Տարոնիկում անցկացվել է ստորագրահավաք՝ բնակիչների ջրի նկատմամբ խախտված իրավունքները վերականգնելու պահանջով

Տարոնիկում անցկացվել է ստորագրահավաք՝ բնակիչների ջրի նկատմամբ խախտված իրավունքները վերականգնելու պահանջով

ԷկոԼուր

ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի բնակիչները, բարձրաձայնելով ոռոգման և խմելու ջրի խնդիրները, անցկացրել են ստորագրահավաք և նամակով դիմել ՀՀ կառավարությանը՝ ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքը վերականգնելու պահանջով:

Նամակում մասնավորապես նշված է.

«Հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ,
դիմում ենք ջրի նկատմամբ մեր իրավունքների վերականգնման համար:

Մեր համայնքը, որը ժամանակին հայտնի է եղել իր ջրային պաշարներով և որտեղից Հայկական ատոմային էլեկտրոկայանի համար ջրառ է իրականացվել, այսօր ունի ոռոգման և խմելու ջրի խնդիր: Վերջին 10-15 տարիներին ձկնաբուծության նպատակով Արարատյան ավազանի ստորերկրյա ջրերի անխնա և անսահմանափակ օգտագործման հետևանքով մեր համայնքում առաջացել է սակավաջրություն, իջել են խմելու և ոռոգման նպատակով փորված խորքային հորերի մակարդակները, կամ ամբողջովին ցամաքել են դրանք։ Այդ ամենի հետևանքով մենք զրկվել ենք մեր կյանքի և անվտանգության համար համապատասխան որակի և ծավալի խմելու ու ոռոգման ջուր ունենալու իրավունքից։ Ոռոգման ջրի բացակայության պատճառով մեր 300 հա մշակովի հողատարածքից 55 հա-ը ներկայումս չի մշակվում: Նվազել են մեր եկամուտները։

Մեր համայնքը սպասարկում է «Արմավիր» ՋՕԸ-ն՝ ոռոգման ջուր տրամադրելով Ակնալճից և խորքային հորերից: Ակնալճի ջրով ոռոգվում են նաև Առատաշեն և Արշալույս համայնքների հողերը: Քանի որ Ակնալճի մակարդակը վերջին տարիներին խիստ իջել է, ոռոգման սեզոնին այդ ջուրը չի բավարարում 3 համայնքների ջրի պահանջարկը: Մյուս խնդիրն այն է, որ մեզ մոտ ջուրը տրվում է հողային հունով ոռոգման առուներով, և ջրատարից հեռու գտնվող հողատարածքներին ջուրը չի հասնում: Այդ պատճառով մեզանից շատերը անմշակ են թողել իրենց հողերը։ Քանի որ մեր վարելահողերը 5-րդ կատեգորիայի են, ջրապահանջարկն ավելին է և ջրի անբավարարության պատճառով հողերի բերրիությունը տարեց տարի ընկնում է: Հողը չորանում է, ընթանում են անապատացման գործընթացներ:

Համոզված ենք, որ ոռոգման համակարգի վերակառուցման դեպքում գյուղատնտեսության արդյունավետությունը կբարձրանա 25%-ով:

2005 թվականից մեր համայնքում առկա է խմելու ջրի խնդիրը։ 10 տարուց ավելի խմելու ջուր բերում ենք Արշալույսից կամ Երևանից: Մեր բակերում ժամանակին 5-20 մ խորությամբ հորատված հորերից շատերը ցամաքել են, իսկ որոնք դեռևս գործում են, որակյալ ջուր չեն ապահովում: Չնայած նրան, որ մեր համայնքապետարանը «Վերջին օրերի սրբերի կազմակերպության» աջակցությամբ Տարոնիկում իրականացրել է 6 կմ երկարությամբ խմելու ջրի խողովակաշարի կառուցում և ապահովել համայնքի մոտ 20-30%-ի տնտեսության խմելու ջրի կարիքները, այնուամենայնիվ, անլուծելի է մնացել համայնքի մնացած հատվածի խմելու ջրի խնդիրը: Նոր ջրագծով մատակարարվող ջրի որակի վերաբերյալ նույնպես ունենք հիմնավոր կասկածներ, քանի որ չի կատարվել ջրերի որակական և քանակական հետազոտություն, ինչը կհաստատեր կամ կհերքեր դրա համապատասխանությունը խմելու ջրի որակի ստանդարտին։

2017-2021թթ համայնքի զարգացման ծրագրով նախատեսել ենք խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ 10,0 մլն. դրամ նախագծային արժեքով:

Դիմում ենք ՀՀ կառավարության և պետության աջակցությանը` Տարոնիկ համայքն ապահովել որակյալ խմելու ջրով, աջակցել համայնքի զարգացման ծրագրով նախատեսված խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգմանը, ինչպես նաև ոռոգման համակարգի վերակառուցմանը՝ պետական պահուստային ֆոնդից և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից հատկացումների, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում համայնքի ներգրավման տեսքով։ Միաժամանակ խնդրում ենք Ձեր հանձնարարականը ՀՀ կառավարության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ կատարելու համայնքում նոր ջրագծով մատակարարվող ջրի որակի ուսումնասիրություն և արդյունքների մասին տեղյակ պահել համայնքի բնակիչներիս»:

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Հուլիս 31, 2019 at 15:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր