Կառավարությունը կմարի ՋՕԸ-երի կուտակած ավելի քան 4 միլիարդ դրամ պարտքը

Կառավարությունը կմարի ՋՕԸ-երի կուտակած ավելի քան 4 միլիարդ դրամ պարտքը

ԷկոԼուր

Ս.թ. հուլիսի 4-ի նիստին գործադիրը որոշում ընդունեց մարել ջրօգտագործող ընկերությունների կուտակած ավելի քան 4 միլիարդ դրամ պարտքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Ըստ որոշման հիմնավորման՝ ՋՕԸ-երը դեռևս անցած տարիներից կուտակել են մեծաքանակ պարտքեր, մասնավորապես, վերջին տարիների սակավաջուր և չոր եղանակի հետ կապված՝ ոռոգման համակարգում իրականացված մեխանիկական ջրարտադրությունից առաջացած էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերը: 2019 թ-ի ոռոգման շրջանը սկսվել է, սակայն այն պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար ՋՕԸ-երը կանգնել են մեծ դժվարությունների և խոչընդոտների առաջ։ Հունիսի 10-ի դրությամբ ՋՕԸ-երի ընդհանուր կրեդիտորական պարտավորությունները կազմում են 4087,9 միլիոն դրամ, որից ծախսված էլեկտրաէներգիայի գծով պարտքը՝ 873,0 միլիոն դրամ, ջրառի գծով պարտքը՝ 1247,7 միլիոն դրամ, կուտակված աշխատավարձի գծով պարտքը՝ 735,8 միլիոն դրամ, չկատարված հարկային պարտավորությունների գծով՝ 322,6 միլիոն դրամ և այլն։ Հարկային ժամկետանց պարտավորությունների և մյուս կրեդիտորական պարտավորությունների համար ՋՕԸ-երի բանկային հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ, որը խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական գործունեություն իրականացնելու, հետևաբար, ոռոգման շրջանը կազմակերպելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս որոշմամբ կառավարությունն աննախադեպ քայլ է կատարում: Նախարարի խոսքով՝ դրա շնորհիվ աշնանը ՋՕԸ-ը իրենց գործունեությունը կմեկնարկեն առանց պարտքի, ինչը հնարավորություն կտա առողջացնել համակարգը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ անցած տարիներին ՋՕԸ-ների պարտքն աճողական տեմպերով է ավելացել: «Բայց այստեղ ունենք համակարգային խնդիր: Ընդհանուր ՋՕԸ-ների համակարգն ինչ-որ սխալ խթանների վրա է կառուցված, որն անընդհատ նման խնդիրներ է առաջացնում: Այո, ենթակառուցվածքներում ունենք մեծ խնդիրներ, ունենք կորուստներ, բայց դա չի նշանակում, որ այս ձևաչափը թույլ է տալիս ճիշտ մեխանիզմով աշխատել»,- նշել է փոխվարչապետը և հավելել, որ համակարգային փոփոխությունների վերաբերյալ հարցերը կքննարկվեն մինչև սեպտեմբեր:

Հուլիս 04, 2019 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր