Արմենպրես
Ճամբարակի տարածքում հուլիսի 12-ին շահագործման է հանձնվել Գեղարքունիքի մարզում առաջին նորակառույց փոքրիկ հիդրոէլեկտրակայանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարներ, շրջանային էլցանցերի տնօրեններ եւ ՀԷԿ-ի սեփականատեր, Սեւան քաղաքի բնակիչ Էռնեստ Օհանջանյանը, ում սեփական միջոցների հաշվին էլ այն կառուցվել է:
Հիդրոէլեկտրոկայանն ունի 3500 կՎտ հզորություն: Կառույցի գործունեությունը շոշափելի արդյունք կապահովի էլեկտրաէներգիայի ապասարկման ոլորտում: Գետիկ գետի ավազանում այս օրերին կառուցման ընթացքի մեջ են մի շարք այլ հիդրոկայաններ: Ըստ Գեղարքունիքի մարզպետի` 3 հիդրոկայանի շինարարություն արդեն մոտենում է ավարտին, եւս 10-ի շինարարությունը շարունակվում է Գետիկ, Մարտունի եւ այլ արագահոս գետերի վրա: Թեեւ հիդրոկայանը համարվում է փոքր, սակայն մասնագետներն այլ հաշվարկներ են ներկայացնում: «Էրիկ» ՓՀԷԿ-ի փոխտնօրենի հավաստմամբ` եթե ՀԷԿ-ն իր լրիվ հզորությամբ աշխատի, կարող է ապահովել Սեւան, Ճաբարակ եւ Վարդենիս քաղաքների էներգետիկ պահանջները: Կառույցի շինարարական աշխատանքներն սկսվել են 4 տարի առաջ: Նշված ժամանակահատվածում շինարարությունն ապահովել է մոտ 25 ժամանակավոր աշխատատեղ, իսկ այսօր արդեն առկա է 10 հիմնական աշխատատեղ:
ՀԷԿ-ը կառուցված է Գետիկ գետի վրա, Մարտունի գյուղին հարող տարածքում: Գետից մոտ 2 կմ խողովակաշարով ջուրն հասնում է էլեկտրակայան, որն հնարավորություն ունի աշխատեցնելու 3 գեներատոր: Փոքր ՀԷԿ-երի հիմնական արտադրանքի 70 տոկոսը ստեղծվում է գարնանային վարարումների ընթացքում: Այս պահին ջրի սակավության հետեւանքով այս ՀԷԿ-ն առայժմ աշխատում է` ստեղծելով ժամում 250 կիլովատտ էլեկտրաէներգիա:
Օգոստոս 13, 2010
