Գետերի սակավաջրության պատճառով ԶՊՄԿ-ն նախատեսում է նոր գետերից ջուր վերցնել

Գետերի սակավաջրության պատճառով ԶՊՄԿ-ն նախատեսում է նոր գետերից ջուր վերցնել

ԷկոԼուր

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ի նոր ՋԹ-ով նախատեսվում է ոչ թե ավելացնել ջրառի չափը, այլ որպես ռեսուրս օգտագործել ևս 3 գետ, բացի արդեն իսկ օգտագործվող 3 ջրաղբյուրից:

2016 թ. «Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների փոփոխություն» ՇՄԱԳ հաշվետվության համաձայն, ընկերությունն իրեն անհրաժեշտ ջրառը՝ 68,84 միլիոն խմ տարեկան պետք է իրականացներ Ողջի, Սակքար գետերից և Գեղիի ջրամբարից: Այժմ ընկերությունը հայտ է ներկայացրել ջուր վերցնել նաև Փուխրուտ, Ձագեձոր և Գեղի գետերից՝ ապահովելու իր 68,84 միլիոն խմ տարեկան ջրապահանջը: Ընկերությունը ցանկանում է վերցնել՝ Ողջի գետից՝ 1300.0լ/վ, Սակքար գետից՝ 170.0լ/վ, Փուխրուտ գետից՝ 50.0լ/վ, Ձագեձոր գետից՝ 80.0լ/վ, Գեղի գետից՝ 380.0լ/վ և Գեղի գետի ջրամբարից՝ 370.0լ/վ ջուր:

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին ԶՊՄԿ-ի ՋԹ-ի նախագծի քննարկման ժամանակ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ Ողջի գետից 1300 լ/վրկ ջրառ են ցանկանում իրականացնել այն դեպքում, երբ որոշ ամիսներին գետում ջրի հոսքը 1300 լ/վրկ-ից պակաս է լինում: Ի պատասխան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Սևակ Մաթիլյանը ասաց, որ ընկերությանը տրված ջրառի ծավալը առավելագույն օգտագործման ծավալն է. «Այն օգտագործվելու է էկոլոգիական թողքը պահպանելուց հետո»:ԶՊՄԿ բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանն էլ նշեց, որ իրենց կողմից ամսական ջրաբաշխումներ են կատարվել։ «Յուրաքանչյուր կետի վրա 50-100 տարվա հիդրոլոգիական ուսումնասիրություն է իրականացվել։ Ամսական ռեժիմ է տրվել։ Այսինքն՝ չորային եղանակներին որտեղից է հնարավոր ջուրը վերցնել։ Այդ բոլոր հաշվարկներն արվել են նրա համար, որպեսզի այն խնդիրը, որը կարող է առաջանալ, երբ մի կետից ենք վերցնում, բաշխվի և գետի էկոլոգիական թողքն ապահովվի»,- ասաց նա:

Լևոն Գալստյանը նշեց, որ պետք է հաշվի առնվի ոչ միայն էկոլոգիական թողքի քանակը, այլև՝ ջրի որակական հատկանիշները։ «Քաջարանի կոյուղաջրերը խառնվում են Ողջի գետին։ Մի բան է, որ կոյուղաջրերը խառնվեն 70 կամ 100 լ/վրկ ջրին, մեկ այլ բան՝ 2000 լ/վրկ ջրին: Դրանք տարբեր կոնցենտրացիաներ են։ Այսինքն՝ ձեր ջրառի հետևանքով մենք կորցնում ենք ջրի որակը: Այս ամենը պետք է հաշվի առնվի: Հետո պետք է հասկանալ, թե ինչ որակի ջուր է վերցվում և ինչ որակի ջուր հետ բաց թողնվում հիմնական բացթողնման կետից: Ինչպիսի՞ն է լինելու վերահսկման մեխանիզմը»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը պետք է կատարի մոնիթորինգ ջրառի իրականացման և այնուհետև ջրի բացթողման կետերում:

ԷկոԼուրի հարցին, թե ջրօգտագործման թույլտվության նախագծում մաքրման կայանների պահանջ կա, թե` ոչ, Սևակ Մաթիլյանը պատասխանեց, որ, ամենայն հավանականությամբ, այդ պահանջը կլինի վերջնական փաստաթղթում: Իր հերթին Հասմիկ Մկրտումյանը պատասխանեց, որ նպատակ ունեն պոչամբարում հետադարձ ջրի համակարգ ապահովել. «Փորձարկումներ ենք անում: Այն ջուրը, որը հիմա գնում է պոչամբար, մասնակի նստեցում արվի, և ջուրը մինչ պոչամբար գնալը հետ գա դեպի հարստացուցիչ ֆաբրիկա»:

Հասմիկ Մկրտումյանը նշեց, որ շաբաթը մեկ անգամ Արծվանիկի պոչամբարի պարզվածքի ջրից վերև ու ներքև գտնվող կետերից նմուշառում է իրականացվում, ուղարկվում լաբորատորիա: «Չգիտեմ, թե օրենքով սահմանված կարգով որքանով է դա հասանելի քաղաքացիների համար: Բայց հիմա աշխատում ենք տեղադրել մշտադիտարկման առցանց համակարգ, որը նմուշարկում կանի ոչ թե շաբաթը մեկ անգամ, այլ՝ շաբաթը 7 օր, առցանց կիրականացվի մշտադիտարկում»,- ասաց ԶՊՄԿ ներկայացուցիչը:

Նշենք, որ Հարավային ջրավազանային կառավարման պլանի համաձայն՝ մինչև 2021թ.-ը հարավային ջրավազանային կառավարման տարածքի, որի մեջ են մտնում ԶՊՄԿ-ի ջրառի համար նախատեսված ջրաղբյուրները, ջրառաջարկը կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում կնվազի մոտ 0,4%-ով, իսկ մինչև 2040թ.՝ 1,3%-ով:

 

Հոկտեմբեր 16, 2019 at 16:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր