

ԷկոԼուր
Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչները երկար տարիներ զրկված են եղել լիարժեք գյուղատնտեսությամբ զբաղվելու՝ իրենց հողերը մշակելու հնարավորությունից։ Համայնքի ավելի քան 50 հա մակերեսով դաշտամիջյան հողերը մշակելու համար անհրաժեշտ ոռոգման ջրի խնդիրը լուծվում է 270 մ երկարությամբ փակ ջրատար խողովակների անցկացման շնորհիվ։ 150 մ խողովակաշարն անց է կացվել 2019 թ․ դեկտեմբերին, որից 30 մ-ը՝ համայնքի միջոցներով, ևս 120 մ-ը՝ անցկացվել է 2020թ.-ի մարտին: Այս աշխատանքներն ընթանում են «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հնարավորությունների ընձեռում` Հայաստանում ջրային պաշարների կայուն կառավարման գործընթացում մասնակցության համար» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ–ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Համայնքում որպես ոռոգման ջուր են ծառայել դաշտերում գոյացած արհեստական լճերը։ Սակայն հողերից դրանց հեռավորությունն ու հողային հունով ջրի հոսքը խոչընդոտել է գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը։ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Ջուրը նախկինում հողային հունով է գնացել, եղել է ջրի մեծ կորուստ, ոռոգման համար հատկացված ժամանակը եղել է երկար, որի արդյունքում բնակիչները չեն կարողացել իրականացնել այլ աշխատանքներ։ Մարդիկ իրենց հողերը գյուղատնտեսական սեզոնի համար նախատեսված ջրման քանակներից քիչ են ջրել, քանի որ գումար չեն ունեցել։ Ստացած եկամուտը չի ծածկել իրենց ծախսերը՝ սեզոնի ընթացքում իրականացված բոլոր աշխատանքների համար վճարված գումարները։ Սա պատճառ է դառնում, որ գյուղացին հրաժարվի գյուղատնտեսական աշխատանք կատարել։ Տեղի է ունեցել արտագաղթ դեպի այլ երկրներ, իսկ գյուղատնեսական կյանքն անկում է ապրել»։
Խողովակաշարի անցկացումը մի շարք խնդիրներ է լուծում: Ապագայի համայնքապետ Պետրոս Ավագյանն այս կապակցությամբ ասաց. «Ջրի կորուստը շատ էր։ Ջուրը ժամավճարով էր՝ ժամը 1200 դրամ։ Հողատերն ուզում էր ջուր անել, ահագին ժամանակ էր քաշում մինչև ջուրը կհասներ իր հողը։ Ծրագրի շնորհիվ փակ խողովակով հասցրել ենք, ջրի կորուստը շատ քիչ է։ Բնակչի ժամը գնաց, 2 րոպե հետո ջուրն իր հողի մոտ է, կարող է փականը բացել, ջուր անել։ Մարդ կար 20 ժամ էր ծախսում առվույտ ջրելու համար, հիմա կոռոգի 10 ժամվա ընթացքում, քանի որ ոռոգման ժամանակը կրճատվել է, կիսով չափ, ապա գյուղացին 12 հազար դրամ քիչ գումար կվճարի»։
Իր հերթին Ապագայի բնակիչ, համայնքապետարանի աշխատակից Միշա Գնդոյանը, ում տնտեսությունը նույնպես տուժել է ջրի անհասանելիության պատճառով, նշեց. «Երկրորդ կարգի հողերն են այնտեղ։ Ժողովրդի կեսն անմշակ էին թողնում ջրի պատճառով։ Հիմա արդեն երկաթյա խողովակներով ջուրը գալիս է 150 մ-ից, ջրի կորուստ չի լինում, մարդիկ անմշակ հողերը սկսել են մշակել։ Նախկինում գրեթե ոչինչ չէինք մշակում, տեղ-տեղ՝ առվույտ։ Հիմնականում տնամերձն ու ջերմոցային տնտեսություններն էինք մշակում։ Առաջին տարին նախատեսում եմ առվույտ ցանել, հետագայում բանջարեղեն, օրինակ վարունգ, և ձմերուկ»:
Ապագայում ոռոգման ջրատարի կառուցման ծրագիրը մշակվել է անմիջապես համայնքի ակտիվ բնակիչուհիների կողմից։ Մինչ այդ ծրագրի համայնքի ակտիվ կանայք մասնակցել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի կողմից կազմակերպված ծրագրային առաջարկ կազմելու դասընթացին։ Ակտիվ կանանց խմբի կողմից ներկայացված ծրագիրը, որը նախապես քննարկվել էր նաև համայնքապետարանում, ներկայացվել ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ին և այդ նպատակով կազմված հանձնաժողովի կազմը, ուսումնասիրելով և դիտարկելով այն կյանքի կոչելու խնդիրներն ու հնարավորությունները, հաստատել է։ Ծրագրի շահառու, Ապագա համայնքի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Նունուֆար Մարկոսյանը, խոսելով իրականացված ծրագրի արդյունավետության մասին, նշեց․ «Մոտ 50 հա վարելահող կոռոգվի, շահառու է 50 տնտեսություն։ Մեծ օգուտ է բնակիչների համար։ Սոցիալական տեսանկյունից օգուտն այն է, որ բույսն աճեցնում ես, ջրի կորուստ չես ունենում, ժամանակին ջրում ես, որակյալ բերք ես ստանում, բարձր գնով վաճառում։ Միևնույն ժամանակ, ծրագիրը հնարավորություն տվեց մեծացնելու կանանց դերը համայնքում։ Մեր խմբում 3 կին էինք, 2 տղամարդ։ Մեր կողմից ճիշտ մշակված ծրագրի, ճիշտ աշխատանքի շնորհիվ կարողացանք օգուտ տալ մեր համայնքին»։
Այս աշխատանքներին զուգահեռ Ապագա համայնքում ոռոգման ջրի խնդրի ամբողջական լուծումը կհանգուցալուծվի պետական աջակցության շնորհիվ։ Ապագա համայնքի ղեկավար Պետրոս Ավագյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ համայնքում Տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվում է բետոնե ջրանցքների և պոմպակայանի կառուցման ծրագիր։ «Արհեստական լճի վրա պոմպակայան ենք կառուցելու։ Ավարտելուց հետո համայնքում մոտ 95 տոկոսով ոռոգման ջրի խնդիրը լուծված է։ Բետոնե ջրանցքի շինարարությունը ԾԻԳ-ով է արվում։ Ծրագիրը նախնական կազմում է 85 միլիոն դրամ։ 10 տոկոսը համայնքն է համաֆինասնավորում։ 90 տոկոսը՝ Տարածքային զարգացման հիմնադրամը։ Պոպմակայանի տեղադրման աշխատանքները մոտավորապես 1 ամսից կավարտվեն։ Լիարժեք ջրամատակակարում իրականացնելու համար 2,7 կմ երկարությամբ բետոնե ջրանցք ենք կառուցում, դա ներտնտեսային ցանց է լինելու։ Սա արդեն գյուղամիջյան ցանցով վարելահողերին է հասնելու։ Եթե նախկինում 4 ժամ էր տևում մինչև բնակչին էր հասնում, ներցանցայինի կառուցումից հետո ավելի արագ կհասնի»:
Լուսանկարը՝ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի
Տեսանյութը՝ Ապագայի համայնքապետարան
Մարտ 31, 2020 at 12:14