Լուսինե Տերտերյան, Իրավունք
Չինացիներն ասում են, որ սննդի մեջ առանց մսի կարելի է յոլա գնալ, սակայն առանց ձկան` երբեք: Այստեղ հետազոտություններ են կատարվում, թե շաբաթական քանի անգամ են մարդիկ ձուկ օգտագործում: Հայաստանում, ի տարբերություն Չինաստանի, ոչ ոք նման «դատարկ» բաներով չի հետաքրքրվում, սակայն այժմ հանրապետությունում ձկնաբուծական եղանակով տարեկան արտադրվում է 5000-5500 տոննա ձուկ, ինչը առկա պոտենցիալի չնչին մասն է կազմում:
«Պետք է նշեմ, որ ներկայումս ունենք 2670 հա ջրային մակերես, որտեղ իրականացվում է արդյունագործական ձկնագործություն,- ասաց մեզ ՀՀ գյուղնախարարության աշխատակազմի անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:- Երբ համեմատում ենք ջրային մակերեսը արտադրված ձկան պաշարի հետ, տեսնում ենք, որ դա բավական ցածր ցուցանիշ է: Մենք առանց որեւէ տեխնոլոգիական հնարքների կիրառման կարող ենք ավելացնել արտադրությունը գրեթե 5 անգամ, այսինքն` կարող ենք տարեկան նույն ջրային պաշարների վրա աճեցնել մինչեւ 25 հազար տոննա ձուկ: Դա դեռեւս ողջ ներուժը չէ»:
Համեմատության համար նշենք, որ ներկայումս օրինակ` Իսրայելում, եվրոպական մի շարք երկրներում 1 խմ ջրում աճեցվում է մինչեւ 500-600 կգ ձուկ: «Եթե նման տեխնոլոգիա կիրառենք, ապա մեր ձկնարդյունաբերության ծավալները կարող են հասնել տարեկան մինչեւ 100 հազար տոննայի»,- հավելում է Ա. Հովհաննիսյանը:
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն ԲԱՐԴՈՒԽ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ եւս հավաստիացնում է, որ հիմնականում մեր ձկնաբուծարանները ոչ ռացիոնալ են օգտագործում ջրային պաշարները: «Կա ինտենսիվ ձկնաբուծություն եւ ոչ ինտենսիվ: Իսկ ոչ ինտենսիվը, որ կիրառվում է այսօր, մեծ շռայլություն է մեր հանրապետության համար: Հիմա առաջարկ կա, որ ստուգումներ իրականացվեն, թե բոլոր ձկնային տնտեսություններն ինչպես են օգտագործում արտեզյան ջուրը: Եթե մեկ լիտրում կարելի է աճեցնել 10 կգ ձուկ, ուրեմն չի կարելի միայն 5 կգ աճեցնել»,- նկատում է Բ. Գաբրիելյանը:
Սակայն պարզվում է, որ ձկան արտադրության ծավալների մեծացման խոչընդոտող մի գործոն կա մեզանում. ձկան իրացման խնդիրը: Այսօր շուկայում ձուկը վաճառվում է կիլոգրամը 2000-3500 դրամով: Մի կողմից` մեզ 5000 տոննա ձուկը բավարար է, քանի որ թանկության պատճառով ավելին չի սպառվում, մյուս կողմից էլª մենք վատնում ենք մեր ջրային պաշարները քիչ արտադրելով` ջրային ավելի մեծ մակերեսներում:
Իսկ ինչու է ձուկն այդքան թանկ, դեռ ավելին` այն այս տարի կրկին թանկացավ: Այս հարցին Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ հիմնական պատճառը կերի թանկացումն է, որը գրեթե ամբողջությամբ` 95%-ով, ներկրվում է, սակայն հավելեց, որ դա ավելի շուտ պատճառաբանություն է, իսկ իրական պատճառը համընդհանուր թանկացումների ալիքն է: Իսկ ձկան ինքնարժեքը չի կարող թանկ լինել, քանի որ, բացի կերից, այլ ծախսեր համարյա թե չեն իրականացվում: «Արարատյան դաշտում, ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի, արտեզյան ջրերը բավական շատ են եւ ինքնահոսով են,- ասում է Բ. Գաբրիելյանը:- Դրա վրա էլեկտրականություն էլ չի ծախսվում, այսինքն` ձկան ինքնարժեքն ընկնում է: Եթե նույն ձուկն աճեցվի Ռուսաստանում, կարժենա 3 անգամ ավելի թանկ»:
Նա նշեց նաեւ, որ այս ջրային պաշարների անխնա օգտագործումը հանգեցրել է անգամ արտեզյան ջրերի ցամաքման դեպքերի: Մինչդեռ արտեզյան ջրերը որոշ գյուղական շրջաններում նաեւ խմելու ջուր են. «Ցավոք, որոշ ձկնաբուծարաններ անխնա են օգտագործում այդ ջրային պաշարները, ինչը հանգեցրել է Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի ծավալի կրճատմանը: Ըստ ինձ հասած տեղեկությունների` Արարատյան հարթավայրում, հատկապես Մասիսի եւ Էջմիածնի տարածաշրջաններում, կան արտեզյան հորեր, որոնք ցամաքել են: Դա խոսում է այն մասին, որ ստորերկրյա ջրային պաշարները նվազել են»:
Արդեն սկսված ջրաչափերի տեղադրման գործընթացը հնարավորություն կտա խուսափել ջրի անխնա օգտագործումից: Ինչպես նկատեց Ա. Հովհաննիսյանը, որոշ ձկնային տնտեսություններ օգտագործում են մի քանի անգամ ավելի շատ ջուր, քան իրենց անհրաժեշտ է:
Պարզվում է, որ մեր արտադրած ձուկը դժվար է իրացնել նաեւ արտահանմամբ: «Ճիշտ է, անցյալ տարվանից թույլտվություն եղավ ձուկը կրկին արտահանելու ՌԴ, քանի որ ժամանակավորապես փակ էր սահմանը` ՀՀ-ում արձանագրված ձկան հիվանդությունների պատճառով,- ասում է Ա. Հովհաննիսյանը:- Սակայն դա դեռեւս հնարավորություն չի տալիս կտրուկ ավելացնելու արտահանվող ձկան պաշարները. տարեկան արտահանում ենք մոտավորապես 100-150 տոննա: Սա շատ չնչին ցուցանիշ է: Մենք կարող ենք մինչեւ 3000-4000 տոննա ձուկ արտահանել ՌԴ»:
Ի դեպ, խնդիրը մեր ձկան պահանջարկի բացակայությունը չէ, ոչ էլ ռուսական շուկայի մրցակցությունը: Ինչպես հավաստեց Ա. Հովհաննիսյանըª հիմնական խոչընդոտը տեղափոխման խնդիրն է, որովհետեւ նրանք ուզում են թարմ կամ թույլ սառեցված ձուկ, որի տեղափոխումը բավական դժվար է հատուկ սառնարան-մեքենաների բացակայության պատճառով: «Կենդանի ձկան տեղափոխման համար արդեն հատուկ ջրային ավազաններ ունեցող մեքենաներ են անհրաժեշտ, որովհետեւ ջուրը պիտի անընդհատ պահպանի նույն ջերմաստիճանը, հարստացվի թթվածնով: Դա համարյա չլուծվող խնդիր է բավական երկար տարածքների տեղափոխման համար»,- ասում է Ա. Հովհաննիսյանը: Ուստիեւ հիմնականում արտահանում ենք սառեցված ձուկ: Որոշակի քանակությամբ կենդանի ձուկ արտահանում ենք Վրաստան:
Ինչ վերաբերում է Եվրոպա արտահանելուն, ապա այստեղ ծառանում է եւս մի խնդիր. եվրոպական, ավելի ստույգ` Եվրամիության չափորոշիչներին համապատասխանությունը: Պարզվում է, որ մինչ ձուկը շուկա թողնելը, նրանք այն մի լավ տնտղում են: Մասնավորապես, ինչ ջրում է բուծվել, ինչ դեղորայքով է այդ ջուրն ախտահանվել, վերջապես` ինչ համի միս է տալիս: «ԵՄ երկրներ թարմ եւ սառեցված ձկան արտահանման հարցում մենք ունենք բավական մեծ խնդիրներ: Դրա համար անհրաժեշտ է հետեւողական աշխատանք, որպեսզի մենք կարողանանք ԵՄ դիրեկտիվներին համապատասխան չափորոշիչներ սահմանել ձկնաբույծների նկատմամբ, կարողանանք նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովել ձկնաբուծարաններում, ինչպես նաեւ հսկողության եւ փորձաքննության ենթարկել մեր ջրերի, ձկան, ինչպես նաեւ ձկան կերի որակը` ԵՄ երկրներում հավատարմագրված լաբորատորիաներում»,- ասում է Ա. Հովհաննիսյանը: Ասել է թե հարկավոր է ապացուցել, որ ջրի մեջ ծանր մետաղներ, նիտրատներ եւ անցանկալի այլ նյութեր չկան: ԵՄ երկրներում կան մի շարք արգելված դեղամիջոցներ, որոնցով չի կարելի ձկան մսի կամ ջրերի ախտահանում իրականացնել: «Մենք, ցավոք, իմ ունեցած տեղեկություններով, օգտագործում ենք նաեւ նման դեղամիջոցներ, իսկ Եվրոպա արտահանելու համար պետք է բացառենք այդ դեղամիջոցներով ախտահանումը»,- ասում է Ա. Հովհաննիսյանը:
Ուրեմն ներկայումս մեր սպառողն է օգտվում այն ձկնամսից, որը հնարավոր է վնասակար նյութեր է պարունակում: Այդ դեպքում ի±նչ հետազոտություններ են կատարվում տեղական ձկնամիսը շուկա թողնելիս: Պարզվում է, որ եվրոպական չափորոշիչներին համապատասխանության վերաբերյալ հետազոտություններ մեզ մոտ չեն իրականացվում, որովհետեւ մենք չունենք այնպիսի լաբորատորիաներ, որոնք կկարողանան որոշել, ասենք, ծանր մետաղների, նիտրատների քանակությունը: «Ներկայումս հանրապետությունում 2-3 այսպիսի լաբորոտորիաներ կան, որոնց պոտենցիալը հնարավորություն կտա առաջիկայում` 1-2 տարուց, այդ հետազոտությունները կատարել»,- պարզաբանում է Ա. Հովհաննիսյանը:
Այսպիսով, եթե ցանկություն լինի ԵՄ ձկնամթերք արտահանել, ապա արտահանողը պիտի եվրոպական երկրներից մեկում այդ վերլուծությունը եւ հետազոտությունները կատարի, ինչը թե բարդ, թե ծախսատար գործընթաց է: Առանձին-առանձին կերի, ջրի եւ ձկան մսի անալիզների համար հարկավոր է 6-7 հազարական եվրո վճարել, ինչպես նկատեց Ա. Հովհաննիսյանը, իսկ նման ծախսերը հետագայում հնարավոր է, որ իրենց չարդարացնեն:
Ի դեպ, այժմ Հայաստանում ձկնարդյունաբերությունը չի սահմանափակվում միայն բուծմամբ, այլեւ պահածոյացում էլ է կատարվում: Այսպես, որոշ ձկնարտադրողներ արդեն ձեռք են բերել պահածոյացման սարքավորումներ, կարող են ձկան պահածո արտադրել, որը կարելի է նաեւ արտահանել: «Որոշ արտադրողներ փորձում են ապխտած ձուկ արտահանել: Ընկերություններից մեկը նման եղանակով ձկան փափկամիսը վակուումային փաթեթավորմամբ արտահանում է Ուկրաինա, ՌԴ: Այս եղանակով նաեւ արտահանվում է իշխան ձկան խավիարը: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաեւ թառափից ստացված սեւ խավիարը եւս փաթեթավորելու եւ արտահանել արտերկիր: Խավիարի արտահանման հետ կապված մենք խնդիր չենք ունենա»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Փաստորեն, եթե խելամիտ գներ եւ բիզնես հոտառություն ունենանք, ապա արտեզյան ջրերը վատնելով չենք զբաղվի եւ շուկայում ձկան գինը արհեստականորեն չենք բարձրացնի` գերշահույթներ ստանալու նպատակով, քանի որ ձկան ներքին սպառումն էլ կարելի է մեծացնել, օրինակ, պարզ` գնային խելամիտ քաղաքականություն վարելու շնորհիվ:
ԻՆՉՈՒ ՍԻԳՆ ԷԼ ՉԻ ԲՈՒԾՎՈՒՄ
Իրավունք
Ինչու ինչպես իշխանի պարագայում է ՀՀ-ում չեն բուծում նաեւ սիգ, որը վերացման եզին է: Պարզվում է, որ այս ձկնատեսակի արհեստական կամ առեւտրային եղանակներով բուծումը բարդ գործընթաց է: Ինչպես նշում է ՀՀ Գյուղնախարարության աշխատակազմի անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհոննիսյանը, սիգի բուծումը բավական բարդ եւ դժվար գործընթաց է, իշխանինը հեշտ է: «Կարող եմ ասել, որ Հայաստանում գրեթե 10 տնտեսություն կարող են իշխան ձկան Գեղարքունի տարատեսակը բուծել իրենց պայմաններում, այսինքն ունեն համապատասխան ինկուբատորներ եւ մայրական կազմ ունենալու դեպքում կարող են ստանալ բեղմնավորված ձուկ, ինկուբացնել եւ ստանալ մանրաձուկ` համապատասխան տարատեսակի եւ բաց թողնել Սեւան, կամ աճեցնել որպես ապրանքնային ձուկ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Սիգի հետ բավական բարդ խնդիր է, ինչպես նշեց Ա. Հովհաննիսյանը, անազատ պայամներում շատ բարդ է նրա ձվարտադրությունը կազմակերպելը: «Ցավոք սրտի մեր ձկնաբուծարանները չեն զբաղվում այս տեսակի ձկան բազմացմամբ: Սա բնապահպանական լուրջ խնդիր է, եւ կարծում եմ, որ Սեւանի լճի ավազանում գտնվող նախկին 4 ինկուբատորները` վերարտադրության նախիկն ձեռնարկություններն ունեն համապատասխան պայմաններ, եւ կարող են սիգ ձկան վերարտադրությամբ զբաղվել, եթե իհարկե համապատասխան ֆինանսական միջոցներ լինեն»,- պարզաբանեց Ա. Հովհաննիսյանը:
Կա կարծիք, թե հիմնական խնդիրը կերի հայթայթումն է, քանի որ սիգի արհեստական կերի ստացումը անհնարին է: Սակայն Ա. Հովհաննիսյանը հավաստեց, որ միայն կերը չէ, քանի որ Սեւանա լճի բնական կերային պաշարների վերականգնումը թույլ կտա, որ նաեւ որոշակիորեն կերի հարցը լուծվի: «Ունենք այլ խնդիրներ, որովհետեւ նախկինում Սեւան լճի ավազանում տեղակայված այդ 4 ձկանբուծարանների մի մասը այժմ չեն գործում, մի մասն էլ սեփականաշնորհվել է եւ հնարավոր է, որ այնտեղ ինչ որ սարքավորումներ բացակայեն: Մասնագետներ չկան, դա էլ է բարդություններ առաջացնում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Օգոստոս 27, 2010
