Տափերականի խմելու ջրի խնդիրը լուծման ճանապարհին է

Տափերականի խմելու ջրի խնդիրը լուծման ճանապարհին է

ԷկոԼուր

Արարատի մարզի Տափերական համայնքի խմելու ջրի խնդիրը լուծման ճանապարհին է։ Երկար տարիներ քայքայված խողովակաշարով, հաճախակի ջրանջատումներով ուղեկցվող ջրամատակարարումը մոտ ապագայում կկարգավորվի, և բնակիչները մաքուր ջուր կունենան։ 

2019 թ. համայնքում Տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ Տափերականում կառուցվել է 4167 մ երկարությամբ խմելու ջրագիծ, ևս 512 մ երկարությամբ ջրագծի կառուցումն էլ հնարավոր է դարձել «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի կողմից` ՄԱԿ–ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց հնարավորությունների ընձեռում` Հայաստանում ջրային պաշարների կայուն կառավարման գործընթացին մասնակցության համար» ծրագրի շրջանակում։ Պետական աջակցությամբ հատկացվել է 39 միլիոն դրամ, համայնքի համաֆինանսավորումը կազմել է 4,5 մլն դրամ։ Հասարակական կազմակերպության ծրագրով համայնքին է հատկացվել 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով օժանդակություն, համայնքի ներդրումը կազմել է 400 հազար դրամ։

Լուսանկարները՝ Քնարիկ Գրիգորյանի

Ըստ Տափերականի համայնքապետ Կարեն Խաչատրյանի՝ վերոնշյալ 512 մ ջրագիծը դուրս էր մնացել պետական ծրագրից, քանի որ նոր կազմավորվող թաղամասի համար է։ «Մեր համայնքի կանայք մասնակցել են ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի կազմակերպած սեմինարին, ծրագիր են ներկայացրել, այնուհետև՝ նախագիծ-նախահաշիվ։ Այդ հատվածի միացումը ջրագծին շատ կարևոր է։ Հետագայում դա կնպաստի բնակարանային շինարարության զարգացմանը, քանի որ այնտեղ արդեն 50-60 տնամերձեր կան։ Սուբվենցիոն ծրագրեր ենք ներկայացրել տվյալ տարածքի գազաֆիկացման և փողոցների արտաքին լուսավորման ծրագրերի մասով», - ասաց համայնքապետը: Ըստ նրա՝ այս ծրագրի շնորհիվ ամբողջությամբ լուծվում է խմելու ջրի խնդիրը։ Մինչդեռ նախկինում աղտոտված ջրի օգտագործման հետևանքով անգամ աղիքային հիվանդություններ են գրանցվել։ Խաչատրյանը վստահ է, որ նոր ջրագծի կառուցման արդյունքում նման դեպքեր այլևս չեն լինի։

«Հին ջրագիծը կառուցվել է ավելի քան 60 տարի առաջ։ Երեք օրը մեկ վթարավերականգնման աշխատանքներ էին կատարվում։ Ջրի որակը շատ վատն էր։ Ջուրը շուրջօրյա չէ, վթարի դեպքում ցեխաջուրը լցվում էր խողովակի մեջ»,- ասաց Կարեն Խաչատրյանը։

Ներկայում գյուղում ջրամատակարարումն օրվա ընթացքում մի քանի ժամ է տևում։ Ըստ բնակիչների՝ լինում են օրեր, որ մեկ կաթիլ ջուր չի գալիս՝ հերթական վթարով պայմանավորված։ Արդյունքում, մարդիկ բացում են ջրի ծորակը, սակայն ջրի փոխարեն միայն օդ է դուրս գալիս։ Մինչդեռ ջրաչափի սանդղակը պտտվում է։ Ստացվում է՝ մարդիկ վճարում են օդի համար։ Սրան գումարվում է նաև տներում տեղադրված պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի գումարը: Բանն այն է, որ Տափերականի բնակիչներն արդեն երկար տարիներ իրենց անհրաժեշտ ջուրն ամբարում են գետնի տակ գտնվող բետոնե հորերում։ Բնակիչներն իրենց հորերի վրա տեղադրել են պոմպեր՝ մեկ պոմպով ջուրը դեպի հորը, մյուսով դեպի տուն մղելու համար։

