Սուրեն Պապիկյանին չի գոհացրել ՋՕԸ-ների կողմից իրականացված վարձավճարների գանձման ցուցանիշը

Սուրեն Պապիկյանին չի գոհացրել ՋՕԸ-ների կողմից իրականացված վարձավճարների գանձման ցուցանիշը

ԷկոԼուր

2019թ․ դեկտեմբերի 11-ի դրությամբ ջրօգտագործողներին մատակարարվել է 549,4 միլիոն խմ ջուր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշն աճել է 796 միլիոն դրամով։ Այս մասին տեղեկացրել են Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) տնօրենները դեկտեմբերի 11-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցության ժամանակ: 

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանը անբավարար է գնահատել ՋՕԸ-երի գործունեությունը Ջրային կոմիտեի հետ տարեսկզբին համաձայնեցված ծրագրային ցուցանիշներն ապահովելու առումով և հանձնարարել ընկերությունների տնօրեններին մինչև տարեվերջ բարձրացնել վարձավճարների գանձման ցուցանիշը։ Նախարարը հորդորել է ՋՕԸ-երի ղեկավարներին գալիք տարում աշխատանքի և վարչարարության ճիշտ պլանավորմամբ քայլեր ձեռնարկել`  ջրօգտագործողների հետ խնդիրներից և նոր պարտքերի կուտակումից խուսափելու համար։ 

Հանդիպմանը Պապիկյանը ընդգծել է ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված դրական շարժը. «Այս տարի ոլորտի ամենամեծ հաջողությունը կարելի է համարել ոռոգման շրջանում Սևանա լճից իրականացվող ջրառի չափաքանակի կանոնավորումը, ինչի շնորհիվ լճից 2018թ․-ի համեմատ բաց թողնվեց 53․5 մլն խմ-ով պակաս ջուր»,- ասել է նա։

Լուսանակարը՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքի

 

Դեկտեմբեր 12, 2019 at 17:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր