

ԷկոԼուր
Համացանցում տարածված Արծվանիկի պոչամբարի պարզվածքի վերաբերյալ ահազանգի հետքերով ս.թ. օգոստոսի 24-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարից հեռացվող հոսքաջրերի թունելախորշի սկզբնամասում։ Կատարվել են հոսքաջրերի նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտություն իրականացնելու նպատակով: Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Նշենք, որ ահազանգի տեսանյութը տարածել էր լրագրող Թեհմինե Ենոքյանը ս.թ օգոստոսի 24-ին՝ ներկայացնելով այն որպես հաղորդում հանցագործության մասին:
«Սա Արծվանիկի պոչամբարի պարզվածքն է, և սա եզակի դեպքը չէ, տասնյակ անգամ նկարել եմ այսպիսի տեսանյութեր: Այս «անարատ ու կենարար» հեղուկով ոռոգվում են հեկտարներով այգիներ...
Ոլորտում առկա օրենսդրական, կադրային, նյութատեխնիկական խնդիրները դեռ չլուծած ի՞նչ նոր հանքի մասին է խոսքը:
Ոչ մի նոր հանք Հայաստանում:
Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք գնալ Կապան, ծանոթանալ բարձր ստանդարտների նշաձողի ձգտող ԶՊՄԿ-ի հանքարդունաբերության հետևանքներին։ Համապատասխան մասնագետների միջոցով կարող է փորձել բարձր ստանդարտների նշաձողին համապատասխան կառավարել այս ռիսկերը: «Ոչ մի լիտր աղտոտված ջուր» եզրույթը նոր կառավարությունը հնարավորություն ունի գործնականում իրականացնել ԶՊՄԿ-ում։
Պատկան մարմիններին՝ եթե քրեական գործեր չհարուցվեն այս հանցագործությունը կանխարգելելու համար, ապա իրենք էլ դառնում են հանցագործությունը քողարկող և հանցագործության հովանավոր։
Նախքան Ամուլսարում շահագործմանն անցնելը, թող փորձի հարգելի վարչապետը նմանօրինակ շահագործվող հանքերում ռիսկեր կառավարի, նոր խոսի Ամուլսարի մասին», - տեսանյութին կից գրել է Թեհմինե Ենոքյանը։
Օգոստոս 28, 2019 at 14:34