«Անգամ մեկ կաթիլ ջուր հոսելու դեպքում պոմպը միանում է։ Առանց պոմպի հնարավոր չէ։ Եթե անգամ ջուրն անընդհատ ունենանք, հորը միևնույն է` լցնելու ենք որպես պահուստային ջուր։ Ձեռնտու կլինի անընդհատ հոսող ջուր ունենալ։ Սակայն լվացքի դեպքում պետք է հորից օգտվես։ Չեմ պատկերացնում, որ ճնշումն այնքան ուժեղ լինի, որ հնարավոր լինի օգտագործել առանց պոմպի», - ասաց Տափերականի համայնքապետարանի առաջատար մասնագետ, ծրագրի շահառու Հասմիկ Մարգարյանը։

Ըստ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանի՝ այդպիսի ջրամատակակարումը տնտեսապես անհարմարություն է պատճառում բնակիչներին և ծախսատար է.«Երբ լինում են վթարներ, իսկ դրանք հաճախակի են լինում, եթե աղտոտված ջուրը չնկատեցին, հավաքած 1 տոննա ջուրը հորը լցնելուց հետո ստիպված են դատարկել և կրկին մաքուր ջուր հավաքել։ Կթափե՞ն, թե՞ կօգտագործեն այդ աղտոտված ջուրը, միևնույն է՝ պետք է վճարեն», - ասաց նա։

Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ մինչ ջրագծի կառուցումը և ջրագծի շահագործումից հետո անցկացվել և անցկացվելու են հարցումներ՝ հասկանալու համար ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի իրականացրած ծրագրի արդյունավետությունը: «Ծրագրի հաջորդ մասով պետք է հետևենք ջրագծի շահագործումից հետո ջրի որակի բարելավմանը։ Դրա համար ծրագրի շահառու ակտիվ կանանցից տեղեկատվություն է վերցվում։ Երկու հարցում է իրականացվում։ Մինչ կառուցումը զրուցել ենք բնակիչների հետ։ Սա կլինի ելակետային իրավիճակը։ Հետագայում հնարավորություն կունենանք ելակետային իրավիճակը համեմատել արդեն շահագործումից հետո մատակարարված ջրի որակի հետ: Այդ կերպ կհասկանանք ծրագրի արդյունավետությունն ու կայունությունը»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը։

Բնակիչները հույս ունեն, որ շուտով խմելու ջրի խնդիրը կլուծվի: Ցանկանում են, որ մի օր էլ ոռոգման ջրի հարցը լուծվի: «Հեռու տնամերձ ունենք, չենք ոռոգում։ Մի քանի տարի չենք գնացել։ Ծառեր ունեինք, ջուր չեղավ, չջրվեց, չորացան, էլ չենք մշակում», - ասաց Տափերականի բնակիչ Գոհար Մնեյանը:

Տափերականում դեռ 40 տարի առաջ հիմնված այգիները ներկայումս չեն ծառայում իրենց նպատակին, իսկ վարելահողերի մեծ մասը ոռոգման ջրի սղության, ոչ բերրի լինելու հետևանքով չեն մշակվում, քանի որ անջրդի վարելահող օգտագործելը եկամտաբեր չէ: Արդյունքում տարիների ընթացքում համայնքում հող մշակողների թիվը կրճատվել է:

«Ոռոգման համակարգը հին է։ Համակարգի 10 - 15 տոկոսը բաղկացած է ստորգետնյա խողովակներից և կիսախողովակներից։ Մնացածը 50 կմ երկարությամբ հողաշեն առուներ են։ Դրանք ամեն տարի թարմացվում են։ Ջրի կորուստը շատ մեծ է էս չեղած պայմաններում», - ասաց Տափերականի համայնքապետը: Նա նշեց, որ ոռոգման խնդրի լուծման համար համայնքապետարանի բյուջեում անհրաժեշտ գումար չկա:

 

Մայիս 05, 2020 at 20:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր