

ԷկոԼուր
ՀՀ Ջրային կոմիտեի աշխատակից Սուրեն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԷկոԼուրի «Հնարավո՞ր է՝ 2020 թվականը լինի սակավաջուր տարի» հրապարակմանը:
«Ecolur.org-ը գրում է, որ ըստ ԱԻն տվյալների ՀՀ ջրամբարների լցվածությունը ս.թ. հունվարի 9-ի դրությամբ 2-3 անգամ պակաս է նախորդ տարվա համեմատ:
Այն որ լեռնային շրջաններում ձյան շերտը այսօրվա դրությամբ մի քանի անգամ պակաս է նախորդ տարվա՝ նույն օրվա համեմատ, դա փաստ է և, այո, կարող է ջրային ռեսուրսների զգալի սակավության հանգեցնել…
Սակայն 10.01.2020թ. դրությամբ ՀՀ համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը շուրջ 53 մլն խմ-ով ավելի է 10.01.2019թ-ի դրությամբ»,- գրել է Միրոյանն իր էջում հրապարակելով ՀՀ 11 ջրամբարների լցվածության վերաբերյալ տվյալներ:
ԷկոԼուրը հրապարակել էր Հայաստանի հինգ խոշորագույն ջրամբարների՝ Ախուրյանի, Ազատի, Մարմարիկի, Արփի լճի, Ազատի լցվածության վերաբերյալ ՀՀ ԱԻՆ-ի տվյալները՝ նշելով, որ Հայաստանի հինգ խոշոր ջրամբարների լցվածության մակարդակը ս. թ. հունվարի 9-ի դրությամբ կրկնակի և եռակի անգամ պակաս է նախորդ տարվա նույն օրվա համեմատ, բացառությամբ` Ախուրյանի ջրամբարի:
Միրոյանի կողմից նշված 53 միլիոն խմ ավելի ջրային պաշարն ամբարված է Հայաստանի ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարում և ևս երեք՝ ոչ մեծ Մանթաշի, Հեր-Հերի և Զանգակատուն ջրամբարներում: Ընդ որում 11-ից 6 ջրամբար ունի բացասական հաշվեկշիռ:
Հունվար 10, 2020 at 17:14