Կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիությունը և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման բացերը Հայաստանում

Կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիությունը  և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման բացերը Հայաստանում

Գնահատվա՞ծ է արդյոք Հայաստանում ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի փոփոխության պայմաններում, ի՞նչ բացեր կան կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման մեջ ու այդ բացերը լրացնելու ուղղությամբ ի՞նչ առաջարկություններ կան: Այս և այլ հարցերի անդրադարձավ ՄԱԶԾ ԿԿՀ  ծրագրի ջրային ռեսուրսների և հարմարվողականության հարցերով ազգային խորհրդատու Վահագն Տոնոյանը մարտի 30-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած «Հայաստանում ջրային ռեսուրսների անվտանգությունը՝ կլիմայական կանխատեսումների սցենարի ներքո» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ ջրային ռեսուրսների խոցելիության և հարմարվողականության խնդիրները հարում են տարբեր ոլորտների՝ ջրօգտագործումից մինչև աղետների կանխատեսում ու կանխարգելում: «Ջրային ռեսուրսների պակասելու և ջերմաստիճանի բարձրացման դեպքում մենք ջրային ռեսուրսների որակի հետ կապված առողջապահական խնդիրներ ենք ունենալու: Ռիսկերը շատ ավելի խիստ ու արտահայտված կլինեն: Այս բոլոր հարցերը մենք ապագա ռիսկերի կանխատեսումների ձևով ենք ներկայացնում, որոնք պետք է նաև ուղղորդեն համապատասխան քաղաքականության մշակմանը: Փորձագետների կարծիքները շատ կարևոր են, դրանք տալու են խթան՝ մտածելու այդ ուղղությամբ և համապատասխան քաղաքական որոշումներ ու կարգավորման մեխանիզմներ մշակելու՝ ինչպես ջրային ռեսուրսների հասանելիության, այնպես էլ՝ ջրահեռացման և սանիտարական, հակահամաճարակային ծառայությունների բարելավման առումով»,- ասաց նա: 

Իր ելույթում Վահագն Տոնոյանը նշեց, որ Հայաստանը համարվում է բարձր ելակետային ջրային սթրեսով երկիր, ինչը նշանակում է, որ օգտագործելի ջրային ռեսուրսների հարաբերակցությունը ջրառի հետ համարվում է ռիսկային: «Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի գնահատմամբ` ՄԱԿ-ի 164 անդամ երկրների շարքում ջրային սթրեսի ցուցանիշով Հայաստանը դասակարգվում է 34-րդ տեղում: Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության` Հայաստանը համարվում է ջրասակավ երկիր, որը ենթակա է ջրային սթրեսի` ջրի շահագործման ինդեքսը բարձր է 45%-ից: Հայաստանում առկա բոլոր ջրային ռեսուրսները բավարար են տարեկան մեկ շնչի հաշվով շուրջ 3,100 խմ ջուր մատակարարելու համար, մինչդեռ հարևան երկրներում, օրինակ` Վրաստանում, համանման ցուցանիշը կազմում է 11 600 խմ, Ադրբեջանում՝ 3800 խմ: Ավելին, Հայաստանը բախվում է ջրային ռեսուրսների առումով տարածաժամանակային խիստ անհամաչափ բաշխվածության հետ: Ամենախիտ բնակեցված Հրազդանի ջրավազանում ջրային ռեսուրսները սակավ են, իսկ երկրի բնակչության 50%-ից ավելին բնակվում է այդ ջրավազանի տարածքում: Կան խիստ տատանումներ նաև տարեկան կտրվածքով: Գարնանային վարարումների ընթացքում հիմնականում անցնում է գետային հոսքի ավելի քան 55%-ը: Եթե ջրատվության առումով համեմատենք չոր տարին և միջին տարին, ապա կտեսնենք, որ տարբերությունը կարող է կազմել ավելի քան 65%, այսինքն՝ ջրային ռեսուրսների կարգավորումը էական դեր ունի»,- ասաց նա:

Բանախոսն ընդգծեց, որ Հայաստանը նաև զիջում է տարածաշրջանի պետություններին նաև մեկ շնչի հաշվով ջրի կուտակման հնարավորության ցուցանիշով: «Շուրջ 4,5 անգամ զիջում ենք Թուրքիային և Ադրբեջանին, 60%-ով՝ Վրաստանին, և միայն Իրանին ենք մոտ այդ ցուցանիշով: Այս առումով էական աշխատանքներ կան անելու: Խմելու ջրի շուրջ 96%-ը և ջրառի ավելի քան 40%-ը կազմում են ստորերկրյա ջրերը և դրանց պատշաճ կառավարումը նույնպես էական դեր ունի:

