

ԷկոԼուր
Սևանա լճից բացասական հաշավեկշռի դեպքում հավելյալ ջրառն արգելող օրինագծին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 14-ին դրական եզրակացություն տվեց՝ չնայած ՀՀ կառավարության բացասական դիրքորոշմանը: Օրինագիծը հեղինակել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
ՀՀ ԱԺ կայքի համաձայն՝ հանձնաժողովի նիստում նշվել է, որ 2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին Սևանա լճից 170 մլն մ3 առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվել: Լճի մակարդակի իջեցման հետևանքով մեծացել է ճահճացման վտանգը: Բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի եւ նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը: Մասնագետները հաշվարկել են, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանն է ջրի մակարդակի բարձրացումը:
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է բնակլիմայական պայմանների պատճառով լճի ջրային բացասական հաշվեկշռի պարագայում սահմանափակել ավելի ջրառի իրականացումը:
Հանձնաժողովի հավանությանն արժանացած օրինագիծը պետք է ընդգրկվի ԱԺ նստաշրջանի առաջիկա նիստերի օրակարգում:
Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն չտվեց այս օրինագծին: ՀՀ կառավարությունն իր մերժումը հիմնավորել էր նրանով, որ ջրի դեֆիցիտի մեղմման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացնելն այլընտրանք չունի` անկախ լճի տվյալ ժամանակաշրջանի հաշվեկշռից: Բացի այդ, նախագծով առաջարկվող սահմանափակման պարագայում անհրաժեշտություն կառաջանա ջրամատակարարումն իրականացնել խորքային հորերի շահագործմամբ, ինչը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծախսերի ավելացման, հետևաբար՝ նաև ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության: Կառավարությունը նախագծի ընդունման անհրաժեշտությունը համարել էր ոչ բավարար հիմնավորված և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող:
Հարց է առաջանում, թե Ազգային ժողովի պատգամավորներն ինչպես կքվեարկեն ՀՀ կառավարության մերժած օրինագծի օգտին:
Հոկտեմբեր 15, 2019 at 16:02