«Մեզ մոտ էնքան ջուր կա, որ ուզեն, կարան կաչատ անեն ու տան Սևանին, էն ա, կանալներով գնում ա Արաքս, Արաքից էլ Թուրքիա»

«Մեզ մոտ էնքան ջուր կա, որ ուզեն, կարան կաչատ անեն ու տան Սևանին, էն ա, կանալներով գնում ա Արաքս, Արաքից էլ Թուրքիա»

ԷկոԼուր

Ձկնաբուծական բիզնեսի զարգացումը Արարատյան դաշտում վերջին 15 տարում հանգեցրել է Արարտյան դաշտի անապատացման, սոցիալական վիճակի վատթարացման: Արարատյան արտեզյան ավազանի ջրերի գերշահագործման արդյունքում ինքնաշատրվանող հորատանցքերը ջրազրկվել են, ելքերի մակարդակները նվազել, ջրերում հանքայնացումը բարձրացել է, հողերը` գերխոնավացել, բնակավայրերի տարածքները` ճահճացել, հողերը` աղակալվել, հողագործությունը` նվազել, պոմպերի կիրառման հետևանքով էլեկտրաէներգիայի ծախսը` ավելացել: Այս խնդիրներն առկա է Արարատյան դաշտի շուրջ 30 համայնքում:

Արարատյան դաշտում ոռոգման և ձկնաբուծության հետևանքով ստորերկրյա ջրառը գերազանցում է «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ծավալը` 1.1 միլիարդ խմ/տարեկան, և կազմում է 1.5 միլիարդ խմ/տարեկան: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի համաձայն` վերջին 15 տարիների ընթացքում Արարատյան հարթավայրում հորատանցքերով ջրառը կազմել է շուրջ 55 խմ/վրկ, որը թույլատրելի միջին ջրաքանակը գերազանցել է մոտ 21 խմ/վրկ-ով, կամ 650 մլն խմ/տարի:

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2017թ-ի վերջին Արարատյան դաշտում հաշվառվել է 239 ձկնաբուծական տնտեսություն, որոնք օգտագործում են 584 խորքային հոր: Այդ տնտեսություններից գործում է 124-ը: Չգործող տնտեսություններում առկա է 250 խորքային հոր, որոնցից 86-ում ազատ, աննպատակ ջրաելքը կազմում է 152 լ/վ: Ձկնաբուծական տնտեսությունների ջրառը, ըստ Ջրային կոմիտեի, կազմել է 35 խմ/վրկ կամ 1100 մլն խմ/տարի այն դեպքում, որ չպետք է գերազանցեր 12 խմ/վրկ: Խոշոր ձկնաբուծարաններն ունեն 850լ/վ-ից մինչև 1500լ/վ ջրօգտագործման թույլտվություն:

Ձկնաբուծարաններ Արարատի մարզում

Համեմատության համար նշենք, որ մոտ այդքան ջուր պետք է Արարատյան դաշտի հողերի համար բերվի Կոտայքի մարզից` Ազատ գետից, «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի շրջանակներում` անապատի վերածելով Ազատի կիրճի մի զգալի հատված և չորացնելով Ազատի ջրամբարը: Այս ծարգրով նախատեսվում է կրճատել նաև էլեկտրաէներգիայի ծախսը: Սա այն պարագայում, երբ Արարատյան դաշտում կա ջուր, որի առյուծի բաժինն ընդերքից հանվում է ձկնաբուծարանների համար և դրանք հետո դրենաժային համակարգերի միջոցով հոսում են Արաքս:

Տեղի համայնքերի բնակիչների ապրուստի միջոցը տնամերձ հողատարածքներից ստացված բերքն է ու վարկերը: Ջրերի հորիզոնների իջեցման հետևանքով զրկվելով ինքնաշատրվանող աղբյուրներից, ստիպված իրենց ֆինանսական միջոցներով տնամերձ հողերում խորքային հորեր են խփել և վերջին 10 տարիներին  հոսանք ծախսելով ու  պոմպ աշխատացնելով են ոռոգում անում: Եթե հոսանքը կտրում են, բնականաբար, ջուր էլ չեն ունենում:

Խորքային հոր Հովտաշատի տնամերձ հողատարածքում


Պոմպով աշխատող արտեզյան ջրի ծորակ, որը ցամաքել է էլեկտրականության ժամանակավոր բացակայության պատճառով

Չորացած խորքային հոր Հովտաշատում

«Մեզ մոտ էնքան ջուր կա, որ ուզեն, կարան կաչատ անեն ու տան Սևանին, էն ա, կանալներով գնում ա Արաքս, Արաքից էլ Թուրքիա»,- ասում են բնակիչները:

Լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ջրատարներում ձկնաբուծարաններից դուրս եկող ընդերքի ջրերի հաշվին աստիճանաբար մեծանում ջրի հոսքը, որոնք միավորվելով Սիս-Ռանչպար համայնքների մի հատվածում, վերածվում են ահռելի մեծ ջրատարի, որը հոսում է դեպի Արաքս:




ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Արարատյան դաշտում գործող խոշոր ձկնաբուծարաններում: Տեսչության հրավերով հասարակական հիմունքներով տեսչական ստուգմանը մասնակցելու մեկնեցին նաև ԷկոԼուրի և Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները: «Ֆիշ Գոլդ» ՍՊԸ-ն, որի ձկնաբուծարանում ևս իրականացվում են տեսչական ստուգումներ, թույլ չտվեց մտնել ձկնաբուծարանի տարածք: «Կողքի ձկնաբուծարաններում գիտենք, որ հիվանդություն կա տարածված: Հիվանդության անունը չգիտեմ, բայց գիտեմ, որ մանր ձկների բավականին կորուստ են ունեցել, դրա համար աշխատում ենք, որ մարդ չմտնի, որ չտարածվի»,- ասաց «Ֆիշ Գոլդ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Արշամ Թևոսյանը:

«Ֆիշ Գոլդ» ՍՊԸ-ի ձկնաբուծարան


Այս ձկնաբուծարանին ՋԹ-ով 390լ/վ ջրի թույլտվութուն է տրված: Ծիածանափայլ իշխան են աճեցնում և արտահանում Ռուսաստանի Դաշնություն: Արշամ Թևոսյանը համամիտ է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրի ելքը նվազել է: Ասում է. «Դա եղել է անխնա ջուր օգտագործելու պատճառով: Եթե հիմա ճիշտ մոնիտորինգ արվի և հայտնաբերվեն այն տնտեսությունները, որոնք ունեն շատ ավելի ջուր, քան իրենց անհրաժեշտ է, իրենց ձկնային պաշարներից ելնելով, կրճատեն, և նրանք, որոնք չեն աշխատում, նրանց բասեինները փակեն, ինձ թվում է, բնությունը կշահի: Կոնկրետ մեր տնտեսության առումով ես այն կարծիքին եմ, որ մենք նվազագույն ջրի քանակով պահում ենք տնտեսությունը, որը բերում է բավականին եկամուտ»:

«Ֆիշ Գոլդ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով տնօրենը հողօգտագործողների հետ կոնֆլիկտ չի տեսնում, ասում է, որ ձկնաբուծարանից դուրս եկող ջրից պոմպերով վերցնում են և ոռոգում իրականացնում:
Սակայն միանգամայն այլ բան են ասում ձկնաբուծարաններ ունեցող համայնքների բնակիչները:

Արարատի մարզի Սայաթ Նովա համայնք.


-Էս լճերը ինչ խփեցին, ջրերն իջան, ոռոգման ջուր ընդհանրապես չկա: Սաղի հողամասը կամ յոնջա է ցանած, կամ ղամիշ, ջուր չկա:
-Առաջ արտեզյանը բացում էին մարդիկ, մի 3 փողոց այդ արտեզյանով ջրում էին, հիմա բացարձակ ջուր չկա: Իմ հողը յոնջա է ցանած, յոնջան էլ է չորանում:
-Իմ քեռու տղեն 35 հազար դոլար տվել է, սարքած տուն է առել Մասիսում: Էնքան է իջել ջուրը, էս մարդու տունը ճաքել է, տունը նստել է:

Սայաթ Նովա գյուղի ոռոգման առուն


Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչներ.

- Ով լճին մոտ հող ուներ, այն ծախեց էդ լճին. համ խոնավանում, ճահճանում էր իր հողը. լճի կողքը հողը գերխոնավ է լինում, մնացած տեղն էլ չոր է: Համ աղակալում է, համ չորանում: Եթե Արարատյան դաշտում հողի վրա ջուր չգնաց, էդ հողի վրա 10 տարի պիտի ջուր կապես, որ քաղցրանա:
- …Ջուրը սաղ օգտագործեցին ձկնաբուծարանների տակ: Ես մի հեկտարից ավելի տարածք ունեմ, խոտ էլ չի լինում: Ամայի դաշտ է:
- Հովտաշատ գյուղի վարձակալած, թե սեփականաշնորհած հողերի վրա, ոչ մի ջուր չկա, պրծել ա, չեն մշակում ու չեն ոռոգում:
- Մի 10 հոգի մի 5000-6000 մարդու ջրից կտրում է: Մեր գյուղը չի մենակ, մեր վիճակին են նաև կողքի գյուղերը:

Արարատյան դաշտի անմշակ և ճահճակալած հողերի լուսանկարներ


Նշենք, որ Արարատյան դաշտի ձկնաբուծարանները շրջակա միջավայրի վրա ազդեցության համար բնապահպանական փորձաքննություն չեն անցել: ՀՀ օրենսդրության համաձայն` փորձաքննության է ենթակա այն ձկնաբուծական գործունեությունը, որը տարեկան արտադրում է 100 տոննա և ավելի ձուկ, իրականացնում է ձկնամթերքի վերամշակում, և զբաղեցնում է 1500 քմ և ավելի տարածք: Հայաստանում բնապահպանական փորձաքննություն անցած եզակի ձկնաբուծարանը Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իրականացվող ձկնաբուծարանն է իր արտադրական ենթակառուցվածքների հետ միասին:

Պոպերով են ստանում նաև խմելու ջուրը, որը նախկինում ինքնաշատվանում էր: Խմում են արտեզյան ջուր, որն իրականում խմելու չէ: Ով հնարավորություն ունի, գնում է Գառնիի ջուրը, որը ջրատար մեքենաները վաճառում են գյուղերում դույլը 100-200 դրամով: «Որ գային մեր խմելու ջուրը ստուգեին, լավ կլիներ: Քլորացում չի անցնում, էդպես խմում ենք, չգիտենք ինչ որակ է, ինչքանով է վտանգավոր կամ անվտանգ: Ստիպված ենք խմում, ուրիշ ջուր չկա»,- ասում են բնակիչները:

Հովտաշատի համայնքապետ Հովիկ Թադևոսյան


Հովտաշատի համայնքապետ Հովիկ Թադևոսյանը առաջացած ջրի խնդրի համար մեղադրում է ոչ թե ձկնաբուծարաններին, այլ ջրօգտագործման թույլտվություն տվողներին: «Եթե բնապահպանության նախարարությունը թույլտվություն է տվել ձկնաբուծարանին, վերջինս ջուրը վերցրել է: Եթե խորքային հորերը ցամաքում են, ուրեմն թող թույլտվություն չտային ձկնաբուծարաններին: Խնդիրը թույլտվությունների մակարդակով է»,- ասում է Հովտաշատի համայնքապետը:

Ձկնաբուծարան կառուցելիս` համայնքի կարծիք չեն հարցրել, սոցիալական ծրագրեր չեն արել, որպես ապացույց Սայաթ Նովայում բնակիչները մատնացույց են անում անմխիթար վիճակում գտնվող մշակույթի տունը: Ցույց են տալիս նաև զոհված ազատամարտիկների հուշարձանն ու ցայտաղբյուրը, որից ջուր չի հոսում:

Սայաթ Նովա համայնքի մշակույթի տուն


Զոհված ազատամարտիկների հուշարձան և ցայտաղբյուր Սայաթ Նովա համայնքում


Հարցին, արդյոք փոփոխություն չկա Բնապահպանության նախարարության կողմից հորերի փակումից հետո, և Հովտաշատում, և Սայաթ Նովայում նույն պատասխանն են տալիս, որ փակել են, այն հորերը, որտեղից ջուր դուրս չէր գալիս: «...Մի մոմենտ մի հատ շուխոռ գնաց, բերին, էդ ցամքած հորերի վրա բետոն լցրին, փակեցին: Ով որ լճատեր էր, գնաց պետության համար մի քանի հատ չորացած հոր իրա ծախսերով փակեց, որ իրա աղբյուրին ձեռք չտան: … Գիտեք, ոնց է հորը փակած, կար Բռլեանտ Արմեն, արտեզյանը խփում էր, մի 6 ամիս ջուրը հանում էր, արտեզյանը չորանում էր, մեկ էլ էն կողմն էր խփում, դա չորանում էր, մի հատ էլ էն կողմն էր խփում: Էդ չորացած արտեզյաններն են բերել, բետոն փչել, կանգնեցրել: Էդ ստից հեռուստացույցով կապիկությունը սուտ ա, որ ջուր չկա: Կա ջուր: Մի հատ տես քանի հատ արտեզյան վարկյանում քանի լիտր ջուր է տանում: Սաղ գնում է Սևանի ջրի հետ խառնվում, գնում Զանգուն, հետո Թուրքիա»:

Բնակիչները խնդրի լուծման տարբեր առաջարկներ ունեն.
- ձկնաբուծարանների փակում
- նոր խորքային հորերի շահագործում
- ձկնաբուծարանների ջրերի օգտագործում ոռոգման համար:
«Բնապահպանության նախարարությունը թող պարտադրի, որ ձկնաբուծարանների ջուրը հետադարձ օգտագործվի ոռոգման նպատակով: Ձկնաբուծարաններն էլ պարտավորվեն ջուրը տան, որ մարդն էլ իր ոռոգումն անի: Ես տարածքային կառավարման նախարարին էլ եմ ասել, որ մեզ թույլ տան, որ մենք ձկնաբուծարաններին կարողանանք պարտադրել: Ձկնաբուծարաններն այսօր այնպես չի, որ վատ են վաստակում, թող պարտավորվեն իրենց տարածքում ջրով ապահովելու ոռոգման համար»,- ասաց Հովտաշատի համայնքապետը:

19:22 Օգոստոս 15, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news