ԷկոԼուր
Մայրաքաղաք Երևանում Հրազդանի կիրճում գետի ձախ ափին՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի դիմացի ափին, քանդում են տուֆից քանդակագործությունը, ստորգետնյա աղբյուրը, հատում ծառերը: Այս մասին ահազանգում է քաղաքացին, ով դեռ մեկ ամիս առաջ կատարվածի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Տեսանյութում նա ցույց է տալիս քանդված տուֆից քանդակագործությունը, գետի ափի աղտոտված տարածքը:
«Հարգելի Երևանի քաղաքապետարան, ես հասկանում եմ, որ այս օրերին դուք շատ ծանրաբեռնված եք, հաշվի առնելով մեր երկրում տիրող արտակարգ իրավիճակը, բայց նաև չեմ կարող լուռ մնալ և անտեսել այս խայտառակությունը։
Կորոնավիրուսը եկել և տարածվել է ուրիշ երկրից, բայց մենք չպետք է անտեսենք մեր երկրի վարակների օջախները։ Ջուրը վիրուսների տարածման հիմնական աղբյուրներից մեկն է։ Հրազդան գետը և նրա աղբյուրները մեր պետության և ժողովրդի սեփականությունն է, պետք է ուշադիր լինել և չթողնել, որ ինչ-որ անձիք աղտոտեն այն։
Տեսահոլովակում ես ներկայացնում եմ, թե ինչ վայրագություններ են արել՝ քանդելով գեղեցիկ տուֆից քանդակագործությունը, որտեղից և բխում էր աղբյուրը», - տեսանյութին կից գրել էր քաղաքացին։
Վերջինս ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ պատկան մարմինները կզբաղվեն խնդրով, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել: Ավելին, այդ տարածքում եղած երկու մեծ ընկույզի ծառերն էլ են հատել:
Իսկ թե ովքեր և ինչի համար են քանդում քանդակագործությունը, նա տեղյակ չէ: Ասում է՝ կամայական են անում, տարածքում ոչ մի ցուցանակ չկա այն մասին, թե ինչ նպատակով են այդ աշխատանքներն արվում:
ԷկոԼուրն ահազանգը ուղղում է Երևանի քաղաքապետարանին և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
Մայիս 04, 2020 at 18:38