեղ կարծիքները մասամբ բաժանվել էին երկու մասի: Մեր կարծիքով, աղբի վերամշակումը կարող է ունենալ տնտեսական արդյունք, և ներդրողների համար կարող է լինել գրավիչ, իսկ մեր Եվրոպական ներդրումային բանկի խորհրդատուների կարծիքով՝ այդպես չէ, և այն դեռևս կպահանջի լրացուցիչ ֆինանսավորում բացի ներդրողի կողմից ֆինանսավորումից: Եվ որպեսզի այս կարծիքները վերջնականացնենք և հասկանանք՝ որ ուղղությամբ ենք գնում, մենք հայտարարեցինք Հետաքրքրության հայտերի միջազգային մրցույթ, որը տեղադրված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և մեր կայքերում, որպեսզի կարողանանք այս ոլորտի խոշոր մասնակիցներին աշխարհում հրավիրել և հասկանալ՝ ինչ հետաքրքրություն կա այս ոլորտում: Հայտերի բացման ժամկետը մայիսի 15-ն է, և եթե լինեն հետաքրքրություն ներկայացողներ, արդեն մենք այդ հետաքրքրությունների հիման վրա կպատրաստենք վերջնական փաթեթը՝ ինչ չափորոշիչներով ենք պատկերացնում ունենալ աղբի վերամշակման գործարան և կհայտարարենք միջազգային մրցույթ՝ արդեն հստակ իրազեկելով այդ մասնակիցներին: Եթե հանկարծ չլինի հետարքրություն, և ի վերջո պարզվի, որ դա ծախսածածկող չէ, որովհետև այստեղ կարծիքները տարանջատվում են, այդ դեպքում քաղաքապետարանն այդ մասով որոշակի մասնակցություն կունենա, որպեսզի Երևան քաղաքում նույնպես ունենա վերամշակման գործարան:
-Քանի որ այս փուլում տեսակավորում նախատեսված չէ, սա կոնֆլիկտի մեջ չի մտնո՞ւմ աղբի վերամշակման գործարանի պոտենցիալ ներդրողների հետ:
- Տեսակավորման երկու տեսակ է լինում. հավաքման ժամանակ նախնական տեսակավորում և հավաքելուց հետո՝ վերջնական, այսինքն, տեսակավորում մինչև վերամշակում: Խոսքս վերաբերում է մինչև վերամշակման տեսակավորմանը: Եթե մենք խոսում ենք նախնական տեսակավորման կամ նկատի ունենք տարբերակված աղբամանների տեղադրում և աղբի տեսակավորված հավաքում, դա ցանկացած փուլում մենք կարող ենք ներդնել, եթե դրա տնտեսական արդյունավետությունը լինի: Ի վերջո, այդ տեսակավորումը չպետք է լինի ինքնանպատակ, դա պետք է ունենա որոշակի տնտեսական արդյունավետություն: Մեր հաշվարկներով՝ մենք հենց «Սանիթեք»-ի մտնելու պահին այդ տեսակավորումը չներդրեցինք, որովհետև դրա տնտեսական արդյունավետությունը շատ ցածր էր և արվող ծախսերն ավելի բարձր էին: Դա բերելու էր աղբահանության վճարի բարձրացմանը: Դրա համար մենք հրաժարվեցինք նախնական տեսակավորումից այդ փուլում: Հիմա եթե ընդհանուր վերամշակման մրցույթի արդյունքում մեզ համար պարզ լինի, որ տեսակավորումը, այդ թվում նաև նախնական տեսակավորումը, ունենալու է որոշակի տնտեսական արդյունք, մենք ցանկացած փուլում կարող ենք ներդնել: Որևէ խոչընդոտ այս պահին չենք տեսնում:
-Անկանոն աղբահանության արդյունքում Նուբարաշենում բացի կենցաղային աղբից կա նաև այլ տեսակի աղբ, օրինակ բժշկական թափոնները, հնարավոր է լինեն նաև տոքսիկ, վտանգավոր նյութեր: Սա ուսումնասիրված չէ, ուսումնասիրված չէ նաև նախագծում: Այս դեպքում այդ մնացած թափոնները ի՞նչ կերպ են պահվելու:
- Այն, ինչ ունենք այսօր, ցավոք, կդժվարանամ պատասխանել, որովհետև չունենք համապատասխան ենթակառուցվածքներ՝ հսկելու, պարսպապատելու...չկա աղբավայր, կամ մի տարածք, որտեղ աղբը տեղադրում են և, ցավոք, ձեր ասածը համապատասխանում է իրականությանը: Հետագայում նախ աղբավայրի տարածքը պարսպապատվելու է՝ հստակ հսկիչ կետերով, հստակ ներմուծված աղբի տեսակավորմամբ՝ ինչ տիպի աղբ պետք է գնա և, բնականաբար, այդ աղբավայրում չի թույլատրվելու «հատուկ» աղբի տեղադրումը: Եվ մենք այս պահին նաև բանակցում ենք, որպեսզի մեր որոշակի հատվածում հնարավոր լինի «հատուկ» աղբի ընդունման կետ ստեղծել, և դա նույնպես կլուծվի, այսինքն, կտարանջատվի:
-Ո՞ւմ հետ եք բանակցում:
- Մեր խորհրդատուների հետ, որովհետև այս պահին այն նախագիծը նախնական, որն արվել է, արվել է զուտ կենցաղային թափոնների համար, բայց Երևան քաղաքն այս պահին չունի հատուկ թափոնների ընդունման հնարավորություն, և այդ հնարավորությունը պետք է ստեղծվի: Դա կարող է լինել երկու տարբերակով: Եթե չեմ սխալվում, մեկը հենց այրման հնարավորությունն է այդ նույն բժշկական թափոնների և այլ, որովհետև մենք մի քանի թափոնների տեսակ ունենք, որի խնդիրն այսօր առկա է: Նույնը նաև քաղաքային լուսավորության լամպերի ընդունման: Դա նույնպես կոչվում է «հատուկ» աղբ:
-Իսկ նոր ծրագիրը աղբահանության սակագնի վրա ի՞նչ ազդեցություն կունենա:
- Մեր կարծիքով և մեր հաշվարկներով՝ պետք է որ չունենա աղբահանության սակագնի վրա ազդեցություն:
Ծրագրի համար օգտագործվելո՞ւ է «Հայանտառ»-ին պատկանող անտառային տարածք:
- «Հայանտառ»-ին պատկանող տարածք, որտեղ անտառ ընդհանրապես չի եղել, ներառված է: Կառավարության որոշմամբ սրանից մի երկու ամիս առաջ առանձնացվեց, հանվեց «Հայանտառ»-ի ֆոնդից և միացվեց աղբավայրին, բայց այնտեղ որևէ տիպի ծառ, անտառ և այլն չի եղել:
-Ի՞նչ փոխհատուցում է նախատեսված, բանակցել ե՞ք «Հայանտառ»-ի հետ:
- Ծրագիրը պետական է, «Հայանտառ»-ը պետական է, կարծում եմ, փոխհատուցման հարց չի կարող առաջանալ: Պետությունն ինքն իրեն չէր կարող փոխհատուցել:
-Այսինքն, անտառային որոշակի տարածք վերցվել է, միացվել է աղբավայրին, բայց հետագայում այլ տարածքում անտառվերականգնման աշխատանքներ չե՞ն նախատեսված:
- Կա, բարերային մենք աշխատանքներ նախատեսում ենք, որ որոշակի բարերային հատվածում մենք ծառատունկ անենք:
-Բնապահպանական, սոցիալական ի՞նչ ռիսկեր է պարունակում այս ծրագիրը:
- Բնապահպանական առումով չի կարող լինել ռիսկ, կարող է լինել միայն դրական ազդեցություն: Սոցիալական ազդեցության որոշակի կոմպոնենտներ կան: Աղբավայրում ներգրավված են տարբեր անձիք, որոնք իրականացնում են աղբի ոչ նորմալ տեսակավորում կամ աղբից հավաքում են նյութեր: Քաղաքը ստանձնել է պարտավորություն, որպեսզի այդ անձանց խնդիրը նույնպես դիտվի ծրագրի շրջանակներում և լուծում ստանա:
-Ասիական զարգացման բանկը և տարածքային կառավարման նախարարությունը մշակել են Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարական պլան, որով նախատեսվում է ամբողջ Հայաստանի աղբահանությունը կենտրոնացնել 5 կետերում, որոնցից մեկը գործող Նուբարաշենն է, որտեղ նախատեսված է բերել և տեղադրել ևս 4 մարզի աղբը...
- Մենք բանակցել ենք Տարածքային կառավարության նախարարության հետ: Որևէ կերպ այն չի հակասում մեր այսօրվա իրականացվող ծրագրին: Մեր նոր աղբավայրը կընդունի նրանց տված աղբը՝ սահմանված սակագնի վճարման պարագայում:
Նոր տարածքը կգործի 20 տարի` հաշվի առնելով, որ է 400. 000 տոննա աղբ կկուտակվի տարեկան: Եթե վերամշակման արդյունքում 50 տոկոսով կրճատենք աղբի ծավալը, ապա այս աղբավայրը կծառայի 40 տարվա համար:
Մարտ 23, 2017 at 18:04
