Ապօրինի ջրօգտագործում ձկնաբուծարանում, բնությանը պատճառվել է 16 միլիոն դրամի վնաս

Ապօրինի ջրօգտագործում ձկնաբուծարանում, բնությանը պատճառվել է 16 միլիոն դրամի վնաս
Արարատի մարզի Սիս համայնքի վարչական տարածքում գտնվող «Ս. Ն. Հայրապետյան» ԱՁ-ին պատկանող ձկնաբուծարանում իրականացվել է ջրօգտագործում՝ առանց ջրօգտագործման համապատասխան թույլտվության: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի ֆեյսբուքյան էջից:
 
Ապօրինի ջրօգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցվել է 16 միլիոն 404 հազար 249 դրամի վնաս: Անհատ-ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակվել է 150 հազար դրամի չափով վարչական տուգանք:
 
«Տուգանքների չափը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, և տեսուչները իրավասու չեն առավել գումար սահմանել, քան նշվում է հոդվածի մեջ: Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 63/2/-րդ հոդվածի 1-ին մասով՝ 150,000 դրամ և կատարվել է ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկ /շրջակա միջավայրին հասցված վնաս/՝ 16 404 249.6 դրամի չափով»,- նշված է Արարատի տարածքային բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Օգոստոս 06, 2020 at 16:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր