ԷկոԼուր
Օրերս ավարտվեց Արարատի մարզի Բերքանուշ համայնքում 193 մ երկարությամբ ոռոգման ջրագծի կառուցումը: Այն կարող է ոռոգման ջրով ապահովել Բերքանուշի 12 հա հողատարածքների համար, ինչը կթեթևացնի երկրագործությամբ զբաղվող 30 տնտեսության հոգսը: Ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացվել են «Կանանց հնարավորությունների ընձեռում` Հայաստանում ջրային պաշարների կայուն կառավարման գործընթացում մասնակցության համար» ծրագրի շրջանակում՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի կողմից՝ ՄԱԿ–ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ։
«Ոռոգման ջրագիծը կառուցվել է ցեմենտբետոնե կիսախողովակներով և 5 ջրբաժան հատվածում կառուցվել են ջրթող ավազաններ: Ջրատարի այն հատվածը, որը հատվում է ճանապարհի հետ, ստորգետնյա մետաղյա խողովակ է: Այն զգալիորեն նվազեցնում է ջրի կորուստը: Իրականացված ծրագիրը ոչ միայն ոռոգման ջրի խնդիր է լուծում, այլև կնպաստի համայնքում բնակիչների զբաղվածության ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, եկամուտների աճին և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Կմշակվեն լքված հողատարածքները, ոռոգման ջրի հասանելիության դեպքում կբարձրանա բերքատվությունը, կկրճատվի ոռոգման վրա ծախսված ժամանակը»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը:
«Նախկինում ոռոգումն իրականացվում էր հողային հունով մեծ առվի միջոցով, որն անցնում էր դրենաժի հարևանությամբ։ Ջրի մեծ`գրեթե 60%-անոց կորուստ ունեինք։ Մարդիկ հրաժարվում էին հող մշակել ջրի պակասության, անմատչելիության պատճառով։ 2018 թ-ին կապիտալ ներդրումների միջոցով կառուցվել է մոտ 200 գծամետր ոռոգման ջրատար, իսկ այս կառույցը այդ ջրատարի շարունակությունն է։ Հիմա արդեն մեկ կաթիլ ջրի կորուստ չի լինի: Ջրագծի կառուցումը շատ մեծ խնդիր լուծեց»,- ասաց Բերքանուշի համայնքապետ Մանվել Հայրապետյանը։ Ըստ համայնքապետի՝ մարդիկ նախկինում հրաժարվում էին հողերը մշակել նաև ջրի բարձր սակագնի պատճառով․ «Վայրկյանում 45 լ ջուր է դուրս գալիս, ժամը կազմում է 1200 դրամ։ Թանկ է։ Ոմանք իրենց սեփական ջրի աղբյուրն էին ուզում ստեղծել, իրենց հողատարածքներում արտեզյան հորեր էին պատրաստվում փորել։ Ծախսեր պետք է անեին, փաստաթղթեր էին նախապատրաստում։ Այլևս դրա կարիքը չկա։ Հիմա մարդիկ շատ են ոգևորված։ Եթե նախկինում ջուրը 4 ժամում նոր հասնում էր գյուղացուն, ապա հիմա ամենավերջին կետին կհասնի 30 րոպեի ընթացքում»։ Համայնքապետի խոսքով՝ բնակիչները նախկինում քիչ ջուր պահանջող մշակաբույսեր էին մշակում՝ առվույտ ու ցորեն, որը նաև եկամտաբեր չէր, իսկ հիմա կարող են լոլիկ, այլ բանջարատեսակներ մշակել։ Նպատակ ունեն նաև խաղողի, ծիրանի, խնձորի ու դեղձի այգիներ հիմնել։
Բերքանուշցի Սուրիկ Ասատրյանն էլ նշեց, որ այժմ կկարողանա իր խաղողի այգին ոռոգել 3 ժամում, մինչդեռ նախորդ տարիներին ստիպված է եղել այգին ոռոգել 15 ժամվա ընթացքում։ «Ջուրը հողային հունով մինչև գալիս էր, էդ ճանապարհի համար էլ էինք վճարում։ Առավոտյան 6-ին միացնում էինք, ջուրը 11-12-ին նոր հասնում էր մեր հողատարածք։ Այ Ձեր շուրջը նայեք, դարձել է անապատ։ Հիմա արդեն մարդիկ կվերսկսեն հողային աշխատանքները»,- ասաց նա։
2019 թ․ Բերքանուշ համայնքի՝ 247,46 հա ոռոգելի տարածքից չի մշակվել 27 հա-ը։ Ջրատարի կառուցումից հետո անջրդի է մնում ընդամենը 15 հա դաշտամիջյան հող: Համայնքապետի խոսքով՝ այդ հողերի ոռոգման խնդիրը կլուծվի 15 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի իրականացմամբ, որի մոտ 45%-ը հատկացնելու է համայնքը։ Ծրագիրն արդեն ներկայացվել է պատկան մարմիններին, սպասում են հաստատմանը։
«Կանանց հնարավորությունների ընձեռում`Հայաստանում ջրային պաշարների կայուն կառավարման գործընթացում մասնակցության համար» ծրագիրը Բերքանուշում ոչ միայն ջրի խնդիր լուծեց, այլև նպաստեց համայնքի կանանց ներգրավմանը խնդիրների լուծման գործում: Բերքանուշի կանայք ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի մասնագետների աջակցությամբ ձեռք են բերել ծրագիր գրելու հմտություններ և հենց իրենք էլ ներկայացրել ջրատարի կառուցման ծրագիրը: «Կանանց դերը նրանում է, որ նրանք, ստանալով համապատասխան գործիքներ, կարողացել են կարգավորել ոռոգման ջրի հիմնախնդիրը՝ առաջարկելով արդյունավետ լուծում»,-ասաց Քնարիկ Գրիգորյանը։ Ծրագրի շահառու, Բերքանուշի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռուզաննա Համբարձումյանը կարևորեց համայնքի կանանց դերը բարձրացնելու՝ ծրագրի բաղադրիչը։ «Կնոջ դերը ավելի է բարձրանում, կնոջ նկատմամբ ավելի հաշվենկատ են դառնում։ Կինը տեսնում է, որ գնահատված է, իր ձայնը լսելի է»,- ասաց նա։ Ռուզաննա Համբարձումյանը նշեց, որ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի կողմից իրենց տրվել է առաջադրանք. «Պետք է հետևողական լինենք, որ կառույցը պահպանվի ինչպես հարկն է, երկար ժամանակ ծառայի»:
Ոռոգման ջրագծի կառուցման համար ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն հատկացրել է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ Բերքանուշ համայնքի ներդրումը կազմել է 1 միլիոն ՀՀ դրամ:
Տեսանյութը՝ Բերքանուշի համայնքապետարանի
Ապրիլ 23, 2020 at 16:49