

Տաթև Ենոքյան ԷկոԼուրի համար
«Մասիս-Ձուկ» ձկնաբուծարանի հետադարձ ջրերով կիրականացվի Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքին պատկանող 60 հա հողատարածքների ոռոգումը:
Ձկնաբուծարանի տարածքում կառուցվել է պոմպակայան, նոր ջրագիծ՝ պոմպակայանից մինչև հին ոռոգման համակարգի վերին հատված ջուրը հասցնելու և այնտեղից գոյություն ունեցող առուներով, ինքնահոս եղանակով գյուղացիներին բաշխելու համար: Վերականգնվել է հին առուները՝ ջրի կորուստները կրճատելու և համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Այս աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի, ՀՕՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի և Սայաթ Նովա համայնքի միջև ստորագրված համագործակցության պայմանագրի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, այս ծրագրից կօգտվի 98 տնտեսություն: Կոռոգվեն 15 տարի շարունակ անջրդի մնացած հողատարածքները:
ԳԱՏՕ-ի ծրագրի պաշտոնական կայքի համաձայն` մասնագետներն ուսումնասիրել են ձկնաբուծարանում օգտագործվող ձկան կերը և հետադարձ ջրերի որակն ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ոռոգման համար սահմանված չափանիշների և պարզել, որ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը կարող են օգտագործվել մշակաբույսերի աճեցման համար:
Նշենք, որ Սայաթ Նովան 2-րդ համայնքն է, որտեղ իրականացվեց նման ծրագիր: Արարատի մարզի Հայանիստ գյուղը առաջինն է եղել, որտեղ իրականացվել է նմանատիպ ծրագիր: Արդյունքում հնարավոր է դարձել գյուղի 40 հա վարելահողերի ոռոգում ձկնաբուծարանի հետադարձ ջրերով: Հայանիստում շահառուների թիվը կազմել է մոտ 120 տնային տնտեսություն:
Լուսանակարը վերցված է www.aspired.wadi-mea.com կայքից:
Նոյեմբեր 01, 2018 at 18:05