Ոռոգման ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի խոշոր սպառողը: Եվ վերջին տարիներին զարգանում է հիդրոէներգետիկան, որի տարեկան ջրառի ծավալն արդեն գերազանցում է 5 միլիարդ խմ ծավալը: Այդ զարգացումը որոշ գետավազաններում էական ճնշում է գործադրում ջրային ռեսուրսների վրա, մասնավորապես, էկոլոգիական թողքի խախտման առումով:

Վերոնշյալ խնդիրները խորանում են նրանով, որ վերջին տարիներին Թուրքիայի կողմից ոռոգման նպատակով սկսվել է ինտենսիվ ջրամբարաշինություն, և, դրանով պայմանավորված, ակնկալվում է Արաքս անդրսահմանային գետի միջին տարեկան հոսքի կրճատում շուրջ 56%-ով, ինչն էական ազդեցություն կունենա Հայաստանի վրա՝ պայմանավորված Արաքս գետի հոսքի 50%-50% համամասնությամբ Թուրքիայի հետ համատեղ օգտագործմամբ»,- ասաց Վահագն Տոնոյանը:

Ըստ բանախոսի՝ այս բոլոր խնդիրներն ավելի խրթին են դառնում կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքով, քանի որ Հայաստանը տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ առավել խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ: «Հայաստանը կլիմայի փոփոխության հանդեպ ունի բարձր ռիսկայնություն, մեծ զգայունություն և հարմարվողականության սահմանափակ կարողություններ: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ սպասվում է ջերմաստիճանի շարունակական բարձրացում, իսկ գյուղատնտեսության, ոռոգման ոլորտում ակնկալվում է բերքատվության անկում և ոռոգման պահանջարկի մեծացում»,- նշեց նա:

Ըստ կանխատեսումների՝ Ջերմոցային գազերի արտանետումների IPCC RCP8.5 սցենարի դեպքում METRAS տարածաշրջանային մոդելի կանխատեսմամբ 2040թ-ից սկսած որոշ գետավազաններում դիտվելու է գետային հոսքի էական կրճատում: Վերլուծվել են տարեկան գետային հոսքի փոփոխությունները մինչև 2100թ.` բազիսային՝ 1961-1990թթ. ժամանակահատվածի համեմատ: Ըստ վերլուծությունների՝ գետավազաններում տոկոսային ակնկալվող կրճատումը տատանվում է 17-39%-ի սահմաններում: «Այստեղ հիմնական մեսիջն այն է, որ ցանկացած սցենարի, տարածաշրջանային մոդելի դեպքում, այսպես թե այնպես, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, ակնկալվում է գետային հոսքի կրճատում, և մենք պետք է իրականացնենք հարմարվողականության միջոցառումներ»,- ասաց Վահագն Տոնոյանը: 

Նա նշեց, որ գնահատվել է նաև դեպի Սևանա լիճ գետային ներհոսքի ծավալը: Այն մինչև 2100 թ. նույնպես կկրճատվի բազիսային ժամանակահատվածի համեմատ (բազիսային ժամանակահատվածում ընդհանուր գետային ներհոսքը 758 մլն մ3 է): «Գետային ներհոսքի կանխատեսվող նվազումը տատանվում է 137-309 միլիոն խմ-ի սահմաններում: Օր առաջ պետք է հիմնավորվի կլիմայի փոփոխության հարմարվողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը»,- նշեց բանախոսը: 

Ըստ Վահագն Տոնոյանի՝ Սևանա լճի ջրային հաշվեկշռի գնահատման համար բացակայում են փաստացի գոլորշիացման տվյալները: Նույն խնդիրն առկա է նաև ջրամբարների դեպքում: «Պետք է հրատապ միջոցառումներ իրականացնել, խոսքը վերաբերում է նաև 20 միլիոն խմ ու ավելի ծավալով ջրամբարներում դիտարկումների բացակայությանը: Այստեղ շարժական չափիչ սարքեր է անհրաժեշտ տեղադրել` ջրի մակերևույթից գոլորշիացման ծավալների որոշման նպատակով: Ներկայումս գոլորշիացումը գնահատում ենք խորհրդային տարիների տվյալների հիման վրա: Մեզ պետք են ավելի ճիշտ տվյալներ»,- ասաց նա: 

Շարունակելով ջրամբարներին առնչվող խնդիրները՝ բանախոսը նշեց. «ԽՍՀՄ փլուզումից հետո ունենք անավարտ, տարբեր փուլերում նախագծված, նախնական ուսումնասիրված ջրամբարներ և չուսումնասիրված ջրամբարների թասեր: Առաջարկում ենք «Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից 2014թ. մշակված  ջրամաբարաշինության հայեցակարգը ևս մեկ անգամ ուսումնասիրել, դիտարկել կլիմայի փոփոխության տեսանկյունից, որովհետև դեպի ջրամբարներ գետային ներհոսքի կրճատում է դիտվել, կանխատեսվում է, որ կրկին կլինի: Այսպես, ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում դիտարկել ենք 15 ջրամբար Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: 3-ի համար կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրակուտակման հնարավորություններն էապես  կրճատվել են, 1-ում՝ Գրիձորի ջրամբարում, ջրի կուտակման խնդիր է առաջանում: Հիմնական առաջարկն այն է, կլիմայի փոփոխության համատեքստում պետք է վերլուծություն կատարել նախքան ջրամբարների համար տեխնիկատնտեսական հետազոտություններ կատարելը: Մենք պետք է վերանայենք ջրամաբարաշինության հայեցակարգը, որպեսզի հասկանանք՝ բավարար քանակի ջուր ունենալու ենք այդ ջրամբարներում, թե՝ ոչ, նոր անցնենք մանրամասն նախագծման աշխատանքներին»,- նշեց նա՝ հավելելով, որ դեռևս խորհրդային տարիներին Հայաստանում ջրային ռեսուրսների ոլորտում առկա տարածաժամանակային բաշխվածությունը կարգավորելու համար կառուցվել է 1.4 մլրդ խմ ընդհանուր ծավալով 87 ջրամբար: 

Վահագն Տոնոյանը նշեց, որ Կանաչ կլիմայի հիմնադրամի Հարմարվողականության ազգային ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է Հարմարվողականության ազգային ծրագրի մշակում վեց գերակա ոլորտների համար, որոնցից մեկը ջրային ռեսուրսների ոլորտն է: «Ծրագրի նպատակը լիովին համահունչ է ազգային անվտանգության, կայուն զարգացման նպատակներին և Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի ստանձնած  պարտավորություններին: Ջրային ռեսուրսների ոլորտում Հարմարվողականության ծրագրի մշակման շրջանակներում 2019-2020թթ. իրականացվել է իրավական, ինստիտուցիոնալ, հարմարվողականության բացերի և խոչընդոտների վերաբերյալ, կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատում: Ակնկալվում է, որ մինչև 2021թ. սեպտեմբեր մենք կունենանք այդ նախագիծը»,- նշեց նա:

Ըստ Վահագն Տոնոյանի՝ Հարմարվողականության ծրագրում վեր հանված բացերը վերաբերում են օրենսդրությանը, կառավարմանն ու ճյուղային ոլորտներում իրականացվող ծրագրերի մոնիթորինգին: «Կլիմայի փոփոխության ազդեցությունը բավարար չափով արտացոլված չէ օրենսդրության մեջ: Ջրային օրենսգրքում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման կարգն է ներկայացված: Սակայն հայտերը դիտարկելիս պատշաճ ուշադրություն չի դարձվում կլիմայի փոփոխության գործոնին: Մենք տրամադրում ենք երկարաժակետ թույլտվություն հիդրոէներգետիկայի  ոլորտում: Այստեղ պարտադիր պետք է հաշվի առնել կլիմայի փոփոխության գործոնը: Ջրօգտագործման ոլորտում պետք է նույնպես ներառել և հաշվի առնել կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման արդյունքները, այդ ոլորտների զարգացման ռազմավարություններում և հայեցակարգերում արտացոլել, հաշվի առնել կլիմայի փոփոխության ազդեցությունը»,- ասաց նա: 

Վահագն Տոնոյանը նշեց, որ անհրաժեշտ է վերանայել նաև ոռոգման նորմերը: Ներկայումս գործող ոռոգման նորմերը մշակվել են 2007թ. և հիմնվել 1970-ական թթ. տվյալների վրա: «Այդ ժամանակահատվածից հետո ունենք ջերմաստիճանի բարձրացում, այսինքն` ջրապահանջի փոփոխություն: Անհրաժեշտ է նորարարական ջրախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ ներդնել, ոռոգման համակարգերի հոսակորուստները նվազեցնել, քանի որ ոռոգման բնագավառում ունենք 40%-ից ավելի հոսակորուստներ, այսինքն` իրականացնել հարմարվողականության համապատասխան միջոցառումներ: 

Խմելու ջրամատակարարման հետ կապված նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել խմելու ջրաղբյուրների քանակական ու որակական խոցելիությունը կլիմայի փոփոխության ներքո, ինչպես նաև ջրապահանջարկի կանխատեսվող փոփոխությունները: Այդ նպատակով առաջարկել ենք ներդնել ջրախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ ջրամատակարարման համակարգերում,  նվազեցնել հոսակորուստները, որոնք կազմում են ավելի քան 70%: 

Հիդրոէներգետիկայի հետ կապված առաջարկում ենք վերանայել «ՀՀ հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական ծրագիրը»` հաշվի առնելով կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիությունը, ինչպես նաև բնապահպանական թողքերի նոր մեթոդաբանությունը, որովհետև կարծում ենք, որ մի շարք նախագծված ՀԷԿ-երի համար բավարար քանակի ջուր չի կարող լինել: 

Ջրավազանային կառավարման պլաններում պետք է անդրադարձ կատարվի կլիմայի փոփոխության արդյունքում ջրային ռեսուրսների խոցելիությանը: Հեղեղումների և սելավների հետ կապված անհրաժեշտ է ուսումնասիրել հեղեղավտանգ և սելավավտանգ տարածքները, ներդնել հեղեղումների վտանգի վաղ ազդարարման համակարգ՝ հաշվի առնելով դրանց ինտենսիվացումը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի տվյալներում առկա բացերին՝ Վահագն Տոնոյանը նշեց, որ խոցելիությունն ավելի լավ գնահատելու համար հոսքի ձևավորման գոտիներում, որտեղ մարդածին ազդեցությունը բացակայում է, պետք է հիմնել 14 նոր հիդրոլոգիական դիտակետ: «Այդ գոտիներում եթե նման կետեր ունենանք, արդեն փոփոխությամբ պայմանավորված կարող ենք գնահատել, կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքով հոսքի փոփոխությունը: Նույնը վերաբերում է բարձրլեռնային գոտիներում 5 նոր արդի ավտոմատ օդերևութաբանական կայանների հիմնմանը»:

Ըստ բանախոսի՝ խնդիր կա նաև փաստացի ջրօգտագործման վերաբերյալ անբավարար տվյալների պատճառով: Հայաստանը խնդիր ունի նաև ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը գնահատելու տեսանկյունից: «Մենք ունենք ստորերկրյա ջրային ռեսուրսների խոցելություն՝ կրճատում, բայց որքանով է դրա վրա ազդում կլիմայի փոփոխությունը, գնահատված չէ: Գիտենք, որ չափից ավելի ջրառի հետ կապված ունենք ջրային պաշարի նվազում, բայց կլիմայի փոփոխության գործոնի ազդեցությունը դրա վրա դեռ գնահատված չէ: Այս պարագայում անհրաժեշտ է հզորացնել ստորերկրյա ջրերի քանակական մոնիթորինգի դիտացանցը,  իրականացնել հետազոտություններ Հայաստանում կլիմայի փոփոխության ստորերկրյա ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման ուղղությամբ: Բացի այդ, ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների կառավարման թերություններ կան, տվյալների փոխանակման անբավարար մակարդակ կա: Այստեղ անհրաժեշտ է հզորացնել Ջրային պետական կադաստրը և կատարելագործել տվյալների փոխանակման գոյություն ունեցող համակարգը, որպեսզի երկրում ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման նպատակով ունենանք միասնական օգտագործման հիդրոլոգիական և օդերևութաբանական պարամետրերի վերաբերյալ ճշգրիտ, հուսալի և հասանելի տվյալներ»,- ասաց նա:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը հարցրեց, թե ինչպիսին կարող է լինել ջրային ռեսուրսների վերաբերյալ վատագույն սցենարը և այդ սցենարի վատթարացման տեմպերն ինչպիսին կլինեն՝ հաշվի առնելով, որ Կլիմայի փոփոխության ազգային հաղորդագրություններում տարեցտարի սցենարների կանխատեսումները փոփոխվում են բացասական տեսանկյունից: Տոնոյանն արձագանքեց. «Կախված է, թե մենք ինչ սցենարներ ենք օգտագործում և ինչ տարածաշրջանային մոդել: Մի բան հստակ է, ջերմաստիճանի աճը շարունակվում է: Միայն դրանով արդեն կարող ենք ասել, որ ջրի պահանջարկը կաճի, բայց տեղումների հետ կապված անհստակությունները ու անճշտությունները շատ են: Դրանց հետ կապված տարբեր ազգային  հաղորդագրություններում թվերը տարբեր են: Դա կապված է անճշտությունների, սցենարների հետ»,- բացատրեց Տոնոյանը: 

Կլոր սեղանի մասնակից, «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը նշեց, որ արդյունքները կախված են նաև երկրի կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքներից: Այս համատեքստում Ինգա Զարաֆյանը հետաքրքրվեց, թե ինչ միջոցառումներ կարելի է կիրառել ջերմաստիճանի բարձրացումից խուսափելու կամ այն մեղմելու համար: Ի պատասխան Վահագն Տոնոյանն արձագանքեց, որ հարմարվողականության միջոցառումներն օր առաջ պետք է իրականացնել՝ համադրելով ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխությունները: «Բոլոր ոլորտներն իրենց ռազմավարություններում պետք է հաշվի առնեն կլիմայի փոփոխության գործոնը: Մենք այսօրվա դրությամբ հարմարվողականության միջոցառումների միջոցով ավելի շատ բան կարող ենք իրականացնել իրավիճակը մեղմելու համար` ներառյալ ջրօգտագործման արդյոնավետության բարձրացման նպատակով տնտեսական և ֆինանսական մեխանիզմների կիրառումը: Օրինակ, ներկայումս ջրօգտագործման և սպառման համար կիրառվող վճարաչափերը չեն խրախուսում ավելի խնայողաբար ջուր օգտագործելը: Որպես ռեսուրսավճար «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ջուր վերցնելու համար վճարում է  25 լումա մեկ խորանարդ մետրի համար, բնակչին վաճառում՝ 185 դրամով»,- ասաց նա:

Էդուարդ Մեսրոպյանն էլ հավելեց, թե անհրաժեշտ է նաև վերաբերմունքի և մտածելակերպի փոփոխություն, պետական բոլոր ծրագրերում  կլիմայի փոփոխության հարմարվողականության հիմնադրույթների ներառում: Իր հերթին Ինգա Զարաֆյանը նկատեց, որ պետք է ոչ միայն փոխել մտածելակերպը, այլև՝ այդ փոփոխությունների արդյունքում հասնել հստակ ինստիտուցինալ և օրենսդրական փոփոխությունների և բարեփոխումների: 

Փորձագետ Ռոզա Ջուլհակյանը հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի են ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրի դիմաց բնօգտագործման վճար սահմանելու հարցի վերաբերյալ:

Ի պատասխան, Վահագն Տոնոյանն արձագանքեց, թե հիդրոէներգետիկայի բնագավառը  համարվում է ոչ սպառողական ջրօգտագործում, ինչի պատճառով ջրառի վարձավճար չկա, սակայն 2014թ-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվել է ուսումնասիրություն, որտեղ դիտարկվել է ՀԷԿ-երի համար եվրոպական երկրների փորձի կիրառումը և ջրառի մասնակի վճարաչափի (գործող դրույքաչափերի 10%-ի չափով) կիրառման հնարավորութունը: Ըստ այդմ` հաշվարկները ցույց են տվել, որ նման մոտեցման կիրառումը էական ազդեցություն չի ունենա սպառողներին մատակարարվող էներգիայի սակագնի վրա, բայց, միևնույն ժամանակ, էապես կխթանի ջրօգտագործման արդյունավետությունը և էական լրացուցիչ ֆինանսական միջոցներ կառաջացնի ջրային ոլորտի համար (ջրավազնային կառավարման պլանների միջոցառումների իրականացում, մոնիթորինգի համակարգի բարելավում և այլն): «Այստեղ խոսքը տնտեսական մեխանիզմների ներդրմամբ կառավարման բարելավման մասին է»,- ասաց Վահագն Տոնոյանը:



Ապրիլ 16, 2021 at 15:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր