

ԷկոԼուր
ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչներ Արուսյակ Այվազյանը և Ստեփան Գևորգյանը ԷկոԼուրի թիմի հետ միասին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ուղարկեցին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի բացասական ազդեցությունը հաստատող հիմնավորումներ, որպեսզի Ծրագիրը կանգնեցվի:
Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 20-ին Կոտայքի մարզպետի հետ Գառնիի բնակիչների և ԷկոԼուրի թիմի հետ հանդիպման ժամանակ մարզպետին ներկայացվեցին ծրագրի ռիսկերը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մարզպետարան կներկայացվեն Քաղցրաշենի ծրագրի բացասական ազդեցությունը հաստատող հիմնավորումներ: Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ մտադիր է ներդնել էական բարեփոխումներ Կոտայքի մարզի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում:
Կոտայքի մարզպետին ներկայացված նամակում նշված է.
«Հարգարժան պարոն մարզպետ,
շնորհակալություն ենք հայտնում մեզ ընդունելու և Կոտայքի մարզի ջրային ռեսուրսների խնդիրները քննարկելու համար:
Ի պատասխան Ձեր առաջարկության` ներկայացննում ենք Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի բացասական ազդեցությունը հաստատող հիմնավորումներ, որպեսզի Ծրագիրը կանգնեցվի: Ծրագրով նախատեսվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը սահմանագծող Ազատ գետի ջուրը տանել Արարատի մարզի 13 համայնքների 387 հա նոր հողատարածքների ոռոգման համար և էլեկտրաէներեգիայի ծախսի խնայման համար: Ազատ գետում պետք է ապահովվի 850լ/վ բնապահպանական թողք:
Ներկայացնում ենք Ծրագրի բացասական ազդեցությունները:
1. Քաղցրաշենի ծրագիրը բացասական ազդեցություն է գործում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վրա, քանի որ Ծրագիրն անմիջապես ջուրը տանում է Ազատ գետից: Ազատ գետը հոսում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանագծով: Ազատ գետի սակավաջրության պատճառով մեծանում է հրդեհավտանգ իրավիճակը: Արդեն իսկ խախտված է գետի էկոհամակարգը, վատթարանում են զբոսաշրջության համար նպաստավոր պայմանները. դիտվում է չորություն, բուսականության վերացում, խախտվում է տեղի կենսաբազմազանությունը, որը Խոսրովի արգելոցի պահպանման օբյեկտն է: Հացավանի պոմպակայանի կետից, որտեղից իրականացվելու է Քաղցրաշենի ծրագրի ջրառը, մինչև Ազատի ջրամբար` մոտ 6 կմ հատվածում, Ազատ գետի հունը չորանում է ջուր չլինելու պատճառով և Ազատի կիրճն այդ տարածքում անապատանում է:
2. Քաղցրաշենի ծրագրի իրականացման արդյունքում բավարար չի լցվում Ազատի ջրամբարը, որն ինքնահոս ոռոգում է շուրջ 7100 հա հողատարածք (ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հայաստանի Հանրապետության ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ, 2007, էջ 5): Ազատ գետի ջրով սնվող Ազատի ջրամբարի սակավաջրության պատճառով արդեն իսկ տապալվել է «Էրեբունու» անտառտնտեսության 51 հա տարածքի անտառապատման պետական ծրագիրը: 51 հեկտարից անտառապատվել է 20.5 հեկտարը, որը ոռոգման ջրի բացակայության պատճառով չի աճել, և ներկայումս տարածքը հատկացվել է Երևանի Նուբարաշենի կոշտ կենցաղային նոր աղբավայրի կառուցման համար: 




3. Քաղցրաշենի ծրագիրը վտանգում է Գառնի համայնքին ոռոգման ջրով ապահովումը: Գառնի համայնքն իրականում ունի շուրջ 2000 հեկտար ոռոգման ենթակա տարածք, որը ժամանակին ոռոգվել է, սակայն տարիներ շարունակ այդ հողերի հիմնական մասն անմշակ է մնում ջրի բացակայության պատճառով: Այդ տարածքներն անապատացել են, և մոտ 1500լ/վ ջուր է անհրաժեշտ այդ տարածքների ոռոգման համար:
4. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի փոփոխված ծրագիրն իրականացվում է օրենքի խախտումով: Ծրագրի փոփոխված տարբերակը չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն` բնապահպանական փորձաքննության, և պաշտոնապես չեն գնահատվել փոփոխված ծրագրի ռիսկերը: Այս կապակցությամբ մեր հարցմանն ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Սահակյանը 04.04.2017թ-ին թիվ ՎՍ-33/163 նամակով հայտնել է. «Ջրային տնտեսության պետական կոմիտեն սահմանված կարգով ՀՀ բնապահպանության նախարարությանը տեղեկացրել է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծային փաստաթղթերում նախատեսվող փոփոխությունների մասին: Սակայն նախագծային փոփոխությունների բնույթի, ծավալների և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության մասին առավել ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխան գրությամբ պահանջել է փոփոխված նախագծային փաստաթղթերը ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարության քննարկմանը»: Սակայն ծրագրի փաստաթղթերը փորձաքննության չեն ներկայացվել:


Ծրագիրը չի համապատասանում առաջադրված նպատակներին, քանի որ ինքնահոսի փոխարեն նախատեսում է էլեկտրաէներգիայի օգտագործում: «Ջրընդունիչը կիրականացվի մագիստրալ խողովակաշարի ՊԿ52+00 մոտակայքում` օգտագործելով գոյություն ունեցող Հացավանի պոմպակայանը»,- նշված է ծրագրում:
Այսպիսով, Համաշխարհային բանկի վարկը օգտագործվել է ոչ նպատակային, ՀՀ օրենսդրության խախտմամբ` հասցնելով վնաս Խոսրովի արգելոցին, Ազատի կիրճին, տեղի բնակչությանը:
Հարգարժան պարոն մարզպետ,
Ակնկալում ենք Ձեր միջամտությունը Կոտայքի մարզի կայուն զարգացման ապահովման գործում:
Հարգանքով`
Արուսյակ Այվազյան` Գառնի համայնքի բնակիչ
Ստեփան Գևորգյան` Գառնի համայնքի բնակիչ
Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
Վիկտորյա Բուռնազյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ
Մոնիկա Երիցյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող»:
Հուլիս 31, 2018 at 17:30
