ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՏԱՐԻ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԸ

Արմենպրես

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում սկսվել են 6,3 կիլոմետր երկարության խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մեծ Մասրիկի համայնքապետ Միշա Խլոյանը, աշխատանքների նախագծանախահաշվային արժեքը մոտ 70 միլիոն դրամ է, որից 10 միլիոնը գյուղապետարանի, մնացածը դոնոր կազմակերպությունների ներդրումն է:

Քսան օրվա ընթացքում արդեն կառուցվել է 200 միլիմետրանոց պոլիէթիլենային խողովակներով 2 կիլոնետր ջրագծի ներքին ցանց: Մնացած 4,3 կիլոմետրը կկառուցվի առաջիկա երկու ամիսներին: Կառույցի վրա այս պահին աշխատում է 40 բանվոր` 80-90 հազար դրամ միջին աշխատավարձով:

Ջրագծի ներքին ցանցի շահագործմամբ կվերացվեն խմելու ջրի բոլոր կորուստները, եւ շուրջօրյա ջրամատակարարում կկազմակերպվի բոլոր թաղամասերում: Դրանից հետո հաշվիչներ կտեղադրվեն բոլոր բնակարաններում` համակարգը անխափան ու արդյունավետ շահագործելու համար: Գյուղապետարանի հաշվեկշռից դուրս կստեղծվի մի առանձին կազմակերպություն, որը կզբաղվի Մեծ Մասրիկի խմելու ջրի մատակարարման եւ սպասարկման խնդիրներով:

Օգոստոս 05, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր