Ներկայացվել են կլիմայի փոփոխության համատեքստում ոռոգման նորմերի արդիականցմանն ուղղված հետազոտության արդյունքները

Ներկայացվել են կլիմայի փոփոխության համատեքստում ոռոգման նորմերի արդիականցմանն ուղղված հետազոտության արդյունքները

«Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում ներկայացվել են կլիմայի փոփոխության համատեքստում ոռոգման նորմերի արդիականացմանն ուղղված հետազոտության արդյունքները: 

2021թ. ապրիլի 27-ին ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցած աշխատաժողովի ժամանակ բարձրացվեցին Հայաստանում կլիմայի փոփոխության համատեքստում ոռոգման նորմերի արդիականացման և ջրային ոլորտի հարմարվողականության ծրագրի մշակման աշխատանքներին վերաբերող հարցերը: 

Ջրային ռեսուրսների կառավարման խնդրի կարևորությունն իր ողջույնի խոսքում ընդգծեց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը: «Ջրային ռեսուրսները, բացի մարդու համար կենսական դեր կատարելուց, էական նշանակություն ունեն տնտեսության բազմաթիվ ոլորտների համար»,- ասաց նա: Ըստ Դիանա Հարությունյանի՝ ՄԱԶԾ-ԿԿՀ Հարմարվողականության ազգային ծրագրի շրջանակում ընտրվել և դիտարկվել են ոռոգման ջրի խնդիրները՝ որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ:  «Ոռոգման համակարգում ջրի կորուստները կազմում են ավելի քան 80 տոկոս: Ջրային ռեսուրսների հասանելիության անհամա­չափության և ջրային համակարգերի բացակայության պատճառով գյուղա­տնտեսական հողերի մոտ 48 տոկոսը չի մշակվում և ենթակա է դեգրադացման: Սա ոչ միայն գյուղատնտեսության ոլորտի զարգացման հեռանկարի, այլև երկրի տնտեսության և պարենային անվտանգության հարց է»,- ասաց Դիանա Հարությունյանը: 

ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ոռոգման նորմերի մշակման և ոռոգման պլանավորման հարցերի միջազգային փորձագետ Ստեֆան Գալկան անդրադարձավ ոռոգման նորմերի մեթոդաբանությանը: Նա տեղեկացրեց, որ վերանայվել է դեռևս 1998թ. հրապարակված գյուղատնտեսական կուլտուրաների համար անհրաժեշտ ոռոգման ջրի նորմերի մեթոդաբանությունը: Բանախոսն ընդգծեց, որ ներկայումս բոլոր միջազգային ֆինանսական կազմակեպությունների համար առաջանային է գործող կամ առաջիկա ոռոգման ծրագրերում գյուղատնտեսական կուլտուրաների համար ջրի հաշվարկի մեթոդաբանության կիրառումը: 

Ըստ Ստեֆան Գալկայի, Արարատյան հարթավայրում իրականացված աշխատանքների արդյունքների վրա հիմնվելով, հաջորդ քայլով կվավերացվեն մշակաբույսերի գործակիցներն՝ ըստ դաշտային հետազոտությունների: Անդրադառնալով մեթոդաբանության կիրառման արդյունքներին՝ Գալկան նշեց, որ եթե փորձենք կրճատել ոռոգման ջրի քանակը, կարող ենք որոշել, թե ինչ խնայողություններ է հնարավոր կատարել: «Դեպքերի մեծ մասում խնայողությունները հնարավոր են: Մենք կարող ենք նախապատրաստվել ապագային, երբ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ավելանա ջրի պահանջարկը: Եթե որևէ բան չարվի կրճատելու կլիմայի փոփոխության ազդեցությունը, ջրի պահանջարկը կլինի տեղումների մակարդակի վրա: Բայց խնայված ջրով մենք կարող ենք ավելացնել ոռոգելի տարածքները, եթե կրճատենք փաստացի ոռոգվող տարածքներին մատակարարվող ջրերի ծավալը»,- ասաց նա:

ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ոռոգման նորմերի մշակման և ոռոգման պլանավորման հարցերի ազգային փորձագետ Գևորգ Աֆյանը ներկայացրեց գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերի արդիականացման քաղաքականությունը: Մասնավորապես, բանախոսը ներկայացրեց գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրապահանջների սահմանման գործող (Հայաստանում՝ 2007թ. ընդունված «Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաներն ու ռեժիմները Հայաստանի Հան­­րապետության ոռոգելի հողատարածքների համար») և առաջարկվող՝ 1998թ. վավերացված «Մշակաբույսերի գումարային գոլորշիացում․ Մշակաբույսերի ջրապահանջի նորմի հաշվարկման ուղեցույց»-ի ՊԳԿ-ի թիվ 56 փաստաթղթի (միջազգային) տարբերությունները: Աֆյանն ընդգծեց, որ քաղաքականության նպատակը Հայաստանում գործող ոռոգման ռեժիմների արդիականացումն է՝ միջազգային փաստաթղթի համաձայն: 

«Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրապահանջները պետք է սահմանել մոդելավորման ժամանակակից համակարգչային ծրագրի օգտագործմամբ, հիմք ընդունելով մշակաբույսերի, հողի ջրաֆիզիկական բնութագրերի, գրունտային ջրերի մակարդակի, փաստացի ջրման գործընթացների, ագրոտեխնիկական միջոցառումների և բերքատվության վերաբերյալ ուսումնասիրությունները։ Արդիականացված ոռոգման ռեժիմները կնպաստեն արդյունավետ ոռոգման համակարգերի նա­խա­­գծմանը, ինչպես նաև ջրօգտագործող ընկերությունների և ֆերմերների կողմից ջրի արդյունավետ և խնայողաբար օգտագործմանը»,- նշեց նա։ 

Գևորգ Աֆյանը նշեց, որ ծրագրի արդյունքում 10-30%-ով կբարձրանա ջրի խնայողությունը 2007թ. ձեռնարկում ներկայացված ոռոգման ռեժիմների համեմատությամբ:

«Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Յուրի Ջավադյանն անդրադարձավ հողերի բաշխման անհամաչափության խնդրին, մասնավորապես, ժամանակին գյուղացիներին տրված հողերը բաղկացած են եղել մի քանի հողակտորներից, ինչը խոչընդոտել է գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կատարմանը:

Քննարկման ժամանակ առաջարկվեց դիտարկել ջրօգտագործողին, մատակարարին և կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքները ամբողջական շղթայի մեջ:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ անհրաժեշտ են նաև ինստիտուցիոնալ փոփոխություններ: «Ջրի անվտանգության և պարենային անվտանգության խնդիրներն ամենակարևորն են: Այս տեսանկյունից պետք է բարձրացնել Ջրային կոմիտեի կարգավիճակը, վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունն իր լիազորությունների ամբողջությամբ: Այս ոլորտները տալիս են Հայաստանի ՀՆԱ-ի ամենամեծ տոկոսը և ամենամեծ խնդիրներն են պարունակում: Բայց այս մակարդակով չենք կարող այդ լուծումները տալ»,- նշեց նա:

Ի պատասխան Գևորգ Աֆյանն արձագանքեց, որ նույնպես համամիտ է այդ մտքի հետ: «Դրանք Հայաստանի համար գերակա ճյուղեր են: Պետք է այս կազմակերպությունների արժեքը բարձրացվի»,- նշեց նա: 

Ինգա Զարաֆյանը նաև առաջարկեց նախքան որևէ գործողություն կատարելը լրջորեն գնահատել Հայաստանի ջրային ռեսուրսները: «Օրինակ՝ մենք չունենք ստույգ պատկեր ու գնահատում, խախտված է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հաշվեկշիռը: Կարող ենք միայն հաշվարկել՝ որքան ջուր է վերցվում հորերից: Կա նաև խնդիր հողերի աղակալման հետ»,- ընդգծեց նա: 

Շարունակելի…

Ելույթներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մայիս 06, 2021 at 14:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր